Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՏ-ն եւ ՊՆ-ն կհամագործակցե՞ն

Ապրիլ 02,2011 00:00

«Ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, որը կարող է էապես բարձրացնել մեր բանակի կարողություններն ու մարտունակությունը, սերտորեն կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ նորարարական ձեռքբերումների հետ»,- երեկ ՀՀ ՊՆ-ում հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը նախարար Օհանյանին տեղեկացրել է, որ այսօր ՏՏ ոլորտում կան շուրջ 300 ընկերություններ, որոնք պատրաստ են համագործակցել ՊՆ-ի հետ: Ըստ նրա, Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների կարողություններն այսօր օգտագործում են նաեւ այլ երկրների ռազմաարդյունաբերական ընկերությունները:
Ս. Օհանյանը չի մոռացել շեշտել, որ ռազմական տեխնոլոգիաների զարգացումը կբարձրացնի բանակի մարտունակությունը, եւ զինված ուժերում պետք է օգտագործել բանակ զորակոչված ՏՏ ոլորտի շնորհալի մասնագետների կարողությունները. «Կարեւոր է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացումը, նոր միջոցներով հագեցումը, ինչպես նաեւ համապատասխան նորարարությունների մշակումը, որոնց ուղղությամբ մեր երկրում համապատասխան աշխատանք է իրականացվում»: Նա նշել է նաեւ, որ ՏՏ ոլորտի մասնագետները պետք է մասնակցեն նաեւ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների մասնագետների որակավորման բարձրացմանը: Կ. Վարդանյանը հավելել է նաեւ, որ իրենք նպատակ ունեն մի քանի տարի հետո արդյունքներ արձանագրել այլ՝ մասնավորապես կրթության եւ զենքի արտադրության ոլորտներում, բայց. «Այսօր բազմաթիվ նախարարություններում, այդ թվում՝ ԿԳՆ-ում, վերմակն ամեն մեկն իր վրա քաշելու երեւույթ է նկատվում, որը չի թողնում արդյունք ստանալ»: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրենց օգտագործած, սակայն ամբողջ հզորությամբ աշխատող համակարգիչները նվիրել ՊՆ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել