Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեղծագործական օլիմպիադա՝ «Մխիթար Սեբաստացիում»

Ապրիլ 01,2011 00:00

Այս կրթահամալիրի սաները ԿԳ նախարարությանն առաջարկում են օրինակ վերցնել իրենց օլիմպիադայից

Մարտի 5-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է սովորողների գարնանային օլիմպիադա՝ բոլոր առարկաներից. լեզուներ, հասարակական, բնական գիտություններ, արվեստ եւ տեխնոլոգիա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, էլեկտրոնիկա, ծրագրավորում: Ինչպես նշեց կրթահամալիրիր տնօրեն Աշոտ Բլեյանը, օլիմպիադային մասնակցում են կրթահամալիրի բոլոր սովորողները, ինչպես նաեւ այլ հանրակրթական հաստատություններից: Կրթահամալիրի սովորողի մասնակցությունը իր խորացված ուսուցման ընտրությամբ գործունեության դասընթացի օլիմպիադային պարտադիր է: Անգլերեն դասավանդող Աննա Էլնազարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Գարնանային այս օլիմպիադան մյուս հանրապետական առարկայական օլիմպիադաներից առանձնանում է նրանով, որ շեշտը դրված է սովորողների ստեղծագործականության վրա: Շատ կարեւոր է, որպեսզի երեխան ինքն իր կողմից ներդրում ունենա ստեղծագործական աշխատանքում: Բոլոր առարկաների առաջադրանքներն էլ այդպես են կառուցված»:

Նշենք, որ օլիմպիադան հանրապետական է, մասնակցության հայտեր են ստացել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս ապրող երեխաների կողմից: Մասնակցում է ավելի քան 700 սովորող, որոնցից շատերը ընտրել են երկու եւ ավելի առարկաներ:

Ա. Էլնազարյանի փոխանցմամբ, օլիմպիադայի առաջադրանքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն եւ վրացերեն. «Սա մեծ հնարավորություն է, որ դրսի սովորողները եւս իրենց մասնակցությունն ունենան՝ այսկերպ ընդլայնելով օլիմպիադան»:

Ինչպես պարզ դարձավ կրթահամալիրում մեր շրջայցից, օլիմպիադան մեծ հետաքրքրություն եւ ոգեւորություն է առաջացրել սովորողների շրջանում, որոնք այդ մասին անդադար պատմում են կրթահամալիրի կայքում:

«Մխիթար Սեբաստացիում» հայոց լեզու, գրականություն եւ գրաբար դասավանդող Նունե Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օլիմպիադայի առաջադրանքները ուսուցողական, հետազոտական աշխատանքներ են, լուծելուն պես՝ մանկավարժության կենտրոնի թույլտվությամբ, մասնագետ-պատասխանատուի, ուսուցիչ-պատասխանատուի եւ սովորող- օգնականի կողմից դրանք տեղադրվում են կայքի «Սովորողների գարնանային օլիմպիադա» էջում: 8-րդ դասարանցի Վահե Ղարիբյանը, որը մասնակցել է անգլերենի օլիմպիադային, շեշտեց, որ ամենակարեւորը ճիշտ մասնակցության հայտ ուղարկելն է. «Առաջադրանքների հարցերը հեշտ էին: Օլիմպիադան բազմօրյա է եւ պատրաստվելու ժամանակ շատ ունեինք: Անգամ գարնանային արձակուրդի ժամանակ մեզ տնային առաջադրանք չեն տվել, որպեսզի կարողանայինք պատրաստվել»:

Վահե Աբրոյանը, որը կրթահամալիրում մասնակցում է ռուսերեն, անգլերեն եւ կենսաբանություն առարկաների օլիմպիադային, պատմեց, որ այս տարի մասնակցել է ֆիզիկայի հանրապետական օլիմպիադային եւս եւ շատ դժգոհ է վերադարձել. «Մեզ տարել էին պայմաններ չունեցող մի դպրոց, որտեղ անգամ կենտրոնանալն էր դժվար: Կուզենայի, որ ՀՀ ԿԳ նախարարությունը ուսումնասիրեր մեր օլիմպիադան, դրա անցկացման կարգն ու այսուհետեւ այս ձեւը կիրառեր հանրապետական օլիմպիադաների ժամանակ»:

Ռուսերենի օլիմպիադայի մասնակից Սուսաննա Չալիկյանն էլ խոստովանեց, որ առաջադրանքներից մի քանիսում դժվարացել է. «Ինձ այդ հարցում օգնեցին ծնողներս, քանի որ միայնակ գլուխ չհանեցի»:

Ն. Մովսիսյանը հավելեց, որ խրախուսվում է ընտանիքի անդամների, բարեկամների միջամտությունը առաջադրանքների խնդիրները լուծելու հարցում. «Մեծ նշանակություն է տրվում ծնողների հետ, ընտանեկան մթնոլորտում սովորողների քննարկմանը՝ առաջադրանքների շուրջ, մասնավորապես, եթե դա հետազոտական ուսումնական աշխատանք է: Խրախուսվում է նաեւ թվային տեխնոլոգիաների կիրառումը ստեղծագործական աշխատանքներում, օրինակ՝ տեսաֆիլմ կամ ռադիոլուր պատրաստելը: Օրինակ՝ երեխաներից մեկը ուումնասիրել էր կրթահամալիրի շրջակայքում գտնվող խանութների վահանակների սխալները: Բավական հետաքրքիր ուսումնասիրություն էր ստացվել»:

Ն. Մովսիսյանի խոսքով, օլիմպիադայի առաջադրանքներ կազմողները միայն կրթահամալիրի մասնագետները չեն. «Կան մասնագետներ նաեւ Երեւանի պետական համալսարանից, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, Գիտությունների ակադեմիայից, մինչեւ անգամ Կարմիր խաչից: Բացի այդ, կայքում ամբողջ ցանկով նշված են կազմող պատասխանատուների անունները, քանի որ այսկերպ օլիմպիադան ավելի բաց է դառնում եւ մյուս հանրապետական օլիմպիադաների պես անհայտ չեն մնում հարցաշարերը կազմողների անունները»:

Նա նկատեց, որ առաջադրանքները կազմելից հաշվի են առնվել, թե երեխաները որքան են տիրապետում առարկային, բացի այդ, թե ինչպես կարող են կիրառել թվային տեխնոլոգիաները տվյալ առարկայի առաջադրանքում. «Այս օլիմպիադան սովորական ձեւով չի անցկացվում: Նախ այն կազմակերպվում է համացանցի միջոցով: Ապա համացանցում տեղադրվում է յուրաքանչյուր մասնակցի աշխատանքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել