Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆԻ՞Ն Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ

Ապրիլ 01,2011 00:00

\"\"Առանց համարժեք տեղ հատկացնելու՝ բացօթյա առեւտուրն արգելելը ՀՅԴ-ի սրտով չէ

«Օրենքում այդ մասին լրացումներ են կատարվել 2007 թվականին, սակայն, չգիտես ինչու, նոր է սկսել արգելքը գործել: Հարց է առաջանում՝ իսկ մինչեւ այդ ինչո՞վ էին զբաղված տարածքային ինքնակառավարման մարմինները: Նրանք դրսեւորել են անգործությո՞ւն: Եթե այդպես է, ինչո՞ւ նրանց պատասխանատվության չեն ենթարկել, կամ եթե այդպես չէ, ուրեմն ի՞նչն է պատճառը, որ այս օրենքը չի գործել: Ես կարող եմ ասել ինչու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի գումար աշխատելու, իսկ այդ նպատակով աշխատատեղ ստեղծելու պարտավորությունը պետությանն է: Ուստի առանց համարժեք փոխհատուցման կամ համարժեք տեղի հատկացման այդ մարդկանց ուղղակի զրկել եք իրենց օրվա հացի վաստակից: Նշեմ, որ այս օրենքը վերաբերում է ոչ միայն Երեւանին, այլեւ ամբողջ Հայաստանին, սակայն իրականացվում է միայն Երեւանում: Փաստորեն, Երեւանի քաղաքապետարանը բոլորին մեղադրում է անգործության մեջ»,- երեկ Ազգային ժողովում կայացած բացօթյա առեւտուրն արգելելու մասին ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ այսպիսի ելույթով հանդես եկավ դաշնակցական Արծվիկ Մինասյանը, որը Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի կողմից առաջադրված էր որպես թեկնածու: Նրա ելույթից հետո քննարկմանը ներկա 6 առեւտրականները նստած տեղներից գոչում էին՝ «Ապրես դու»: «Առավոտի» այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Երեւանի քաղաքապետարանի հասցեին նման ելույթ հնչեցնելով, նա պատասխանեց. «Ես ակնկալում եմ ողջախոհություն, ակնհայտ է, որ սա այն դեպքը չէ, որ որոշումը կայացվել է եւ այն պետք է անպայման առաջ տանել»:

Քննարկմանը ներկա Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը արդեն հետո լրագրողների հետ զրույցում պատասխանեց բոլոր հետաքրքրող հարցերին: Նրա խոսքերով. «Իմ անձնական կարծիքով, մեր օրենքի խստությունը ճիշտ է: Մարդիկ անցնում էին, ասենք, Վարդանանց փողոցով, ձեզ համար հաճելի՞ էր այդ փողոցում փռած ապրանքները տեսնելը»: Խոսելով բողոքի ձայն բարձրացրած առեւտրականների մասին՝ նա ասաց. «Առաջին դժգոհության հոսքը որ եղավ, դրանք խոշոր առեւտրի օբյեկտների դրդումով արվածներն էին, որոնք իրենց ապրանքները հանում-փռում էին իրենց խանութների դիմաց: Այդ հոսքի մեջ կային նաեւ առանձին առեւտուր իրականացնողներ, որոնք ինչ-որ տեղից ինչ-որ բան էին առնում եւ նստում իրենց բակում վաճառում: Վերջինների քանակությունը շատ քիչ է: Ճիշտ քանակ չեմ կարող ասել, բոլոր թվերն էլ թիվ են մեզ համար: Այս մարդկանց սոցիալական խնդիրն ենք ցանկանում լուծել: Ծրագիր ունենք Արագածոտնի եւ Արարատի մարզերում՝ Երեւան մտնելու ճանապարհին, բացել տոնավաճառներ: Ժամանակին կար այդ նախագիծը, սակայն, չգիտես ինչու, այդպես էլ չիրականացավ: Հիմա փորձելու ենք կյանքի կոչել: Այն կլինի օրենքին համահունչ առեւտրի օբյեկտ՝ սառնարանը կապահովվի, որը թույլ կտա գյուղացիներին թեկուզ մեկ շաբաթով իրենց ապրանքը պահել այդտեղ: Քաղաքապետն արդեն հանձնարարել է տեղանքի ճշտումներ անել: Հիմա մեզ մոտ քննարկվում է նաեւ ամբողջ աշխարհի քաղաքներին բնորոշ կիրակնօրյա տոնավաճառների կազմակերպումը, որտեղ կարող են գրեթե ամեն ինչ վաճառել»:

Մինչ ԱԺ-ի ներսում այդ թեմայով քննարկում էր գնում, շենքից դուրս հավաքվել էին բացօթյա առեւտուր իրականացնողները, որոնք իրենց ընտրած պատգամավորներից պահանջում էին այս հարցին լուծում տալ, որպեսզի կարողանան իրենց օրվա հացի գումարը վաստակել: Նրանք ասում էին, թե արդեն 3-րդ ամիսն է, որ չեն աշխատում եւ չեն կարողանում ապրել. «Մենք մեր իշխանությունից աշխատատեղ չենք ուզում, այլ պահանջում ենք մեզ վերադարձնել մեր աշխատանքը: Չէ՞ որ մենք էինք գյուղացու ապրանքը վաճառողը, թոշակառուներին «նիսյա» ապրանք տվողը: Ամեն մեկս էլ մեր տանը հացի խնդիր ունենք, որ դուրս ենք եկել փողոց՝ առեւտուր անելու»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չեն ուզում շուկա գնալ եւ ավելի քաղաքակիրթ պայմաններում իրենց առեւտուրն իրականացնել, մանավանդ որ՝ առաջիկա մի քանի ամիսներին տեղի վարձ չեն տալու, առեւտրականները միանգամից բորբոքված պատասխանեցին. «Ո՞վ է ասում, որ այնտեղ քաղաքակիրթ պայմաններ են, Արաբկիրի շուկայում պանիրների գլխին ճանճեր են հավաքվում, քշող չկա, դրա կողքին էլ ձուկ են վաճառում: Պրոսպեկտի շուկայում էլ գնացողներ եղել են, ոչ էլ ընդառաջում են, ամեն օր էլ 1500 դրամ տեղի գումարը վերցնում են: Հետո էլ՝ հիմա ով է գումար ծախսում՝ հասնում շուկա, բոլորն էլ իրենց տան մոտի խանութներից են օգտվում»:

Առեւտրականների այս հարցերով երբ դիմեցինք պարոն Արեյանին, նա պատասխանեց. «Մենք, որպես քաղաքային իշխանություն, տեր կանգնեցինք այդ օրենքի պահանջներին: Այդպիսի դեպքերում թող մյուսներն էլ բարի լինեն կատարեն իրենց պարտավորությունը՝ այն, ինչ անթույլատրելի է՝ թող արգելեն: Շուկայի տերը հնարավորություն պետք է ստեղծի սննդամթերքի մաքրության եւ պահպանման համար: Գյուղատնտեսության նախարարության՝ սննդի անվտանգությունը, առողջապահության նախարարության՝ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը պետք է ստուգումներ իրականացնեն եւ պահանջներ դնեն: Մեր խնդիրն է մարդկանց սոցիալական հարցերին տալ գրագետ լուծում: Եկողը փող էր հավաքում փողոցում առեւտուր իրականացնողներից, դա բոլորն էլ գիտեն: Հիմա նա գնում է շուկա, եւ ոչ մեկը իր գրպանը չի մտնում: Տեղի գումար է տալիս միայն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել