Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամը խոստանում է հայ մարզասերին հուսախաբ չանել

Ապրիլ 01,2011 00:00

Գերմիջին քաշային կարգում «Super Six World Boxing Classic» մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցներ Անդրե Ուորդի եւ Արթուր Աբրահամի մամուլի ասուլիսում պաշտոնապես տեղեկացվել է, որ նրանց մենամարտը կայանալու է մայիսի 14-ին՝ ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտիկները խոսել են իրենց պատրաստվածության աստիճանի եւ նպատակների մասին:

Անդրե Ուորդ. «Ես մարտերին միշտ ներկայանում եմ մարտական լրիվ պատրաստված վիճակում եւ չեմ պատրաստվում ասել, թե Աբրահամն այլեւս նախկինը չէ: Տեղյակ եմ, որ նա եւ նրա թիմը նախապատրաստվում են լրիվ ծրագրով: Բայց ես պատրաստ եմ պաշտպանել տիտղոսս: Մինչեւ գերմիջին քաշում աշխարհում լավագույնը ճանաչվելն ինձ երկու մեծ մենամարտ է սպասվում եւ ես պլանավորել եմ երկուսում էլ հաղթել: Առաջիկա մարտին նախապատրաստվելիս, գուցե, ես նրան ավելի շատ հարգանք եմ մատուցում, քան նա արժանի է: Իմ գլխավոր նպատակն է՝ հնարավորինս արագ նրան ստիպել զգալ այն, ինչ ունեցավ Կարլ Ֆրոչի հետ մարտից անմիջապես հետո: Մայիսի 14-ին մեզ միմյանց ավելի լավ ճանաչելու համար 12 ռաունդ ունենք: Այդ օրվան անհամբերությամբ եմ սպասում»: Արթուր Աբրահամ (նա այդ ժամանակ Բեռլինում էր եւ ասուլիսին մասնակցել է տեսակապով). «Մայիսի 14-ին ես լավ մենամարտ եմ ակնկալում: Ինքնազգացողությունս լավ է: Դրանից առաջ մի փոքր տկար էի: Հիմա վերսկսել եմ մարզումներս: Մարզումային մենամարտս չտվեց այն, ինչ սպասում էի: Բայց ես դրան կարեւորություն չեմ տալիս: Ամեն ինչ ընթանում է նորմալ: Հրաշալի է, որ վերադարձել եմ ռինգ եւ նախկին զգացողություններն եմ ապրում: Մայիսի 14-ին դուք զարմանք կապրեք: Կանխագուշակություններ անելն իմ ոճը չէ: Ես ամեն ինչ ռինգում ցույց կտամ: Տեղյակ եմ, որ Ուորդին են ֆավորիտ համարում: Եվ դա ինձ ավելի է տրամադրում: Պատմությունը ցույց է տվել, որ ֆավորիտներից շատերն ընկել են մարտում: Չեմ ուզում խոսել անցյալում կատարվածի մասին, այլ կենտրոնացած եմ Ուորդի վրա: Եվ հաղթելու համար գործի եմ դնելու ամեն բան՝ սիրտս, մարմինս, ձեռքերս, բռունցքներս եւ հայ մարզասերների հետ կհաղթեմ եզրափակչում, կնվաճեմ տիտղոսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել