Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջավախահայերը պահանջում են

Ապրիլ 02,2011 00:00

\"\"Ըստ նրանց՝ Հայաստանում ջավախահայերի պառակտվածությունը կարող է անձնական հողի վրա լինել, իսկ Ջավախքում հայերի պառակտվածության մեղավորը Հայաստանն է:

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներ Արտակ Գաբրիելյանն ու Վալերի Արաբյանը երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ Վրաստանը Զվիադ Գամսախուրդիայի նախագահության օրերից Ջավախքը հայաթափելու եւ վրացականացնելու ծրագիր է իրականացնում, Միխայիլ Սահակաշվիլու օրոք ծրագիրը նոր թափ է ստացել, իսկ Հայաստանի իշխանություններն էլ չեն ուզում սատարել Ջավախքին: Բանախոսները նախ ասացին, որ լրագրողների օգնությամբ կցանկանային պարզել, թե ինչու են ՀՀ կառավարիչները Ջավախքի հարցում չուզող, ապա հավելեցին, որ երեւի Հայաստանը այդպես է վարվում խնդիրներ չունենալու համար՝ «Հայաստանը պարտվողական եւ զիջողական քաղաքականություն է վարում»: Ի հավելումն սրան, թուրքերն են բավականին ակտիվ Ջավախքում, ակտիվ առեւտուր են անում, տներ եւ տարածքներ գնում:
Հայաստանի առանձին քաղաքացիներ Ջավախքում ներդրումներ անում են. ՀՀ ԱԺ փոխնախագահներից մեկն է գործարան կառուցել, ծագումով ջավախեցիները օգնում են իրենց հարազատ գյուղին, կան նվիրատվություններ, բայց, ըստ բանախոսների, «հստակ պետական քաղաքականություն է պետք, Հայաստանը Ջավախքին չի օգնում ինչպես հարկն է»:
Ջավախահայերը նաեւ կոնկրետ պահանջներ են ներկայացնում թե Վրաստանին, թե Հայաստանին: Առաջինին՝ Ջավախքին ինքնավարություն, հայերենին Ջավախքում՝ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ: Հայաստանից էլ պահանջում են պարզեցնել հայ-վրացական սահմանը հատելու ռեժիմը:
Անցած շաբաթ Վրաստանում էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր վրացի գործընկերոջ հետ Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերը ավելացնելու պայմանավորվածություն է ձեռք բերել: «Եթե նախկինի չափ հայերենի դասեր լինեն՝ ողջունելի է, բայց ճնշումներն այնքան շատ են, որ չեմ կարծում, թե որեւէ դպրոցում հայ ժողովրդի պատմություն կդասավանդեն»,- նկատեց Արտակ Գաբրիելյանը:
Աշոտյանի այցից առաջ եւ հետո լուրեր կային, որ Վրաստան է այցելելու նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս առթիվ ջավախահայերը նախ հիշեցին, որ Ջավախք այցելած վերջին կաթողիկոսը Խրիմյան Հայրիկն էր, ապա ասացին. «եթե կաթողիկոսը պետք է այցելի Վրաստան առանց Ջավախքում լինելու, այցը անիմաստ է»: Այցը ձգձգվում է:
Այսօր Հայաստանում ապրում է 600 հազար ջավախեցի, ծնունդով ջավախեցիներ կան ՀՀ իշխանության բոլոր բարձր օղակներում, սակայն նրանք, մեղմ ասած, անհաշտ են, իրար չեն ընդունում: Արտակ Գաբրիելյանի եւ Վալերի Արաբյանի համար այս պառակտվածությունը հասկանալի չէ, քանի որ Ջավախքի հարցում Հայաստանի ջավախահայերը նույն բանն են ասում. «միգուցե անձնական խնդիրներ կան»: Անհաշտություն կա նաեւ հենց Ջավախքում: «Եթե Հայաստանից խանգարողներ չլինեն, Ջավախքը միասնական կլինի: Ոմանք Երեւանում նստած Ջավախքի մասին հայտարարություններ են անում՝ առանց ջավախեցու կարծիքը հաշվի առնելու: Ջավախքը պետք է դառնա հայ-վրացական բարիդրացիության կամուրջ, մինչդեռ այսօր Ջավախքը գործիք է»,- հայտարարեցին ջավախահայերը:
Ջավախահայության խնդիրների մասին պարբերաբար հայտարարություններ է անում նաեւ «Ռուսաստանի ջավախահայերի միություն» անունով մի կազմակերպություն: Ջավախահայեր Արտակ Գաբրիելյանն ու Վալերի Արաբյանն ասացին, որ լսել են դրա մասին, բայց նման կազմակերպություն չեն ճանաչում, չգիտեն, թե ովքեր են ղեկավարները:
Բանախոսները ասացին, որ Վրաստանում ազգային ինքնությունը պահպանելու խնդիր ունեն նաեւ ադրբեջանցիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել