Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ ԾԵԾԵԼ Է ՄԵՏԱՂԱԼԱՐՈՎ

Ապրիլ 01,2011 00:00

Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցում անառողջ վիճակն ու լարված մթնոլորտն են դեռ թագավորում, կրթության նախարարն էլ  չի շտապում քայլեր ձեռնարկել:

Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի մասին վերջին մեկ ամսում մի 6 անգամ գրած կլինենք: Հիշեցնենք, որ դպրոցի տնօրեն, հանրապետական Սուսաննա Նազարյանը վերջին մեկ ամսում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից երկու նկատողություն է ստացել, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ, տեսչական ստուգումներով դպրոցում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, սակայն Սուսաննա Նազարյանը շարունակում է պաշտոնավարել: Մարտի 30-ին Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե տնօրենի հանրապետական լինելը նրան չի փրկի պատասխանատվությունից եւ հավելել, որ Նազարյանի հետագա պաշտոնավարումը կախված կլինի հետաքննության ընթացքից:

Որքան կձգվի գործի քննությունը՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ Սուսաննա Նազարյանը, թե այլ ուսուցիչներ հերթով կանչվում են ոստիկանություն: Ասում են՝ տնօրենի շահերը պաշտպանող ուսուցիչների եւ դպրոցի ղեկավարի բավականին ջերմ հարաբերությունները, ոստիկանությունում հայտնվելուց հետո, որակական նոր փուլ են թեւակոխել: Եթե մինչ աղմուկն ու քրեական գործը կրթօջախի ղեկավարի հիմնական խնդիրը դպրոցից հեռացած աշակերտների ծնողներն էին, ապա հիմա՝ ներքին խռովություններ են խմորվում: «Առավոտի» աղբյուրի հավաստմամբ՝ ուսուցիչներից մեկը նույնիսկ ազատման դիմում է ներկայացրել: Բանը հասել է նրան, որ հասարակագիտության երիտասարդ ուսուցչուհի Գոհար Բարսեղյանը լարվածությունից կամ Աստված գիտի, թե ինչ պատճառներից դրդված ու ինքնատիրապետումը կորցրած՝ հենց դասի ժամանակ մետաղալարով ծեծել է 8-րդ Ա դասարանի աշակերտ Արման Կոստանյանին: Արմանը կատարվածի մասին հայտնել է ծնողներին: Մայրը՝ տիկին Աշխենը, գնացել է դպրոց՝ դեպքի վերաբերյալ ուսուցչուհուց ու տնօրենից բացատրություններ ստանալու: «Տնօրենը դպրոցում չէր: Փոխտնօրեն Հակոբյանն ասաց, որ կատարվածի մասին կտեղեկացնի Նազարյանին, իսկ հասարակագիտության ուսուցչուհին ներողություն խնդրեց՝ ասելով, որ շատ անկարգ դասարան է, ինքն էլ չի դիմացել եւ ձեռք է բարձրացրել երեխայի վրա»,- պատմում է տիկին Աշխենը, ով արդեն մտածում է գալիք ուսումնական տարում երեխային այլ դպրոց տեղափոխելու մասին: Տիկին Աշխենը ասաց նաեւ, որ երեխային ծեծող ուսուցչուհին հրաժարվել է դասարան մտնել այնքան ժամանակ, մինչեւ երեխաներն իրենց կարգի կհրավիրեն: Բայց միթե ուսուցիչը չգիտի, որ երեխան դաստիարակվում է նաեւ ուսուցիչների օրինակով: Ու չի կարող զուսպ, կիրթ ու հավասարակշռված սերունդ աճել ու կրթվել մի դպրոցում, որտեղ անառողջ մթնոլորտ է՝ խարդավանքներ, գզվռտոց ու որպես արդյունք՝ աշակերտներ եւ ուսուցիչներ են հեռանում դպրոցից:

Թերեւս այս ամենը չլիներ, եթե երբեմնի լավ համբավ ունեցող դպրոցի առօրյան խաթարողները արժանի պատիժ ստանային կամ գոնե հիմա Արմեն Աշոտյանն ու այլ պաշտոնյաներ մի քիչ արագ աշխատեին, արձանագրված խախտումներից հետո քայլեր անեին: Սուսաննա Նազարյանին հայտարարված նկատողությունները նրա ապօրինությունների մասին մամուլի բարձրացրած աղմուկի հետեւանք են: Եթե մամուլը չգրեր, միգուցե Արմեն Աշոտյանը այդպես էլ մնար երանելի անտեղյակության մեջ ու իր կուսակցական ընկերոջ մասին իրականությունը չիմանար: Հիմա գիտի, բայց իրեն այնպես է պահում՝ ասես չգիտի:

Էջմիածնի բնակիչներից մեկը «Առավոտի» հետ զրույցում նկատեց. Լուռու մարզի երկու բժշկուհիների վերցրած կաշառքի համար նրանց նկատմամբ կալանքի սանկցիա կիրառվեց (այս մասին «Առավոտը» գրել է մարտի 8-ին եւ 23-ին): «Նազարյանի մեքենայությունների մասին բոլորն են խոսում, նախարարության տեսուչներն են դրանք արձանագրել, բայց, չգիտես ինչու, խորհրդավոր լռություն է պահպանվում: Եթե լոռեցի բժշկուհիների ստացած կաշառքը միասին վերցրած 55 000 դրամ է, ապա երեք ուսուցչուհիների մեկ ամսվա աշխատավարձը, որ ստացել են առանց այդ ամիսներին դպրոց մտնելու, մոտ երեք անգամ գերազանցում է բժշկուհիների վերցրածը: Գրեթե նույն մեղքի համար մեկին պատժելու, մյուսին անպատիժ թողնելու տրամաբանությունը ո՞րն է»,- հարցն «Առավոտին» ուղղեց թերթի զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել