Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջրի սակագինը կնվազի՞

Ապրիլ 02,2011 00:00

«Երեւան ջուր» ընկերության սպառողների համար հնարավոր է հունիսի 1-ից խմելու ջրի սակագները 6 դրամով նվազեն: Ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել 2011-2012թթ. համար ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների առաջարկը: 1խմ խմելաջրի սակագինը, որն այսօր կազմում է 181 դրամ, ընկերությունը նախատեսել է հասցնել 175,06 դրամի: Երեկվա ասուլիսում ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանն ասաց, որ մեծածախ սպառողների համար էլ սակագինը կնվազի 20 դրամով: Նրա խոսքով, ամեն տարի ջրի սակագինը ճշգրտելիս հաշվի են առնում ջրի սպառման ծավալները, գնաճը, էլեկտրաէներգիայի գինն ու դոլար-եվրո փոխարժեքը: Պարոն Մարգարյանի խոսքով, ջրի կորուստները ահռելի չափերի են հասնում: Միայն նախորդ տարի մայրաքաղաքում ջրակորուստները հասել են 82-83%-ի. «Ջրակորուստների 50%-ը արձանագրվում է բազմաբնակարան շենքերում՝ մուտքի ջրաչափից մինչեւ սպառողը, բայց այդ հատվածը մեր պատասխանատվության տակ չէ»,- ասաց նա:
Իսկ այն հարցին, թե ո՞վ է պատասխանատու ջրակորուստների համար, պարոն Մարգարյանը պատասխանեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ հստակեցված է՝ ընդհանուր ջրաչափերի տեղադրմամբ ավարտվում է ընկերության պատասխանատվությունը, եւ սկսվում է համատիրության կամ բաժանորդի պատասխանատվությունը. «Մենք չէ, որ պետք է վերահսկենք, համատիրությունը ջուրը ջրամատակարարից գնում է, ու թե ինչպես է այն բաժանորդներին բաժանում, ով է վճարում, ով չի վճարում, կամ անբարեխիղճ են օգտագործում, դա արդեն ջրամատակարար ընկերության գործը չէ, համատիրության խնդիրն է»: Պարոն Մարգարյանը վստահեցրեց, որ ջրի որակը մշտապես իրենց վերահսկողության տակ է, շեղումների տոկոսը բավականին ցածր է, ու որակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
«Երեւան ջուր» ընկերության ներկայացուցչի խոսքով, 2006թ. 10 տարով ստանձնելով Երեւանի ջրամատակարարման պատասխանատվությունը՝ պարտավորվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովել բնակչությանը: Նրա խոսքով, Երեւանում այսօր ջրամատակարարման շարունակականությունը կազմում է 22 ժամ, իսկ պայմանագրային հինգերորդ տարվա համար դա լավ ցուցանիշ է: Պարոն Մարգարյանի խոսքով, այն գերազանցում է վարձակալական պայմանագրով նախատեսված ցուցանիշը, որով սահմանված էր, որ հինգերորդ տարվա համար ջրամատակարարման միջին գրաֆիկը պետք է 19,8 ժամ լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել