Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՂԾՈՒՄ, ՊՂԾՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Ապրիլ 01,2011 00:00

\"\"Անհրաժեշտ է ամեն գնով կանգնեցնել մեր անկման այս ընթացքը

Հերթական անկախության երկու տասնամյակների ընթացքում, մեր մի շարք ակնառու «նվաճումների» կողքին, ինչպիսիք են, օրինակ, տոտալ կաշառակերությունը, գանձագողությունը, «беспредел»-ը եւ այլն, կան նաեւ մի քանի այլ անժխտելի «ձեռքբերումներ», որոնց մասին հատկապես վերջերս խոսվում է արդեն շատ հաճախակի եւ բացեիբաց: Խոսքը բավականին եկամտաբեր մի քանի զբաղմունքների մասին է, որոնց վերաբերյալ սպառիչ պատկերացում կազմելու համար այդ երեւույթը նկարագրելիս համապատասխան բառավերջում անխուսափելիորեն գործածվում է «պղծություն» բնութագրիչը: Այդ շահութաբեր «պղծություններից» ամեն մեկով զբաղվողները ներկայացնում են տարբեր սոցիալական խավեր եւ խմբեր: Օրինակ, գերեզմանապղծությամբ հիմնականում զբաղված են նրանք, ում ընդունված է համարել եւ անվանել «ոՏՎՋ»: Գողոնը դրանցից առանց ավելորդ մաքրակենցաղության դրսեւորման՝ հաճույքով ընդունում եւ սպառում են արդեն հասարակության մեջ բավականին հարգված մարդիկ:

Հուշարձանապղծությամբ, օրինակ, զբաղվում են դրանց մոտակայքում տեղավորված բնակավայրերի բնակիչները: Մետաղը հանձնելուց բացի, նրանց բակերում կարող եք հանդիպել, օրինակ, հուշարձանից պոկած-բերած քարե սալիկների, տեսակ-տեսակ դեկորատիվ պարագաների եւ այլն:

Իսկ մեռելապղծությամբ՝ ինչը դրսեւորվում է մեռած անձանց անունը շահարկելու կամ էլ՝ նույնիսկ նրանց անունից դիմումներ գրելու միջոցով միլիոնավոր դոլարներ գրպանելով, զբաղվում են արդեն պետական պաշտոնյաները: Այն է՝ իրեն ազգային էլիտա համարող զանգվածի մի հատվածը: Դատելով վերջին ամիսների մի շարք՝ համոզված ենք, պետական որոշ կառույցների եւ այրերի համար ոչ այնքան հարմար հրապարակումներից (տե՛ս «Ծառացած հարցեր, անհեթեթ հստակեցումներ»՝ «Առավոտ», 10. 08.2010, «Քո աչքերն են մեղավոր»՝ «Առավոտ», lragir.am՝ 10.09.2010, «Հնամաշ մոտեցումներից մինչեւ գումարների մսխում»՝ «Առավոտ», lragir.am 29.09.2010, «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին. Հ.Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը»՝ hetq.am, 26.03.11), գալիս ես այն եզրակացության, որ, կարծես թե, բազմաթիվ «պղծությունների» շարքը մեզանում համալրվում է նմանատիպ մի երեւույթով եւս, որի նկարագրման համար, ճիշտն ասած, դժվարանում էլ ես համապատասխան բառ գտնել:

Ելնելով առաջին երեք հոդվածներում բերված շատ կոնկրետ փաստերից, ստացվում է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) պետական բյուջեից ստանում է զգալի հատկացումներ, սակայն նրա գործունեության գիտական արդյունավետությունը չափազանց ցածր է եւ, ըստ էության եւ առհասարակ, չափազանց հեռու է գիտական այն մակարդակից, որին պետք է համապատասխանի այդ հաստատությունը: Որի կարեւորության մասին մեր երկրի համար բացատրություններ կամ էլ հիմնավորումներ բերելը համարում ենք անիմաստ՝ ամեն ինչ հասկանալի է ամենքին: Հոդվածագիրներից մեկին ՀՑԹԻ-ի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը իբր հակադարձել էր մի հոդվածով (Հայկ Դեմոյան՝ «Անիրազեկության հետքերով»՝ «Առավոտ», 23.09.2010), որտեղ ՀՑԹԻ-ից՝ ստացած գումարներին համապատասխան, իրական գիտական «արտադրանք» պահանջողին մեղադրել էր անիրազեկության եւ «հնամաշ մոտեցում» ցուցաբերելու մեջ: Ինչ խոսք, օրենք եւ տարրական բարոյական նորմեր պահպանելու բազմաթիվ կոչերի եւ պահանջների հետ մեկտեղ, գիտական հաստատության ղեկավար հանդիսացող եւ իրեն գիտնական համարող անձից իրական գիտական արդյունքներ սպասելն ու պահանջելը նույնպես մեզանում այսօր համարվում է «հնամաշ մոտեցում»: Բայց ընթերցեք, խնդրեմ, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» հոդվածը եւ Դուք ավելի քան հստակ պատկերացում կկազմեք ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանի արդեն զուտ մասնագիտական իրազեկության ու հարցերին ոչ «հնամաշ» մոտեցումներ դրսեւորելու մասին: Անձամբ ինձ համար, համենայնդեպս, ընթերցած նյութերից պարզ դարձավ, որ բավականին ճարպիկ կեցվածքով այդ անձնավորությունը, իր խիստ ժամանակակից, ոչ հնամաշ մոտեցումներով, ավելի շուտ կարող է բնութագրվել, խիստ արդիական լեզվով ասած, որպես Ծիծեռնակաբերդի տարածքում գտնվող թանգարանի «նայող» կամ «աշխատացնող», քան պետական եւ ազգային կարեւոր նշանակության մի գիտական հաստատության գիտական ղեկավար:

Իրոք, անհրաժեշտ է ամեն գնով կանգնեցնել մեր անկման այս ընթացքը: Հակառակ դեպքում, մյուս «պղծությունների» բառաշարանում շուտով մեզանում առօրյա գործածության մեջ կդրվի արդեն նաեւ «եղեռնապղծություն» բառը:

Հնամաշ մոտեցումներով՝

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ֆիզմաթ գիտությունների դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել