Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԾԵՐԻՆ ԼՍՈՂ ԼԻՆԵՆՔ

Ապրիլ 02,2011 00:00

\"\"Իսրայել Օրին, Թումանյանը, Իսահակյանը, Տիգրան Սարգսյանը, Խորեն Թռչունիչը, գյուղն ու աստղագիտությունը

– Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության՝ ՀԱԿ-ի հանրահավաքների գարնանային փուլին:
– Ես աշխատում եմ այդ կառույցի մասին առհասարակ չխոսել, ոչ դրական, ոչ բացասական, ոչ մի բառ չասել: Աշխատանք է, թող տանեն: Տեսնենք, թե վերջն ինչ կլինի:
– Ինչո՞ւ եք խուսափում խոսել Կոնգրեսի մասին:
– Եթե ես փորձեմ արժեւորել նրանց՝ սխալ դուրս կգամ, քննադատել՝ նորից սխալ կլինեմ: Այս դեպքում լռությունը լավագույնն է:
– 2009-ի կեսերին ասում էիք, որ պատրաստվում եք ավելի ակտիվ գործունեություն ծավալել, ի՞նչ եղավ:
– Ես արդեն ակտիվ գործում եմ, տարբեր շրջաններում եմ լինում, ժողովրդի հետ եմ հանդիպում՝ ինչպես իշխանությունները, ընդդիմությունները, Խորեն Թռչունիչն էլ: Ուզում եք սա ընտրապայքար համարեք, ինչ անուն ուզում եք՝ դրեք:
– Դուք որպես անհա՞տ եք ակտիվացել, թե՞ ինչ-որ քաղաքական ուժի շրջանակներում:
– Ես կոմունիստ եմ, իբրեւ կոմունիստ եմ հանդես գալիս՝ այնքան ժամանակ, մինչեւ կգա ժամանակը, եւ ես կասեմ, թե ում հետ եմ իմ պայքարը շարունակելու:
– Չե՞ք ցանկանում թովմասյանական կոմկուսի հետ վերականգնել Ձեր հարաբերությունները:
– Թովմասյանական կոմկուսն իմ կոմկուսն էլ է, Թովմասյանինը չէ կամ մեկ ուրիշինը, կոմունիստական կուսակցություն է, բոլորինս է: Տա աստված, Թովմասյանը կարողանա այնպես անել, որ կուսակցությունն այն աստիճանի հասնի, որ պառլամենտում պատգամավորներ ունենա: Եթե իրենք այդպիսի ծրագրեր ունեն՝ ես կկանգնեմ այդ կոմունիստների կողքին, բայց չգիտեմ, թե իրենք ի՞նչ են մտածում, ինչպե՞ս կվարվեն:
– Սոցիալիստական կամ սոցիալիստական անվանում կրող բոլոր ուժերը անընդհատ ինչ-որ միջոցառումներ են կազմակերպում, համագործակցության ձեւեր ու ֆորմատներ են ուզում գտնել, բայց արդեն տասնամյակից ավելի Հայաստանում ձախ ուղղվածության դաշտը ոչ թե համախմբվում, այլ գնալով պառակտվում եւ թուլանում է: Ի վերջո՝ ամեն տեսակ ամբիցիաները մի կողմ դնելու ժամանակը չէ՞:
– Իմ խնդրանքը բոլորին դա է, որ համախմբվեն: Ես չգիտեմ՝ դա հայկական հիվանդություն է, թե ուրիշ երկրներում էլ կա, բայց մարդիկ այդպես էլ չեն կարողանում միավորվել: Ներքին օղակները երկու ձեռքով կողմ են միավորման, վերեւները՝ ոչ: Իմ կարծիքով, վախենում են կնիք կորցնելուց: Ներքեւները ցանկանում են, վերեւները չեն կարողանում:
– «Ժառանգության» գործունեության մասին ի՞նչ կասեք:
– Իբրեւ այս երկրի քաղաքացի՝ ես իմ պարտքն եմ համարել հացադուլի օրերին հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ ասել այն, ինչը որ կասեր ցանկացած մարդ՝ դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ձեւեր էլ կան, ու ինքը կարող է պառլամենտում շարունակել իր պայքարը: Թե ի՞նչ մտադրություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չգիտեմ: Էսօր ոչ մեկ բացեիբաց չի ասում՝ էս բանն էսինչի համար եմ անում: Ավելի լավ է՝ պառլամենտում պայքար տանել, բայց դե, երեւի այդ մարդը մտածում է, որ հացադուլն ավելի ձեռնտու է:
– Դուք բավականին քաղաքական փորձ ունեք՝ ի՞նչ եք մտածում, վերջն ի՞նչ է լինելու:
– Փոքր ազգերը միշտ էլ մեծերի ձեռքի խաղալիքն են: Ամեն մի տված կոպեկը իր ցանկությունն է բերում, թե՝ այս երկրում ինչ անեն: Եթե գումար են դնում կրթության վրա՝ իմացեք, որ կրթության մեջքը ջարդելու են, գյուղատնտեսության վրա են ուզում դնել՝ հիմա էլ գյուղատնտեսության ջարդված մեջքն են ջարդելու: Սա նման է որբին մի կտոր հաց տալուն: Տա Աստված, որ այդ մեծերից այնպիսիներին ընտրենք, որ իրենց մեծությամբ կարողանան այս երկրին տեղ տալ, պաշտպանել, մինչեւ այս երկիրը իր տեղը գտնի:
– Ձեր ասած մեծերից մեկն էլ Ռուսաստանն է, Դուք էլ ռուսամետ եք:
– Դրա համար էլ ասում եմ՝ իմանանք, թե ում ենք ինչ տալիս: Ես ավելի խելոք չեմ լինի, քան Իսրայել Օրին, քան Թումանյանը, Իսահակյանը: Մեր մեծերին պետք է լսենք: Ես չեմ ուզում, որ մեր երկիրը երկու լարի վրա խաղա: Երկու լարի վրա խաղացող լարախաղացը օրերից մի օր լարերից կընկնի ու կդառնա ծաղրածու: Ես չեմ ուզում, որ դա լինի:
– Ձեզ դուր եկա՞վ, որ նախագահը ձեռքը խփեց սեղանին ու վարչապետին, նախարարներին ասաց՝ կգնաք գյուղերը, գյուղացու հոգսին կծանոթանաք, գյուղը ոտքի կկանգնեցնեք:
– Նախ՝ չպետք է հասներ այս մակարդակին՝ գյուղը լրիվ մահանար, նոր նախագահը ձեռքը սեղանին խփեր: Գյուղն այնպիսի բան է, որ վարչապետը պետք է գյուղից լինի, փոքր ժամանակ պետք է անասուն պահած լինի, բոստան փորած, որ հասկանա, թե ինչ է գյուղատնտեսությունը: Բայց մեր վարչապետը գյուղից այնքան է հեռու, ինչքան ես՝ աստղագիտությունից: Եթե գյուղը չաշխատեց՝ էդ երկիրը երկիր չի դառնա, քաղաքը չի ապրի:
Սա նախագահի խնդիրն է՝ թող մտածի: Ինչո՞ւ էր գյուղատնտեսությունն առաջ այդքան լավ վիճակում: Եթե գոնե վարչապետը տեղացի էր, նրա տեղակալներն էին գյուղի մարդիկ: Ալեքսեյ Մատվեյիչը ամեն գյուղի կթվորին էլ էր ճանաչում: Կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Երվանդիչը բոլոր նախագահներին էլ էր ճանաչում, բանվորներին էլ: Վարչապետին չեմ ասում, ինքը իրեն հեռու է պահում, բայց նախագահը կոմունիստական, կուսակցական «շկոլա» անցել է, դաստիարակվել է, էդ փորձերը պետք է ունենար եւ ոչ թե երեք տարի հետո, այլ հենց առաջին տարվա մեջ պետք է ձեռքը խփեր սեղանին: Բայց էլի ուշ չէ, ոչինչ: Սպասենք արդյունքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել