Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի մեկնարկն արդեն տրվել է: Ընտրական տասը խմբերից երեքում արդեն կայացել է մեկական հանդիպում. Կիպրոսը 6:0 հաշվով հաղթել է Սան-Մարինոյին, Թուրքիան՝ Լիխտենշտեյնին՝ 6:1, իսկ 3-րդ խմբի Անդորրա-Ուելս խաղում գրանցվել է 0:1 հաշիվ: Հենց այս խմբում էլ ընդգրկված է Հայաստանի երիտասարդական հավաքականը: Նախորդ մրցափուլում մեր տղաներին ընդամենը մեկ քայլ չբավականացրեց խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու եւ ուղեգիր նվաճելու համար: Այդ թիմը, իրավամբ, հաճելի ֆուտբոլ ցուցադրեց մրցաշարի երկրորդ կեսում ու միանշանակ հիացմունքի եւ գովասանքի խոսքերի էր արժանի: Սակայն մրցաշարն ավարտվեց, մերոնք առաջ չգնացին ու դեռ դոփում են տեղում, քանի որ դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլեւի հեռանալուց հետո, մնացել են առանց գլխավոր մարզչի: Ասել է թե՝ մրցաշարը մեկնարկել է, իսկ մերոնք դեռ «օդում կախված» վիճակում են: Իհարկե, կարելի է հիշել ու արդարանալ, թե Հայաստանի երիտասարդական հավաքականի համար մրցաշարը քիչ ավելի ուշ է մեկնարկելու՝ հունիսի 7-ին, Մոնտենեգրոյի հետ երեւանյան խաղով, սակայն դա միայն գործին անլուրջ մոտեցման մասին կփաստի: «Առավոտը» փորձեց ճշտել, թե մինչեւ ե՞րբ է նախատեսվում այս անորոշ վիճակն ու արդյո՞ք ավագ մարզչի պաշտոնի թեկնածուներ կան: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ առայժմ ոչինչ հայտնի չէ՝ գոնե իրենց:
Դեռ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահը խոսել էր այս թեմայով՝ նշելով, որ ցանկանում է երիտասարդական հավաքականի մարզիչ բերել արտասահմանից եւ երկու թեկնածու ունի: «Նրանցից մեկի մասին ես ուղղակի երազում եմ եւ չորս տարուց ավելի փորձում եմ նրան Հայաստան բերել: Նա իր երկրում ֆուտբոլային հեղափոխություն է արել: Անուններ չեմ կարող ասել ոչ թե գաղտնիք պահելու, այլ՝ ազատ բանակցելու հնարավորություն ունենալու համար: Եթե այդ երկուսից մեկը ստացվի, լավագույն լուծումը կլինի մեր ֆուտբոլի համար»,- նոյեմբերի 27-ին հայտարարել էր Ռուբեն Հայրապետյանը: Մինչ օրս էլ, փաստորեն, սպասում ենք լավագույն լուծումներին ու ժամանակներին: Ու սպասմանը զուգահեռ, վերականգնում հին հայկական ֆուտբոլային հիվանդությունը, որի գլխավոր ախտանիշը խաղից հաշված օրեր առաջ մարզչի նշանակումն էր… Թե դրանից որքան ենք շահել կամ հետքայլ արել՝ գիտեն միայն պատմությունը ու… ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուները, ովքեր պարբերաբար խոսում են այն մասին, որ երիտասարդական հավաքականը պիտի ռեզերվներ պատրաստի ազգային թիմի համար ու մի շարք այլ «պիտի»-ներ, բայց դրանց արանքում գրեթե միշտ մոռացվում է, որ նույն այդ ռեզերվը պիտի տեղավորվի համակարգի մեջ, երիտասարդ ֆուտբոլիստն էլ՝ ազգային հավաքականի կազմում դաշտ դուրս գալով՝ չպիտի չինական այբուբենում խճճված անփորձ մեկին հիշեցնի… Իսկ այդ ամենից խուսափելու համար երկու անհրաժեշտ նախապայման է հարկավոր բավարարել՝ միասնական, ընդհանուր խաղային ձեռագրի ու համակարգի առկայություն (ընդ որում՝ մանկապատանեկան ֆուտբոլից սկսած) եւ՝ հնարավորինս շատ խաղային պրակտիկա: Ինչպես երեւում է, երկուսն էլ բացակայում են կամ, մեղմ ասած, բավարար մակարդակի չեն: Հետեւությունները թողնում ենք ձեր հայեցողությանը: