Ապացուցեք, թե որքան ուշադիր եք
Տղամարդիկ ասում են՝ կանայք ականջներով են սիրում: Սա վիրավորական է, բայց նաեւ ճշմարտության տարրեր է պարունակում իր մեջ, որովհետեւ գեղեցիկ սեռը շատ է սիրում, երբ իր հասցեին հաճոյախոսություններ է լսում: Իսկ գիտեք, թե ինչո՞ւ են կանայք այդքան կարեւորում հաճոյախոսությունները: Կարելի է ասել, որ կանանց հաճոյախոսելով՝ տղամարդիկ մեկ հարվածով երկու նապաստակ են սպանում՝ բավարարում են կնոջ սատարման, ինչպես նաեւ հիացմունքի պահանջը: Պարզվում է՝ հաճոյախոսության արդյունավետությունը ավելի ուժգին է դառնում այն ժամանակ, երբ կանանց որեւէ հաճելի բան ասելով՝ բարձրացնում եք նրա անհատականությունը որպես կին:
Հոգեբաններն ասում են, որ հաճախ ժամանակին ընտրված ճիշտ խոսքերը կարող են հաջող ծանոթությունների, գայթակղությունների պատճառ դառնալ եւ վերջապես կարող են նոր լիցք հաղորդել արդեն ծավալված հարաբերություններին: Եթե զույգերը միասին են արդեն մի քանի տարի, դա չի նշանակում, որ պակասել է կնոջ՝ հաճոյախոսություններ լսելու պահանջը: Կանանց հետ շփումներում փորձառու տղամարդիկ կարծում են, որ հաճոյախոսությունը համեմունք է հարաբերություններում: Դրանք այն խոսքերն են, որոնք օգնում են կնոջը զգալու տղամարդու ցուցաբերած ուշադրությունը, այսինքն՝ թե որքանով է վերջինը հետաքրքրված իրենով:
Տղամարդիկ կարծում են, որ ոչ բոլոր կանայք են նախընտրում լսել հաճոյախոսություններ, սա պայմանավորված է որոշակի բարդույթներով: Այսպիսի կանանց ճիշտ կլինի գործով ապացուցել իրենց հանդեպ ունեցած հետաքրքրությունը:
Իսկ թե ինչպիսի հաճոյախոսություններ պետք է անել, սա արդեն մտածելու տեղիք է տալիս: Եթե տղամարդն ուզում է հաջողությունների հասնել կանանց հարցում, ապա նախեւառաջ կնոջ ականջին պետք է միշտ շշնջա, որ նա բոլորից տարբերվում է: Գովաբանեք կնոջը ցանկացած պարագայում: Տղամարդիկ, այն՝ ինչը հաճելի է ձեր աչքերի համար, դա էլ անհրաժեշտ է գովել, լինի դա նոր հագուստ, պայուսակ, սանրվածք, նրա հաճելի ժպիտը: Հոգեբանները գտնում են, որ հաճոյախոսելը անհրաժեշտ է հատկապես տոնական օրերին: Այս օրերին կինը անպայման կցանկանա գեղեցկանալ՝ նոր հագուստ կրելով, ոչ սովորական սանրվածքով: Այստեղ պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի ճիշտ ժամանակին նկատեք եւ հաճոյախոսեք փոփոխությունները: Նույնիսկ ամենավստահ կինը կարիք ունի հաստատման այն բանի, որ ինքը գրավիչ է:
Տղամարդը պետք է միշտ իր ընտրյալին բոլորից առանձնացնի: Եվ մի բան էլ, հարգելի տղամարդիկ, եթե հաճոյախոսում եք նոր ծանոթ կնոջ, ապա աշխատեք քիչ կատակել, հատկապես նրա արտաքինի վերաբերյալ, դա կարող է ճիշտ չընկալվել, որովհետեւ տվյալ կինը դեռ ձեզ լավ չի ճանաչում:
Կնոջը հաճոյախոսելու բազմաթիվ որակներ կան՝ օրինակ նրա կանացիությունը, բարյացակամությունը, էլեգանտությունը, խելացիությունը, դյութիչ ձայնը, համբերատարությունը, կարեկցանքը, հոգատարությունը եւ այլն: Հարգելի տղամարդիկ, ձեզնից պահանջվում է լինել ուշադիր, նկատել եւ անընդհատ արտահայտվել՝ համեմելով ձեր հարաբերությունները կանանց այդքան անհրաժեշտ, գեղեցիկ եւ հաճելի խոսքերով:
Շատ տղամարդիկ կարծում են, որ անընդհատ հաճոյախոսելը անհետաքրքիր է դառնում, բայց, ցավոք, այս կարծիքի տեր մարդիկ սխալ են, որովհետեւ հաճոյախոսությունը ուշադրության նշան է:
Հաճոյախոսել, ցավոք, ոչ բոլորն են կարող: Հաճոյախոսելիս կարեւորը անկեղծությունն է:
Կեղծավորություն մի արեք, քանի որ ցանկացած կեղծիք կանանց կողմից ընդունվում է ավելի վատ, քան սուտը: Տղամարդիկ, ուշադիր եղեք, եթե չարաշահեք ստանդարտ բառերի օգտագործումը, ապա ոչ ոք ձեզ չի հավատա: Հաճոյախոսության մեջ ավելացրեք առանձնահատկություն, որը բնորոշ է այն կնոջը, որին հղում եք այն:
Տղամարդիկ, հիշեք, ոչ ձեր կնոջը, ոչ էլ այն կնոջը, որի հետ նոր եք ծանոթացել, չի կարելի ասել՝ դու այսօր շատ հմայիչ ես կամ դու այսօր գեղեցիկ ես: Այս արտահայտությունները ուղղակի չեն ընդունվի եւ հավատացած եղեք, նրանք կմտածեն, որ երեկ դուք իրենց հմայիչ չեք համարել:
Հաճոյախոսել պետք է հաստատուն եւ բարյացակամ տոնով, առանց ավելորդ ժեստերի ու դերասանական խաղի: Եվ ամենակարեւորը՝ առիթը բաց մի թողեք հաճելի դարձնելու ձեր ընտրյալի օրը: Բացահայտեք կնոջ մեջ թաքնված առավելությունները, որոնք արժանի են հաճոյախոսության: Ամենակարեւոր հանգամանքն էլ թերեւս այն է, որ հաճոյախոսությունները պետք է լինեն տեղին եւ ժամանակին: