Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹԱՏՐՈՆ X»-Ն ՈՒ «ԿԻՔՍԵՐԸ»

Ապրիլ 01,2011 00:00

\"\"Կամ ինչո՞ւ են թատերականի ուսանողներն անտարբեր հայաստանյան փառատոների հանդեպ

2007թ.-ից Ազգային թատերական ստեղծագործական միավորման (նախագահ՝ թատերագետ Արա Խզմալյան) եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անց է կացվում «Թատրոն X» հանրապետական փառատոնը, որն այս տարի ընդարձակելով աշխարհագրությունը, ընդգրկել է հայաստանյան 31 թատերախումբ, այդ թվում նաեւ Արցախից՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական թատրոնը եւ Շուշիի «Նարեկացի» թատերախումբը: Փառատոնի ձեւաչափը, միանշանակ, հետաքրքիր է, քանի որ ներկայացումների դիտումներից հետո տեղի են ունենում քննարկումներ, որոնց մասնակցում են անվանի բեմադրիչներ, թատերագետներ, ինչպես նաեւ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի ուսանողներ:

«Թատրոն X»-ի առաջին իսկ օրերից եղան որոշ «կիքսեր»:

«Առավոտի» հետ զրույցներում ոմանք պարզապես բողոքեցին, որ թատրոններում չեն առանձնացվում տեղեր մասնակիցների համար: Եթե «Թատրոն X»-ի կարեւոր խնդիրներից մեկը երիտասարդ թատերական մտքի ձեւավորումն ու դրսեւորումն է, ապա միայն զարմանալ կարելի է, որ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի ուսանողների մեծամասնությունը բացահայտ արհամարհական վերաբերմունք ունի փառատոնի նկատմամբ. նրանք չեն մասնակցում դիտումներին եւ քննարկումներին: Սա գուցեեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ չեն մասնակցում նրանց դասախոսներից ոմանք եւ անձամբ ռեկտորի պաշտոնակատար, նույն բուհի դասախոս Արմեն Մազմանյանը: Վերջինս այս առիթով «Առավոտին» փոխանցեց. «Լինի երաժշտարվեստ, թե թատերարվեստ, եթե հետաքրքիր միջոցառում է լինում, անպայման մասնակցում եմ, հետեւում: Ինչ վերաբերում է «Թատրոն X» փառատոնին, իմ ղեկավարած «Գոյ» թատրոն-լաբորատորիան երբեք չի հրավիրվել: Անգամ ԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունից հրավեր չեմ ստանում: Ես մեծամիտ մարդ եմ եւ ինձ հետաքրքրում են դրսի փառատոները…»:

Նշենք, որ «Թատրոն X» փառատոնային քննարկումները դրական շատ բան են պարունակում իրենց մեջ, սակայն, երբ քննարկվում են ուսումնական թատրոնի ներկայացումները, դրանք վերածվում են խաժամուժային բռնկումների, ուսանող-բեմադրիչներն էլ ի ցույց են դնում իրենց ամբիցիաները, որոնք հաճախ հակառակ համեմատական են նրանց տաղանդին: Օրինակ, Վ. Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» բեմադրության ժամանակ ուսանող-բեմադրիչ Հենրի Քոչարյանի ինքնատիպ հայտարարությունը «ցնցեց» շատերին. «Ես լսում եմ թատերագետների խոսքը, բայց ինձ համար ավելի կարեւոր են պոլիտեխնիկական ինստիտուտի եւ Մալաթիայի ընկերներիս կարծիքը: Այ, եթե նրանք չհավանեն, դա ինձ համար ողբերգություն է…»:

Ներկա գտնվելով փառատոնի ներկայացումներին, նկատեցինք, որ ներկայացումներից եւ քննարկումներից բացակայում են կազմակերպիչներից մեկի՝ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնյաները: Այս առիթով թատերագետ Արա Խզմալյանը հայտնեց հետեւյալը. «Նախարարը փառատոնի առիթով այս տարի հայտարարեց, որ «Թատրոն X»-ի հրապարակային քննարկումների արդյունքների հիման վրա որոշվելու է թատերական ոլորտի ֆինանսավորման ռազմավարությունը, այսինքն՝ ֆինանսների բաշխումը այլեւս դուրս է բերվելու պրոֆեսիոնալ դաշտ, ոչ թե մնալու է միայն պաշտոնյաների հայեցողությանը»: Ողջունելի է, որ «Թատրոն X»-ը ապրիլի 12-ից իր գործունեությունը կշարունակի մարզերում, իսկ փակումը կկայանա ապրիլի 28-ին, Երեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել