Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՎԵՐԻՑ ԲԱՑԻ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԷԼ ՊԵՏՔ Է ԿԹԵՆ

Ապրիլ 01,2011 00:00

Պանրի ներքին սպառումն ապահովելու համար այս  տարբերակն է նշում «Բիոկաթի» հիմնադիրը

\"\"Այս տարի էլ տեղական շուկայում կաթն ու պանիրը բարձր գներով ու համեստ ծավալներով կվաճառվեն: Այս կարծիքին է «Բիոկաթ» ընկերության հիմնադիր Գարիկ Սարուխանյանը, ով, ի պատասխան պանրագործների միության նախագահի այն հայտարարության, թե այս տարի պահանջարկից ավելի շատ պանիր ենք ունենալու («Պանրային կատաստրոֆա», «Առավոտ», 26.03.2011), «Բիոկաթ» ընկերության հիմնադիր Գարիկ Սարուխանյանը նախ հիշեցրեց, որ ամեն տարի Հայաստանում սպառվում է 16-20 հազար տոննա պանիր: 1 կիլոգրամ պանիր ստանալու համար էլ օգտագործվում է 10 լիտր կաթ. «Այսինքն՝ 180-200 միլիոն լիտր կաթ է հարկավոր պանրի ներքին պահանջարկը բավարարելու համար: Մեկը լինի հարցնի` ձեր կովը քանի՞ լիտր կաթ է տալիս, որ ապահովեք 200 միլիոն լիտր կաթ ու պանրի անհրաժեշտ քանակ: Դեռ չեմ խոսում, որ եղած կաթից արտադրում ենք կաթնամթերք ու պաղպաղակ: Մեզ էդքան կաթ որտեղի՞ց, որ պահանջարկից շատ պանիր արտադրենք, ուրեմն՝ Հայաստանի մարդկանց էլ պետք է կթեն, որ էդքան կաթ ապահովեն»: Քանի դեռ կաթի մթերման գները 180-200 դրամից չեն իջնի, սպառողն էժան պանրի երես չի տեսնի, զգուշացնում է պարոն Սարուխանյանը. «Միայն 2000 դրամ կազմում է պանրի հումքի գինը, բայց կան նաեւ առաքման ու այլ ծախսեր, հարկ ու տուրք: Այսինքն՝ պանիրն արդեն 3500 դրամի է հասնում: Դրա համար էլ դադարեցրել եմ պանրի արտադրությունը: Ինչի՞ համար արտադրեմ, որ հետո վնասով վաճառե՞մ»: Թեեւ վերջերս պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը «Առավոտին» ասել էր, թե արդեն աշնանը արտադրողներն իրենց պանիրը ջրի գնով կվաճառեն, միայն թե ազատվեն, պարոն Սարուխանյանը վստահեցրեց՝ պանրի գները չեն նվազի տարվա եւ ոչ մի եղանակին. «Պանրագործների միության նախագահի ասածը ցույց է տալիս, որ ինքը չունի համապատասխան կրթություն ու ոլորտից այդքան էլ տեղյակ չէ: Իրան տանեմ երեք պանիր ցույց տամ, ինքը չի հասկանա քանի օրվա պանիր է կամ թե ինչքանով է ստանդարտին համապատասխանում: Այդ միության նախագահը տեղյա՞կ է, թե Հայաստանում տարեկան ի՞նչ ծավալի պանիր է սպառվում»: Ի դեպ, Պանրագործների միությունից մեզ փոխանցեցին, որ միության նախագահը մասնագիտությամբ շուկայագետ է:

Անդրադառնալով պանրի որակին, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ շուկայում գերակշռում է հիվանդ ու անորակ պանիրը. «Ամիսներ առաջ բոլոր խանութներում «Լոռի» պանիր էին մեծ-մեծ գլուխներով վաճառում, իսկ այսօր արդեն տալաշ-տալաշ է վաճառվում, որովհետեւ լավ գիտեն, որ գլուխներով դնեն՝ կճմռթվի, տեսքից կընկնի, ու արդեն առանց ստուգելու էլ անզեն աչքով կնկատվի՝ այն որակին ու պահանջներին չի համապատասխանում»: Պանրի շուկան ուսումնասիրել ու կոպիտ խախտումներ է արձանագրել նաեւ վարչապետի վերահսկողական ծառայությունը, այդ խախտումներին վերջերս անդրադարձավ նաեւ վարչապետը՝ տեղեկացնելով, որ 6 ամիս անց վերահսկողական ծառայությունը կրկին ոլորտում ուսումնասիրություն կանի՝ պարզելու, թե արձանագրած խախտումները վերացե՞լ են: «Եթե դրսում հանցագործ բռնեն, պետք է ասեն՝ քեզ 6 ամիս ժամանա՞կ ենք տալիս, եթե չուղղվես, նոր կդատենք: Պանրի շուկայում խայտառակ վիճակ են բացահայտել, ու ոչ ոքի չեն պատժել, ինչի՞ն են սպասում ու դեռ 6 ամիս էլ ժամանակ են տալիս»,- ասում է պարոն Սարուխանյանը: Նրա խոսքով, ոլորտը կարգավորելու նպատակով, կառավարությունը մեկը մեկից անհեթեթ որոշումներ է ընդունում. «Հիմա էլ որոշել են, որ կաթի բաղադրությունը տոկոսներով պետք է նշվի: Պարզ երեւում է, որ անգրագետ մարդու առաջարկ է, տոկոսը չես կարող նշել, նույն կովի կաթն ամեն օր տարբեր բաղադրություն ունի, դրա համար գուցե նշենք պարզապես չոր կա՞թ: Արդեն մի քանի տարի է՝ այս որոշումն ուժի մեջ է մտել, բայց ոչ ոք չի էլ վերահսկում: Թացը չորին է խառնվել»: Իսկ բոլոր նրանց, ովքեր համոզված պնդում են, թե պանիրը կաթի փոշուց են սարքում, պարոն Սարուխանյանը հատուկ մրցանակ է նախատեսել. «Էդ ո՞ր տգետն է ասել, որ պանիրը կաթի փոշուց են ստանում, թող գա փոշուց 1 կգ պանիր ստանա, ու ես նրան Նոբելյան մրցանակ կտամ: Կաթի փոշուց լավ կաթնամթերք են ստանում, պաղպաղակ, բայց ոչ երբեք պանիր»: Պանրի արտահանմանն անդրադառնալով, մեր զրուցակիցը ասաց, թե զարմացած է, որ թեեւ ներքին շուկայում պանրի մեծ պահանջարկ կա, Հայաստանն էլի պանիր է արտահանում. «Ռուսաստանում ցորենի դեֆիցիտը հենց առաջացավ, միանգամից արտահանման վրա արգելանք դրեցին: Մենք չենք կարողանում մեր քաղաքացուն պանիր հասցնել, բայց պանիր է, որ արտահանում ենք: Միայն մտածում են, ինչ անեն, որ ավելի շատ արտահանեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել