Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ապրիլ 02,2011 00:00

Հարգված գիտնականին անվանարկում են

Անցյալ դարի 90-ական թվականների սկզբներին քայքայվում էր կայսրությունը: Առանց ֆինանսավորման, միայնակ էին մնացել Հայաստանի 200 գիտահետազոտական ինստիտուտներ՝ 20 հազար գիտաշխատողներով, քայքայված տնտեսությամբ եւ խղճուկ բյուջեով: Որոշվեց ժամանակավորապես անցնել, այսպես կոչված, «թեմատիկ ֆինանսավորման», որպեսզի հնարավոր լինի փրկել հայկական գիտությունը վերջնական կործանումից, եւ ինչ-որ չափով ապահովել գիտական, հատկապես երիտասարդական ստորաբաժանումների գործունեությունը՝ մինչեւ «լավ» ժամանակների գալը: Թվում էր, թե այս դյուրաբեկ եւ զգայուն ոլորտի կառավարումը պետք է տրվեր ազնիվ եւ անկողմնակալ մարդկանց: Բայց պարզվեց, որ մեր գիտության համար բախտորոշ այդ «ռեֆորմը» պետք է իրականացնի ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտության վարչությունը՝ «գիտության մեծ ռեֆորմատոր» Հ. Կարապետյանի ղեկավարությամբ:
1993 թվականին, մեծավ մասամբ ԿԳ նախարար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վ. Գնունու, փոխնախարար, քիմիական եւ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Ա. Շահինյանի եւ գիտության վարչության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Բ. Կոզակ-Հարությունյանի սկզբունքայնության եւ համառության շնորհիվ, գիտության կառավարման խնդիրները վերջապես վերադարձվեցին ԿԳ նախարարությանը, սակայն ընդամենը մեկ տարով, քանի որ հաջորդ տարի Բ. Կոզակ-Հարությունյանին ստիպեցին հեռանալ աշխատանքից: Դրանից հետո գիտությունը դարձյալ վերադարձվեց էկոնոմիկայի նախարարություն՝ մեզ արդեն ծանոթ «ռեֆորմատորին»:
Բայց 1997 թվականին գիտությունը, այնուամենայնիվ, վերջնականորեն վերադարձվեց ԿԳ նախարարությանը, սակայն նույն Հ. Կարապետյանի հետ միասին՝ որպես փոխնախարար: Հավանաբար, վստահության քվե էր տրվել Կարապետյանին՝ նույն ոգով շարունակել իր «բարեփոխումները», բայց արդեն այլ նախարարության տանիքի տակ: Եվ ահա այստեղ, բարեբախտաբար, իր սկզբունքայնությունը ցուցաբերեց նոր նախարար Ա. Պետրոսյանը՝ չընդունելով այդ մարդուն: Ամենայն հավանականությամբ, կարծելով, որ իր նախաձեռնած «ռեֆորմների» շվայտանքի կասեցման հիմնական մեղավորը Ա. Շահինյանն է, Հ. Կարապետյանը չի կորցնում ոչ մի հարմար առիթ՝ փորձելով հնարավորինս անվանարկել հարգված գիտնականին: Նրա նմանների զգայական անհավասարակշռությունը հատկապես սուր կերպով դրսեւորվեց ՀՀ ԳԱԱ-ում վերջերս կայացած ընտրությունների կապակցությամբ, երբ քիմիա մասնագիտության գծով ակադեմիկոսի ընտրությունները բնութագրվեցին որպես «կոռուպցիոն», իսկ ընտրությունների արդյունքում ընտրված Ա. Շահինյանը՝ որպես դրա կրողի: Ա. Շահինյանի բեղմնավոր գիտական աշխատանքը իր արտացոլումն է գտել նրա 170 գիտական հոդվածների եւ մենագրությունների մեջ: Նա պատրաստել է բազմաթիվ գիտական կադրեր՝ գիտությունների 16 թեկնածու եւ 2 դոկտոր:
Գ. ՂԱԼԵՉՅԱՆ
ֆիզիկամաթեմատիկական
գիտությունների դոկտոր
Բ. ԿՈԶԱԿ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
կենսաբանական գիտությունների դոկտոր
Ա. ՏՈՆՈՅԱՆ
քիմիական գիտությունների դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել