ԱՄՆ սննդամթերքի ու դեղամիջոցների խորհուրդը եկել է այն եզրակացության, որ մենթոլով ծխախոտի վաճառքի դադարեցումը դրական ազդեցություն կունենա հանրային առողջության վրա: Խորհրդի հետազոտությունները, որոնք տեւել են 1 տարի, ցույց են տվել, որ մենթոլը ծխախոտն ավելի գրավիչ է դարձնում սկսնակների համար եւ դժվարացնում է նրանից հրաժարվելը: Խորհրդատուները պատրաստվում են պաշտոնական հաշվետվություն ներկայացնել մարտի 23-ին կայացած նիստի արդյունքների մասին: Այն ներառելու է մենթոլով ծխախոտի վաճառքը արգելելու մասին առաջարկ, ինչպես նաեւ առաջարկ այն մասին, որ հարկավոր է անցկացնել լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու, թե ինչքանով այս քայլն արդյունավետ կլինի: ԱՄՆ սննդամթերքի ու դեղամիջոցների կենտրոնի տնօրեն Լորենս Դեյթոնի խոսքերով՝ հաշվետվության քննարկման նախնական արդյունքները կհրապարակվեն 90 օր հետո: Արգելքի ընդունման համար ժամանակային սահմանափակումներ չկան:
Ծխախոտի ԱՄՆ երկու խոշորագույն արտադրողներ՝ «Lirillard»-ը եւ «Reynolds»-ն արդեն բողոք են ներկայացրել դատարան, պահանջելով ԱՄՆ սննդամթերքի ու դեղամիջոցների կոմիտեին չընդունել խորհրդի նախագիծը: Որպես պատճառ նշված է շահերի բախումը: Դատարանը դեռեւս որոշում չի կայացրել:
Պաշտոնական տվյալներով՝ մենթոլով ծխախոտը կազմում է ԱՄՆ ողջ ծխախոտի վաճառքի 30%-ը, այսինքն՝ տարեկան 85 մլրդ դոլար: