Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուժեղացնել «պիրատության» դեմ պայքարը

Ապրիլ 01,2011 00:00

Կոչ են անում գործարարները

Աշխարհի գրեթե բոլոր շատ թե քիչ զարգացած երկրներում գործում են ստեղծագործողների հեղինակային իրավունքները պաշտպանող օրենքներ: Թե ինչքանով են պաշտպանված մեր երկրում ստեղծագործողները, ձայնա եւ տեսասկավառակների ձայնագրությամբ զբաղվող տնտեսվարողները եւ ընդհանրապես սպառողները՝ պատմեցին «Ադամս փրոդաքշն» ընկերության ներկայացուցիչ Շավարշ Ղարիբյանը եւ «Հայ Ֆայ» ստուդիայի տնօրեն Արտաշես Բոստանջյանը, ովքեր երեկ «Հայացք» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում խոսեցին 2010թ. ԱԺ-ի կողմից ընդունված «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքից:

Շավարշ Ղարիբյանը նշեց, որ 2006թ. ընդունած «Հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին» օրենքում իրար հակասող դրույթներ կան: Օրինակ, օրենքում ամրագրված է, որ այս ոլորտում պետք է լինեն «միջնորդ» կազմակերպություններ, սակայն մյուս դրույթում նշված է, որ ընդամենը մեկ կազմակերպություն պետք է լինի: Բանախոսը նշեց, որ ըստ այդմ, «Հայ հեղինակ» կազմակերպությունը՝ որպես հոնորարներ ստացող եւ հեղինակին փոխանցող միջնորդ հասարակական կազմակերպություն, այս դաշտում մոնոպոլիստ է, եւ բոլոր տնտեսվարողները պետք է աշխատեն միայն այդ կազմակերպության հետ:

Բանախոսները նշեցին, որ օրինական դաշտում գործող բոլոր գործարարներն այս օրենքը ողջունում են, սպասում էին դրան: Սակայն օրենքը առաջացնում է դժվարություններ, որոնք անհաղթահարելի են տնտեսվարողների համար՝ մասնավորապես ըստ Շ. Ղարիբյանի. «Օրենքով պարտադրվում է ստեղծագործություն օգտագործելու համար ունենալ պարտադիր պայմանագիր իրավատիրոջ հետ: Դրոշմապիտակներ ստանալու համար այդ պայմանագիրը պարտադիր է թե ներմուծման, թե արտադրության համար, բայց ինչպե՞ս պետք է ստանանք այդ պայմանագրերն արտասահմանյան իրավատերերից»: Ի դեպ, նա օրինակ բերեց Ուկրաինայի փորձը. «Այդ պայմանագրերով զբաղվում է հենց պետությունը, իսկ գործարարները պարզապես դրա համար հարկ են վճարում պետությանը: Սակայն մեր օրենքով պետությունը այդ բեռը գցում է արտադրողների վրա»:

Այնուհետեւ բանախոսներն անդրադարձան մամուլում տպագրված հոդվածներին, որոնցում, ըստ իրենց, փորձ է արվում ոչ միայն խեղաթյուրել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային, մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո առաջ եկած մի շարք խնդիրները, այլեւ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ կապել ըստ այդ հրապարակումների «պիրատության» հովանավորչություն կոչվող երեւույթը: Շ. Ղարիբյանը անընդունելի համարեց այն, որ միտումնավոր վարկաբեկում են ոչ միայն իրենց՝ որպես օրենքի պահանջներով աշխատող տնտեսվարողների՝ անվանելով «պիրատներ», այլ նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությանը եւ համանուն խմբակցության ղեկավարին, ով ընդառաջ գնալով իրենց դիմումին՝ ընդամենը հարց հնչեցրեց Ազգային ժողովում՝ փորձելով կառավարությունից ստանալ մի քանի հարցերի պատասխաններ, որոնք ի հայտ են եկել օրենքի ընդունումից հետո: Ա. Բոստանջյանը նշեց. «Հեղինե Բիշարյանը մեզ հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց, որ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները եւ անձամբ ինքը կողմ են քվեարկել օրենքին, քանի որ այն խիստ անհրաժեշտ էր շուկան մաքրելու համար անորակ ու անօրինական արտադրանքներից, որպեսզի Հայաստանում պաշտպանվեն ոչ միայն ստեղծագործողների, արտադրողների հեղինակային իրավունքները, սպառողների շահերը, այլ նաեւ մեր՝ օրինական դաշտում աշխատող տնտեսվարողներիս շահերը»: Ըստ բանախոսների՝ օրենքը 2011թ.-ի մարտի 1-ից մտել է ուժի մեջ, բայց իրենք չեն կարողանում ձեռք բերել դրոշմապիտակ, հայտնի չէ ոլորտի հարցերով զբաղվող լիազոր մարմինը եւ այլն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել