Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանի հեռախոսը «չի աշխատում»

Ապրիլ 01,2011 00:00

2011 թ. մարտի 24-ին կայանալիք դատական նիստի մասին հայցվոր կողմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը դատարանի կողմից ծանուցագիր է ստացել դատական նիստից մեկ օր հետո՝ մարտի 25-ին, այդկերպ զրկվելով դատական նիստին մասնակցելու իրավունքից: Վերոնշյալ դատական նիստի ժամանակ դատարանը պետք է հրապարակեր որոշում՝ բավարարելով կամ մերժելով իրավապաշտպան կազմակերպության հայցը՝ ընդդեմ Ստեփանավան համայնքի ավագանու կայացրած որոշման:

Հիշեցնենք, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր դիմել Ստեփանավան համայնքի ավագանու ընդունած վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով՝ համարելով, որ այն ոչ իրավաչափ է եւ հակասում է ՀՀ օրենսդրությանը: «Ըստ ծրարի վրա առկա կնիքների՝ իրենք տվյալ գրությունը ուղարկել են մարտի 23-ին, բայց մեզ է հասել մարտի 25-ին: Իմ տեղեկություններով, փոստը 3 օրվա ընթացքում է գրություննները հանրապետության տարածքում այլ քաղաքներ փոխանցում: Այսինքն՝ իրենք առնվազն պետք է տվյալ գրությունը ուղարկեին 5 օր առաջ, որպեսզի մենք գոնե 1 օր առաջ ծանուցագիրը ստացած լինեինք»,- ասում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը:

Բացի այդ՝ իրավաբանը նշում է, որ մարտի 25-ից մինչ օրս չի կարողանում կապ հաստատել ՀՀ վարչական դատարանի հետ՝ գոնե այդկերպ տեղեկանալու կայացված դատական ակտին:

«Դրանից հետո կազմակերպությունը պարբերաբար փորձեց գրության մեջ նշված հեռախոսահամարով եւ մնացած բոլոր հնարավոր միջոցներով, որոնք առկա են, այլ տեղեկատուներից վերցված հեռախոսահամարներով կապ հաստատել վարչական դատարանի հետ, որպեսզի տեղեկանանք, թե մեր գործով ինչ որոշում է կայացվել, որովհետեւ տվյալ գրությամբ հայտնվում է կազմակերպությանը, որ որոշումը կհրապարակվի այդ օրը»,- տեղեկացնում է իրավաբանը: Սակայն մինչ օրս վարչական դատարանի հեռախոսները լռում են՝ անպատասխան թողնելով իրավապաշտպան կազմակերպությանը: «Զանգում ես, ազդանշանը լսվում է, ծածկագիրը հավաքում ես, նորից լսվող ազդանշանից հետո ինչ-որ մեկը վերցնում ու հեռախոսն անջատում է»,- բողոքում է Ա. Զալյանը: Կազմակերպությունը մինչ օրս վերաքննիչ դատարանի կողմից չի ստացել նաեւ որոշման պատճենը: «Դատարանը պարտավոր էր որոշումը կայացնելուց հետո այն ուղարկել կողմերին»,- բացատրում է իրավաբանը:

Տեղեկացնենք, որ 2009թ. մայիսից Ստեփանավանի բնակիչները քաղաքապետարանից գրավոր տեղեկատվություն ստանալու համար պատճենահանվող որոշումների կրկնօրինակների 1 թերթի համար վճարում են 500 դրամ: Նման որոշման մասին Վանաձորի գրասենյակը տեղեկացել էր այն բանից հետո, երբ դիմում էր ներկայացրել Ստեփանավանի քաղաքապետարան՝ ստանալու Ստեփանավանի քաղաքապետի եւ ավագանու անդամների՝ 2009թ. մայիս-սեպտեմբերի ընթացքում կայացրած որոշումների պատճենները: Իրավապաշտպան կազմակերպությունը Ստեփանավանի քաղաքապետարանից ստացել էր պատասխան գրություն, որով մերժվել էր տեղեկատվության տրամադրումը՝ այն հիմնավորմամբ, որ պատճենահանվող որոշումների կրկնօրինակների 1 թերթի համար սահմանված է 500 դրամ վարձավճար: Դրանից հետո կազմակերպությունը երկրորդ անգամ էր դիմել Ստեփանավանի քաղաքապետարան եւ ստացել վիճարկվող թիվ 19-Ն որոշման պատճենը: «Նման տուրք սահմանելով՝ Ստեփանավանի ավագանու որոշումը հակասում է ՀՀ սահմանադրությանը, տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքին, տեղական ինքնակառավարման մասին օրենքին,- պարզաբանում է իրավապաշտպան Արայիկ Զալյանը,- հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, ինչը չի կարող գերազանցել այդ տեղեկատվության տրամադրման ծախսերը»: Իսկ այս դեպքում, ըստ իրավաբանի, ավագանու որոշմամբ ընդունված պատճենահանման չափը գերազանցում է պետական տուրքերի սահմանված չափին. «Մեր շուկայում ոչ մի տեղ 1 էջի համար չես հանդիպի նման արժողության պատճենահանման ծախսի»,- «Առավոտին» ասում է իրավաբան Զալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել