Քաղաքապետարանը որոշել է տուրիստներին ու սպառողներին կողմնորոշել, թե որ օբյեկտն է լավը, որը՝ վատը
Օրերս Երեւանի ավագանին որոշել է, հյուրանոցների պես, այսպես ասած՝ «աստղեր» տալ մայրաքաղաքի բարերին, սրճարաններին, ռեստորաններին ու առեւտրի սպասարկման կենտրոններին: Ինչպես քաղաքապետարանն է պատճառաբանել՝ նպատակն այն է, որ զբոսաշրջությունը զարգանա, մարդիկ կարողանան ճիշտ ընտրություն կատարել՝ որ սուպերմարկետն է լավ, որը՝ վատ: Իհարկե, դժվար է հավատալ, որ մի քանի խանութի կամ բարի վրա փակցված որակի հավաստագրով պետք է «կլաս» ցույց տանք, որովհետեւ եթե զբոսաշրջիկի մտքով անցնի Եռաբլուր այցելել, ինչը շատ հաճախ է տեղի ունենում, միայն Շահումյանի քարուքանդ փողոցները բավական են՝ մեր երկրի մասին պատկերացում կազմելու համար:
Ավագանու այդ որոշման ամենաուշագրավ հատվածը ծախսային մասն է. «Ենթադրվում է բյուջետային հատկացում՝ 5 մլն դրամի չափով, որն անհրաժեշտ է «Որակի բարձրագույն աստիճան» եւ «Որակի առաջին աստիճան» խորագրով հավաստագրերի տպագրության, ռելիեֆային ցուցատախտակների պատվիրման համար»։ Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն ավագանին, պատճառաբանելով, որ բյուջեում փող չկա, տանը շուն ու կատու պահողներից 5000 դրամ պետտուրք էր ուզում գանձել, իսկ հիմա բյուջեից 5 մլն դրամ ծախսվում է՝ մի քանի բիզնեսմենների օբյեկտի վրա ցուցանակ տեղադրելու համար: Դա առաջին հերթին պետք է հետաքրքրի հենց իրենց՝ տնտեսվարողներին, ուստի տարօրինակ է, որ բյուջեից է գումար ծախսվում դրա համար, այն դեպքում, երբ Երեւանում այնքան անհրաժեշտ ծախսեր կան, որ տարիներ ի վեր չեն արվել:
Հաշվի առնելով, թե ինչպես է որոշվելու տվյալ օբյեկտի որակը, արդեն կարելի է կռահել, թե մոտակա ժամանակներս ում օբյեկտների ճակատն են զարդարելու այդ հավաստագրերը. առեւտրի օբյեկտներից՝ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի «Երեւան Սիթիներինը», Արտակ Սարգսյանի «ՍԱՍ»-ինը, Գրիգոր Մարգարյանին պատկանող «Բելաջո» ռեստորանինը եւ այդպես շարունակ:
Ավագանու սահմանած որակավորման աստիճանների չափորոշիչները հետեւյալն են. օրինակ, առեւտրի կենտրոնները բարձր որակավորման աստիճան ստանալու համար պետք է ունենան նորմալ լուսային ցուցանակ, կանաչապատ, բարեկարգ տարածք՝ նրբաճաշակ գեղազարդային տարրերով, ճաշակով ջահեր, վարագույրներ, հաշմանդամներին սպասարկելու համար թեքամուտքեր, սայլակով տեղաշարժվելու մատչելիություն, առաջնային բուժօգնության անվճար կամ վճարովի ծառայություն, օդափոխության լավ համակարգ, տպագիր բուկլետներ, լոգո, պետք է վաճառեն ոչ միայն կիսաֆաբրիկատ եւ պատրաստի ուտեստներ՝ մսեղենից, ձկնեղենից, թռչնի մսից, բանջարեղենից, այլեւ ունենան դիետիկ սննդամթերք: Կարեւոր է նաեւ սպասարկող անձնակազմի քանակը, որակը, հագուստը, լեզուների իմացությունը, սպառողի պատվերով պետք է տաքսի կանչեն, տարածքը նկարահանեն: Բարերի ու ռեստորանների դեպքում՝ ֆիրմային անձեռոցիկներից սկսած մինչեւ ազգային ուտեստները, երաժշտության որակը կապ ունեն: Ըստ օբյեկտի հավաքած բալերի՝ կորոշեն որակի առաջի՞ն, թե՞ բարձրագույն աստիճան տալ: Որակի բարձրագույն աստիճան ստանալու համար առեւտրի կենտրոնները 86-90 բալ պետք է հավաքեն, «Որակի առաջին աստիճանի» կոչում ստանալու համար՝ 81-85 բալ, մթերային խանութի համար 77-81 բալը բավարար է՝ բարձրագույն որակավորման համար:
Ենթադրվում էր, որ որակավորման կարգը ստանալու համար տնտեսվարողն էլ պետք է դիմումի համար որեւէ գումար մուծի, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է պետությունը ռեսուրս ծախսի ու ամեն դիմումատուի օբյեկտ մանրամասն քննության ենթարկի, փաստաթղթեր պահանջի, կահավորում-մահավորումը ստուգի ու կարգ տա կամ չտա: Այդպես ամեն երկրորդը կարող է դիմել պետությանը:
Քաղաքապետարանից խոստացան պատասխանել այդ որոշման հետ կապված «Առավոտի» հարցերին: Մենք հետաքրքրվել ենք նաեւ, թե ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու՝ տվյալ «օբյեկտի գեղազարդային տարրը» նրբաճաշա՞կ է, թե՞ ոչ, քանի որ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, ու ցանկացած ռեստորանատեր կվստահեցնի, որ իր կահույքից, իր վարագույրներից ու իր արձանիկներից ավելի ճաշակով չկա, դա արտադրվել է հատուկ իր ռեստորանի համար, դրանից մեկ էլ Դուբայի թագավորն ունի: