Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արմմոնոն»՝ 9-րդ անգամ

Ապրիլ 01,2011 00:00

Ապրիլի 3-ին Երեւանում կմեկնարկի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային 9-րդ թատերական երեւանյան փառատոնը, որը կտեւի մինչեւ ամսի 8-ը: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը: Այս տարի փառատոնի շրջանակում կներկայացվի 17 մոնոներկայացում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, Լիտվայի, Եգիպտոսի եւ Հայաստանի դերասանների մասնակցությամբ: ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը հուսով է, որ փառատոնը հնարավորություն կընձեռի կապեր հաստատել այլ միջազգային թատերական խմբերի հետ: Փառատոնի նախագահը տեղեկացրեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը փառատոնին հատկացրել է 4 մլն դրամ, դրսից եկած դերասանների տեղափոխվելու հարցը եւս փառատոնն է լուծում:

«Արմմոնոն» այս տարի կմեկնարկի գերմանացի դերասան Ֆիլիպ Հոխմայերի «Վերթեր» ներկայացմամբ: Փառատոնի միջազգային ծրագրում ներառված են ֆրանսիացի անվանի դերասաններ Վերոնիկ Դանիելի «Ցանկությունների երաժշտություն» եւ Ժան Պոլ Շին Տյուի «Առաջին մարդը» ներկայացումները, իսկ լեհ Գաբրիելա Մուսկալան էլ հանդես կգա «Բուենոս Այրեսից վերադառնալիս» ներկայացումով: «Արմմոնոյի» շրջանակում Հայաստան կայցելեն դերասաններ նաեւ Եգիպտոսից, Լիտվայից, Իսրայելից եւ այլ երկրներից: Ռուսաստանից այս տարի հանդես կգան Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը՝ «Լսելով հեռուն» եւ ռուս դերասանուհի Իրինա Եվդոկիմովան՝ «Ոչ ոք» մոնոներկայացումներով:

Փառատոնի հայաստանյան ծրագրում են Արամ Հովհաննիսյանը, ով իր «Արա Գեղեցիկ» մոնոներկայացմամբ հանդես կգա Փարաջանովի տուն-թանգարանում, Սամվել Բաղինյանը՝ «Չափազանց ուրախ եւ չափազանց տխուր Ֆիեստա», Մարիամ Ղազանչյանը՝ «Մարսել», Հասմիկ Վերդյանը՝ «Սեւիլուհին…», Ռոբերտ Հակոբյանը՝ «Ձեզ եմ դիմում…», Գրետա Մեջլումյանը՝ «Ծառերը», Նարեկ Ներսիսյանը՝ «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումներով եւ այլք:

Ռուսաստանում փառատոնի մասնակցած եւ օրերս Երեւան վերադարձած դերասան Ռոբերտ Հակոբյանը նշեց. «Արմմոնոն» այնքան մեծ ճանաչում է ձեռք բերել դրսում, որ նույնիսկ Կալինինգրադում հանդիպեցի մեր փառատոնի շրջանակում հանդես եկող մի դերասանուհու, որը հիացած պատմում էր Հայաստան գալու իր այցի մասին»: Դերասան Արամ Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ փառատոնը դերասանի համար լավ հնարավորություն է ինքնաբացահայտվելու, ինքնահաստատվելու համար. «Քիչ եմ տեսնում երիտասարդների, կուզեի ավելի շատ երիտասարդների տեսնել»: Մ. Մխիթարյանն էլ ի պատասխան ասաց, թե փառատոնում ընդգրկված երիտասարդներ կան, ի թիվս Մարիամ Ղազանչյանի, Հասմիկ Վերդյանի, Նարեկ Ներսիսյանի, Ցոլակ Մլքե-Գալստյանի: Մայիսի վերջին «Արմմոնոն» կանցկացվի որեւէ մարզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել