Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼ

Ապրիլ 01,2011 00:00

1990թ. հոկտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել ԽՍՀՄ հայ պատգամավորներ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանն ու ԼՂ նախկին պաշտոնյա Սեմյոն Բաբայանը: Հացադուլի հիմքում ԼՂ տեղական իշխանության մարմինները վերականգնելու պահանջն էր դրված: Տպագրում ենք մի հատված՝ Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքից:

\"\"

Սկիզբը՝

Լյուդան ու Համբարձումյանը հյուրանոցում սպասում են Գորբաչովի զանգին: Զանգը հնչել է ուշ երեկոյան, երբ Համբարձումյանը քնած է եղել: Գնացել է Լյուդան: Գորբաչովը խոստացել է զբաղվել Ղարաբաղի ու Շահումյանի հարցով: «Չեմ հավատում,- ասաց Լյուդան,- խոսելիս աչքերիս չէր նայում, անվստահ էր: Կամ մեծ ճնշում կա, կամ էլի ջրում է՝ ժամանակ շահելու համար»: Օրնիբուն հյուրանոցի մուտքն ու մեր միջանցքը անվրեպ հսկում են Մոսկվայի կրիմինալ աշխարհի հայ տղերքը, ոչ մեկս առանց թիկնապահի դուրս ու ներս չենք անում, շատացել է ադրբեջանական խաժամուժը, ամեն բան կարող է պատահել: Այսօր հյուրանոցի դռան մոտ մի քանի րոպեով պիկետ երեւաց, տղաները իսկույն քշեցին: Մտնում եմ Վաչիկի սենյակը, տեսնեմ ինչի կարիք ունեն, Սեմյոն Բաբայանի հետ նույն սենյակում են ապրում: «Շուշան ջան, աչքերս փակում եմ, մի կտոր հաց ու քյաբաբը գալիս է աչքերիս առաջ: Մենակ մի կտոր, լինի ուտեմ, թող հետո մեռնեմ»: Կուշտ ծիծաղում ենք: Առօրյա կյանքում վերին աստիճանի ասկետ Վաչիկի՝ սննդի հիշողության ռեֆլեքսը չի մարում: Սոսի մոտ էլ մանկության թարմ հացի բույրը հանգիստ չի տալիս: Օրեցօր հացադուլը դառնում է անտանելի: Իսկ Կրեմլի ռեալ արձագանքը չի նշմարվում: «Լիտերատուրնայա գազետայում» պատրաստվում է հոդված, որի տակ պիտի ստորագրեն ԽՍՀՄ սահմանադրական հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Կուդրյավցեւը, գրողներ Մարկովը, Ռասպուտինը, Կուգուլդինովը: Տեքստը նախօրոք բերել էին Զորիի մոտ: Վիկտոր Համբարձումյանն է եկել ընկերներին տեսության: Կինը երկար չի թողնում նստել, դեռ թույլ է: «Ա՜խ, էդ ջհուդը մեզ կերավ, է, կերավ,- նրանց ետեւից, կնոջն ուղղելով կեղծ զայրույթը, սենյակում գնում գալիս է Զորին: – Չթողեց, է, մարդը նստում էր մինչեւ վերջ»: «Չէր դիմանա, կմեռներ»,- ասում եմ: «Վա՜յ, Շուշան, էդ մեծության աստղը որ մեռներ, չէ, ի՜նչ հզոր աղմուկ կբարձրանար, Ղարաբաղի հարցը տեղում կլուծվեր: Ետմահու ազգային հերոսի կոչում մենակ չուներ, կստանար, համազարկերով էլ կթաղեինք: Թե չէ, մենք ի՞նչ, մեռնենք էլ, բանի տեղ դնող չկա, տեսնում ես, էլի»: Բոլ ծիծաղում ենք:

Ծիծաղելը լավ ծիծաղում ենք, բայց բժիշկ Մարությանն ասում է. «Հինգ օր էլ էսպես գնա, բոլորդ կմեռնեք: Կրեմլից հույս չկա: Մտածել է պետք»:

25-ը սեպտեմբերի 1990թ. Մոսկվա

Զորիի դեմքն այսօր ինձ դուր չի գալիս: Կանաչ գույն ունի: Վազում եմ հացադուլի համար Մոսկվա եկած՝ Զորիի աներորդի, վիրաբույժ Վալերի Մարությանի մոտ: «Չէ, ասաց, բան չկա, նոր եմ մեկ-մեկ չափել բոլորի ճնշումն ու լսել սրտի աշխատանքը: Զորին մոբիլիզացրել է իրեն ու թուլություն չի զգում: Կարող է ամեն պահ լիցքաթափվել ու մի րոպեում ձեռից գնալ: Վաչիկի մոտ ճնշումը նորմալացել է, բայց հիպերտոնիա ունի: Սննդի ռեֆլեքսը չի մարում ու ծանր է տանում չսնվելը: Գորբաչովը Վիկտոր Համբարձումյանին նամակ էր գրել, խնդրելով դուրս գալ հացադուլից: Բայց ոչ մի խոսք՝ պահանջների կատարման մասին: Ինքն ու Զորին հուզվեցին, ջղայնացան ու ակադեմիկոսի ջերմությունն իջավ 35,8, ճնշումը բարձրացավ 140: Տարանք հիվանդանոց, արհեստական սնուցում միացրին: Սոսի վիճակն է ամենածանրը: Կանգնած տեղը երկու անգամ ուշաթափվեց: Նյարդերը լարված են: Երեք անգամ հոգեբաններ ու նյարդաբաններ են եկել, պահանջել են թողնել հացադուլը:

Զանգեց Ելենա Բոնները, ԱՄՆ-ից՝ Լուիզ Մանուկյանը, Նելլի Նաջարյանը, Սոնյա Բոյաջյանը: Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արդզինբան ամենալավ դեղն է բերել՝ մի շիշ աբխազական չաչա, եկել են ակադեմիկոս Մարչուկը, գրող Կուգուլդինովը, Կալուգինը, Ստարավոյտովան եւ Գդլյանը: ԽՍՀՄ ՆԳ նախարար Բակատինը նամակ է ուղարկել. «Երբեք ինքն իրեն բզկտելն ու տանջելը միջոց չի եղել ազգային վեճի լուծման համար: Հաղորդեք ձեր ընկերներին՝ թողնել հացադուլը»: «Գոհար ջան, Բակատինի մոտ դու պիտի գնայիր, էս դատարկ նամակն ուղարկելու փոխարեն, հարցը կլուծեր, աչքը երեսիցդ չի կտրում»,- կատակում է Վաչիկը: «Բա ո՜նց, գլուխը կջարդեմ»,- մինչեւ կոկորդն առանց այն էլ կիպ կոճկած վերնաշապիկի օձիքը իրար բերելով՝ սպառնում է Գոհարը: Այս պահին Լենինգրադում մեծ միտինգ է ընթանում՝ ի պաշտպանություն հացադուլի պահանջների: Միտինգի միակ հարցն է՝ իրավիճակը Հայաստանում, Ղարաբաղում եւ Գետաշենում: Ըստ Սերգեյ Համբարձումյանի, սա մեծ աղմուկ ու անհանգստություն է առաջացրել Կրեմլում:

26-ը սեպտեմբերի 1990թ. Մոսկվա

«Արարատ» ֆուտբոլային թիմն է եկել տեսության: «Ես հավատում եմ «Արարատին», դուք էլ պիտի իմանաք, որ ձեր հաղթած քսան միավորը քառասուն արժե, քանզի մենք մեր միավորները ձեռք ենք բերում շատ թանկ գնով»,- ասաց Զորին: Լեւոն Տեր-Պետրոսյանն է եկել, Մոսկվայով մեկնելու է Ամերիկա, ներկա գտնվելու սենատոր Բոբ Դոուլի ճաշի հրավերին: Զորին կատակեց՝ Դոուլն ում ասես ճաշի է հրավիրում, ինձ էլ է հրավիրել: Մի քանի րոպե միայն մնաց Զորիի մոտ: Հայտնեց ադրբեջանցիների հետ երկխոսության մասին: Ասաց, որ կա պատրաստակամություն, բայց ոչ մի բան դեռ չի որոշված: Տեր-Պետրոսյանը բերել է նաեւ Հայաստանի ԳԽ նախագահության դիմումը, որով խնդրվում է վերջ տալ հացադուլին: Տարօրինակ է՝ հացադուլից 17 օր հետո՞ միայն Հայաստանի Գերագույն խորհուրդը ժամանակ գտավ արձագանքել իր քաղաքացիների ձեռնարկմանը: Ստացված ամենավերջին դիմումն է՝ հացադուլի հասցեով: Լեւոն Տեր-Պետրոսյանը չհանդիպեց մեր պատգամավորական խմբի հետ, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին ու գնաց: Շվարած ենք: Մեզ մի տեսակ օտարված, ուրիշ մոլորակից ենք զգում: Եկավ դերասան Միխայիլ Ուլյանովն ու ցրեց բոլորիս մռայլ տրամադրությունը:

Ամենայն հայոց կաթողիկոսից նոր հեռագիր ստացվեց: «Դուք պարտավոր եք ապրել ու պայքարել: Մի վախեցեք կյանքից, մի վախեցեք հարատեւ պայքարից, քանզի պայքարի ճանապարհը առավել հերոսական է, քան նպատակին հասնելը»: Տեղեկացանք նաեւ, որ վաղը Վեհափառը գալու է Մոսկվա:

Ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը եկավ. լուռ նստեց ու լուռ էլ վեր կացավ, գնաց: Հենրիկ Իգիթյանն է շատ խիստ խոսել ԳԽ-ի ամբիոնից: Այնքան խիստ, որ օրակարգ է մտցրել Սումգայիթի հարցը: Ապրի: Այսօր Սոսի ջերմությունն իջավ 35,4, նորից ուշաթափվեց: Զորիի ճնշումն իջել է 105-60: Անտանելի վիճակ է:

Օրն արդեն ավարտվում էր, երբ դռների մոտ անսպասելի երեւաց ԽՍՀՄ ԳԽ նախագահի տեղակալ Նիշան Նիշանովը: Խաղաղ, ժպիտն երեսին մարդ է, երբեմն մերոնց մոտ թաքուն անկեղծանում է նախագահության անարդար որոշումների շուրջ: Հենց էնպես չէր գա, ուրեմն մի ուրախ լուր կա:

– Այո,- ասաց,- եկել եմ ասելու, որ կա համաձայնություն Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունները վերականգնելու մասին: Դա ստույգ է: Կարող եք տեղյակ պահել ձեր ժողովրդին, ձեր միսիան էլ համարեք հաջողությամբ ավարտված ու դուրս եկեք հացադուլից:

Տեր Աստված, մի՞թե վերջ այս մղձավանջին: Էլ ղեկավար, պաշտոն չեմ հարցնում, ուրախությունից կիպ փարվում եմ Նիշանովի թեւին, արցուքները խեղդում են: Մենք հաղթեցի՜նք: Բայց ի՜նչ գնով: Բժիշկ Մարությանը Զորիի կողքին է՝ հանկարծ ուրախությունից չթուլանա: Գրկախառնվում ենք:

27-ը հոկտեմբերի 1990թ. Մոսկվա

Առավոտյան Զորիի սենյակում սկսվեց մկրտության արարողությունը: Տիրան սրբազանը ըստ կարգի կատարում է ծեսը: Զորի Բալայանը, Վաչագան Գրիգորյանը, Սեմյոն Բաբայանը, բժիշկ Վալերի Մարությանը եւ Լեւոն Հայրապետյանը ցողվում են սուրբ մեռոնով, սրբազանի աղոթքն առ Աստված անձկալի սրտերին կատարյալ խաղաղություն է բերում, երանելի հանգիստ ու լուսավոր հնազանդություն: Կնունքի քավորը Սոսն է: Զույգ մոմերը բռնել, կանգնել է: Աչքերի շուրջ սեւ շրջանակ է գոյացել: «Էլի կուշաթափվեմ»,- շշնջում է ականջիս: Ռաֆիկը սարի պես թիկունքին կանգնած, իսկույն գրկում է Սոսի մեջքը: Երեկ ծանոթացա Ամերիկայի Հայկական համագումարից Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, գնում է Հայաստան աշխատելու: Կնունքի արարողությունը բարեհաջող ու մի փոքր շուտ ավարտվում է: Հավաքում, կարգի ենք բերում Զորիի սենյակը: Սրտատրոփ սպասում ենք Վեհափառին:

Վեհափառ հայրապետը ժամանեց կեսօրին:

Մեր մռայլ սենյակում լո՞ւյս ծագեց հանկարծ, թե ինձ է թվում: Մեր հոգու ամպը հանկարծ ցրվեց, մեր սրտի լույսերը պայծառ վառվեցին: Արեւ ծագեց մեր մտքի ու գոյության վրա: Մեր բեկված կամքը նորոգվեց ու հզորացավ. Սեր ու գորով է բերել Վեհափառ հայրապետը: Ինքը մեր Հայրն է, մենք նրա որդին մոլորյալ:

– Որտե՜ղ է արդարությունը,- դռների մեջ ձեռքերը տարածեց Վեհափառն ու արտասվեց: Սենյակում քար լռություն տիրեց:

– Եկել եմ ձեր ցավը տանելու,- երկար լռությունը խզեց Վեհափառն ու նորից հեկեկաց: Ապա սրբեց արցունքները, մեկ-մեկ գրկեց բոլորին, խաչակնքեց ու նստեց: – Եկել եմ նաեւ ձեզ հետ միասին արդարության ճանապարհը որոնելու: Բոլորս էլ մոտ երկու տարի է՝ տառապում ենք, ամեն մեկն իր ձեւով: Փորձում ենք ինչ-որ ձեւով մեր պարտքը կատարել՝ Լեռնային Ղարաբաղի մեր զավակների արդար սպասումները իրականացնելու համար: Ես եկել եմ նախ իմ հարգանքը մատուցելու ձեզ՝ ձեր հերոսական արարքի համար, որը ժողովուրդը բարձր է գնահատում: Իսկապես աշխարհի խիղճը ցնցվեց: Մենք բարոյապես շահեցինք, որն ինչ-որ չափով կօգնի, որ մոտենանք արդարության դռներին: Ամբողջապես ես լավատես չեմ, բայց եւ հուսահատ էլ չեմ: – Ու դարձավ Զորի Բալայանին:- Ղարաբաղյան շարժման սկզբում դուք լավատես էիք: Եվ հիմա հուսահատ եք: Ես հուսահատ չեմ, որովհետեւ լավատես չէի սկզբեն: Այնպես որ, եկեք չհուսահատվենք: 1000 տարի պայքարում ենք, եւ ոչ մի հարց չի լուծված: Սա էլ ապրելու մի կերպ է, երեւի մենք՝ հայերս, կյանքն ապրելու հերոսական ըմբռնում ունինք: Եվ դուք բացառիկ ներկայացուցիչներն եք այդ ըմբռնումի: Այնպես որ, ձեռք ձեռքի տված առաջ գնանք եւ բախենք արդարության դռները: Հույսով: Ես եկել եմ դիմելու ձեզ, որ թողեք հացադուլը: Կամ՝ ես էլ կգամ, կնստեմ ձեր կողքին:

– Դա մեծ պատիվ է մեզ համար, Վեհափառ, բայց հավատացեք, մենք հուսահատ չենք, դուք մեր ոգին էլ ավելի հզորացրիք,- ասաց Զորի Բալայանը հուզված:

Երեկոյան նորից եկավ հայրապետը: Որոշում ենք երկու օրից դադարեցնել հացադուլը:

28-ը հոկտեմբերի

1990, Մոսկվա

Վեհափառի «Չայկայի» մեջ երեքով ենք: Վեհափառ հայրապետը, Տիրան սրբազանն ու ես: «Մոսկվա» հյուրանոցի դիմաց կանգնել, սպասում ենք Լյուդմիլա Հարությունյանին: Գնում ենք ԱԳՆ, Վեհափառը մամլո ասուլիս է տալու: Լյուդան բավական ուշանում է, Տիրան սրբազանն անհանգիստ, շուտ շուտ նայում է դռանն ու արդարանում՝ հիմա կգա: Վեհափառը մեղմ ժպտում է՝ լավ է, գոնե արեւ է, ասում է:

Դահլիճը լեփ լեցուն է, լրագրողներ կան աշխարհի բոլոր առաջատար լրատվական կազմակերպություններից: Իմ տեխնիկական սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս ձայնագրել հանդիպումը, միայն օրագրային գրառումները չեն կարող ստույգ փոխանցել այն մթնոլորտն ու կոնկրետ հարցերին տրված Վեհափառի դիվանագիտորեն ճշգրիտ պատասխանները՝ սքանչելի, ոսկեղենիկ հայերենով, որոնք թարգմանում էր Լյուդմիլա Հարությունյանը: «Երանի նրանց, ովքեր հալածված են արդարության համար»,- հացադուլավորներին հիշեց նա: «Ես չեմ համարում, որ այս վիճակը նորմալ է երկու ժողովուրդների համար: Մեղք են երկուսն էլ: Իբրեւ հայ ժողովրդի զավակ, ես չեմ հավատում հակամարտությունների օգտակարությանը: Զգայական վիճակը հանդարտեցնելու համար շոշափելի կարգադրություն պիտի լինի: Լեռնային Ղարաբաղը պատմականորեն միշտ եղել է Հայաստանի անբաժանելի մասը՝ քրիստոնեություն ընդունելուց առաջ: Ղարաբաղում գործում էր 105 եկեղեցի եւ 18 վանք՝ Գանձասար կենտրոնով, 92 տոկոս մաքուր հայ բնակչությամբ: Խորհրդային շրջանում, երկու տարվա մեջ փակվել են բոլորը, ձերբակալել են եպիսկոպոսին, քահանաները փախել են Էջմիածին: Նրանց արգելվեց վերադառնալ հայրենիք: Ղարաբաղի հարցը կրոնական պատճառ չունի, դա ազատական շարժում է՝ բարոյական բարձր արժեքների հիմքով: Միամիտ կլինի մտածել, թե իմ ու Ալա Շուքյուր Փաշազադեի հանդիպումը պիտի օգնի հարցի լուծմանը: Այդ հարցը պետք է լուծվի պետական մակարդակով: Պետությունը պիտի ստույգ որոշում կայացնի»:

29-ը հոկտեմբերի 1990թ. Մոսկվա

Առավոտյան հացադուլից դուրս գալու պատրաստություն է: Ժամանեց բժիշկների խումբը: Նորից մանրամասն ստուգումներ, զանազան գրանցումներ, բավական երկար արարողություն էր: Վալերի Մարությանը պոկում է դռանը կպցրած հացադուլի հայտարարությունը: Ժամը 6-ին կոնգրեսականներ եկան Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից: Հացադուլից դուրս գալու աղմուկն ու պատրաստությունն ահագին դժվար գործ դուրս եկավ: Երեկոյան, Մոսկվայի ժամանակով ժամը 8-ին սկսվեց արարողությունը: Վեհափառն անչափ ուրախ էր: Օրհնեց հացադուլից դուրս եկած խմբին ու մեզ նույնպես: Պատասխան խոսք ասացին ամեն մեկն առանձին՝ հիշելով բոլոր նրանց, ովքեր սատարել էին իրենց համար շատ լուրջ ու ծանր փորձության ժամին: Խմբի անունից Սոսը հատուկ խոնարհումով որդիական երախտագիտություն հայտնեց Վեհափառի Հորը: Հետո սեղան բացեցինք Ղարաբաղի թթի օղիով: Վեհափառ հայրը իր այգուց տանձ էր բերել. կտրեց ու բաժանեց բոլորիս: Եկավ նաեւ Մանուչարովը: Վեհափառը օրհնեց ու խաչակնքեց նրան՝ տառապանքներդ ունայն չանցան, որդիս՝ ասաց:

Ի՜նչ բախտ ու երջանկություն էր մոտիկ լինել, լսել Վեհափառ հոր կենդանարար ձայնը, զգալ պաշտպան ու զորավիգ խոսքի շնորհների ավետիսը, հզորանալ սրտով ու կամքով: Հասկանալ ու կարեւորել անելիքդ՝ այս լայնատարած հողագնդի մի անկյունում ընկած մեր փոքրիկ Հայրենիքի կյանքում: Զգալ քեզ մի մասնիկը քո հողի: Ու պատասխանատվություն զգալ քո բաժին մի մասնիկը պահելու ու զորացնելու համար:

Հ. Գ. Այս օրերին մամուլում ու սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի չմոտենալու դեպքը: Առաջին նախագահն էլ ստիպված մի անհաջող պատասխան գտավ: Ոչ իր խելքի ու մտքի զորությանը արժան:

Չգիտեմ ով ինչ կասի, բայց ես շատ եմ գնահատում անկեղծությունը: Ու շատ շնորհակալ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ սուտ քաղաքականություն չխաղաց: Ու չկեղծեց ինքն իրեն: Ասաց. «Ես չեմ այն ներողը, սիրո, բուժման, նորոգման ու առողջության փափագելի մարգարեն, որին սպասում եք: Ես այն եմ, ինչ կամ: Ու չեմ փոխվելու: Ընդունո՞ւմ եք ինձ, թե ոչ, ինքներդ որոշեք: Ես անկեղծ եղա ու չխաբեցի ձեզ»:

Սրանից ազնիվ քայլ՝ ես չեմ պատկերացնում:

Միայն թե… Ափսոս, հազար ափսոս…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել