Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՎԵԼ Է ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՄԲ

Ապրիլ 01,2011 00:00

Թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության դեպքերը՝  ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ 2011թ. մարտի 30-ին տեղի ունեցած ՀՀ դատախազության կոլեգիայի աշխատանքային նիստում քննարկվեցին 2009-2010թթ. ընթացքում ապօրինի եւ կեղծ ձեռնարկատիրության, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության կատարած վերլուծությամբ պարզվել է, որ 2009թ. արձանագրված 66 մաքսանենգության դեպքերից 22-ը կազմում են թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, որոնք բոլորը վերաբերում են ներմուծմանը: 2009թ. արձանագրված թմրամիջոցների մաքսանենգության 22 դեպքից 16-ը կատարվել է հայ-իրանական սահմանի Մեղրու մաքսակետում եւ Իրանից այդ 16 դեպքով ընդհանուր առմամբ մաքսանենգ եղանակով տեղափոխվել է 11 կգ 925գ ափիոն, 3.35գ մարիխուանա, 620,34գ հաշիշ, 0,5գ տրամադոլ, 0,7մլ քացախաթթվի անհիդրիդ:

2010թ. ընթացքում արձանագրված 102 մաքսանենգության դեպքերի շարքում թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը 49-ն են։ 2010թ. ընթացքում արձանագրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող մաքսանենգության 49 դեպքից 40-ը վերաբերում է ներմուծմանը, 1-ը՝ ներմուծման փորձին, իսկ 8-ը՝ արտահանմանը (տարանցմանը), երբ դրանք ներմուծվելուց հետո, օրեր անց փորձել են արտահանել Հայաստանից, սակայն մաքսանենգությունը կանխվել է։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող՝ 2010թ. ընթացքում արձանագրված մաքսանենգության 49 դեպքից 34-ը կատարվել է Մեղրու մաքսակետում, 1-ը՝ Արարատյան տարածաշրջանային մաքսատանը, 11-ը՝ «Զվարթնոց» մաքսատանը, 3-ը՝ միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատանը։

Այսպիսով, վերլուծությունները ցույց են տալիս, որ մաքսանենգ եղանակով առավել շատ թմրամիջոցներ ՀՀ ներմուծվել են ԻԻՀ-ից՝ Մեղրու մաքսակետով։

2010թ. Իրանից 19 դեպքով ՀՀ է տեղափոխվել 1 կգ 951գ ափիոն, 15 դեպքով՝ 26կգ 641գ մետամֆետամին, 1 դեպքով՝ 34,881գ հաշիշ եւ 1 դեպքով՝ 0,05գ դիազեպամ տեսակի թմրամիջոց, ՌԴ-ից՝ 1 դեպքով՝ 7, 8գ հերոին եւ 1 դեպքով՝ 31,254գ մեթադոն տեսակի թմրամիջոց, Թուրքիայից՝ 1 դեպքով՝ 6կգ 934,2գ հերոին եւ 1 դեպքով՝ 3կգ 820գ ափիոն տեսակի թմրամիջոց, ԱՄՆ-ից՝ 1 դեպքով՝ 54,7գ մարիխուանա, 1 դեպքով՝ 20,4գ տրամադոլ եւ 0, 6876գ մորֆին տեսակի թմրամիջոց, Ֆրանսիայից՝ 1 դեպքով՝ 29,7գ հաշիշ, 2 դեպքով՝ 2, 6304գ բուպրենորֆին եւ 1 դեպքով՝ 0,05գ դիազեպամ տեսակի թմրամիջոց, Գերմանիայից՝ 1 դեպքով՝ 134, 39գ մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից փորձել են, ընդհանուր առմամբ, մաքսանենգ եղանակով տարանցիկ արտահանել՝ 8 դեպքով՝ ՌԴ, այնուհետեւ՝ Թաիլանդ՝ 19կգ 700գ մետամֆետամին տեսակի թմրամիջոց, սակայն բոլոր դեպքերով թմրամիջոցների արտահանումը կանխվել է իրավապահների եւ մաքսային ծառայողների կողմից:

Ի դեպ, մետամֆետամինը, ի տարբերություն, օրինակ, կոկաինի, որն անջատվում է բույսերից, սինթետիկ, «մարդու կողմից պատրաստված» չափազանց հզոր եւ առաջին իսկ օգտագործումից կախվածություն առաջացնող քիմիական պրեպարատ է՝ խթանիչ, որն առաջ է բերում ագրեսիվ վարքագիծ։ Եթե կոկաինի ազդեցությունը 1 ժամ է, ապա մետամֆետամինի ազդեցությունը պահպանում է 6-12 ժամ։

Ուշագրավ է, որ այս կամ այն տեսակի թմրամիջոցները պատիճներով կուլ տալու եւ որովայնում տեղափոխելու եղանակը, որպես այդպիսին, իրավապահներին հայտնի է եղել, եւ նախկինում բացահայտվել են նմանատիպ հանցագործության մի շարք դեպքեր, բայց այդ եղանակով մետամֆետամին տեսակի թմրամիջոցի Հայաստան ներկրելու առաջին դեպքը բացահայտվել է ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցների կողմից:

2010թ. փետրվարի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցների կողմից զննման է ենթարկվել Երեւան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի ուղեւորներ՝ Իրանի քաղաքացիներ Հ. Աբարղանիի եւ Ա. Ահմադիփուրիի ուղեբեռը, որի արդյունքում հայտնաբերվել է աերոզոլային 10 մետաղյա տարաներում քողարկված 3 կիլոգրամ 61. 60 գրամ մետամֆետամին։

Պարզվել է, որ Իրանի հիշյալ քաղաքացիները Երեւան են ժամանել 2010թ. փետրվարի 22-ին՝ ինքնաթիռով, ապա ապրել են վարձակալած բնակարանում, ուր՝ քննությամբ չպարզված նրանց հանցակիցը բերել է 24 աերոզոլային տարա, որոնցից 10-ի մեջ լցված է եղել թմրամիջոց։ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2010թ. դատավճռով Հ. Աբարղանին եւ Ա. Ահմադիփուրին դատապարտվել են 12-ական տարի ազատազրկման։

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Մ. Ախլաղին եւ Մ. Բեյրամին, 2010թ. մարտի 2-ին, նախապես միմյանց հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, ՀՀ եւ ՌԴ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով Թաիլանդ փոխադրելու նպատակով, Իրանում ապօրինի ձեռք են բերել 949,56 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոց եւ, այն 150 պատիճներում կուլ տալու եղանակով որովայնում պահելու միջոցով, նույն օրը մաքսանենգ ճանապարհով՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, Մեղրու մաքսային կետով Իրանից անարգել փոխադրել են ՀՀ։ Երեւանում վարձակալած բնակարանում արտաթորելով պատիճները, հետագայում՝ 2010թ. մարտի 4-ին, մինչ օդանավակայան գնալը, հնարավորության ներածի չափով Մ. Ախլաղին կուլ է տվել 53 պատիճ, 1-ը՝ պահել գրպանում, Մ. Բեյրամը կուլ է տվել 41 պատիճ, իսկ մնացած 55 պատիճը պահել են վարձակալած բնակարանում՝ հետագայում նույն եղանակով տեղափոխելու համար։

«Զվարթնոց» օդանավակայանում, մինչ Երեւան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի ինքնաթիռով մեկնելու համար մաքսային հսկողությունն անցնելը, Մ. Բեյրամի ինքնազգացողությունը վատացել է, եւ նա ստիպված փորձել է ուղետոմսը փոխել հաջորդ օրվա համար, որն էլ գրավել է ոստիկանության աշխատակիցների ուշադրությունը, իսկ Մ. Ախլաղինն այդ ընթացքում փորձել է անցնել մաքսային հսկողությունը, սակայն, նույնպես գտնվելով ոստիկանության աշխատակիցների տեսադաշտում, ընկերոջ հետ բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, ապա երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ հայտնաբերվել են կուլ տված թմրամիջոցները։

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Մ. Ախլաղինը դատապարտվել է ազատազրկման՝ 13, իսկ Մ. Բեյրամը՝ 12 տարի ժամկետով։

ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալներ, 2010թ. մարտի 10-ին «Արմենիա» միջազգային օդանավակայանում, Երեւան-Մոսկվա-Բանգկոկ չվերթով Թաիլանդ մեկնող ուղեւորներ, ԻԻՀ քաղաքացիներ Հ. Դայանի եւ Ռ. Շիրինի ուղեբեռի մաքսային ստուգման ժամանակ հայտնաբերել են կասկածելի 6 սվիտեր, որոնք շոշափելիս թողել են սպիտակ փոշու հետքեր։ Փոշենման նյութի բաղադրության նախնական ստուգմամբ պարզ է դարձել, որ այն թմրամիջոց է։ Այնուհետեւ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել Հ. Դայանը, Ռ. Շիրինը, ինչպես նաեւ մաքսային հսկողությունն անցած ԻԻՀ-ի մեկ այլ քաղաքացի՝ Ս. Յուսեֆը։ Վերջինիս ուղեբեռի զննմամբ հայտնաբերվել է եւս 2 սվիտեր, որոնք, սակայն, ներծծված են եղել ոչ թե թմրամիջոցով, այլ շաքարաջրով։

Նախաքննությամբ հետագայում պարզվել է, որ Ս. Յուսեֆը, լինելով կազմակերպված հանցավոր խմբի անդամ, թմրամիջոց հանդիսացող մետամֆետամին նյութի լուծույթով ներծծված, ապա չորացված սվիտերները մաքսային հսկողության ընթացքում չբացահայտելու հնարավորությունը ճշտելու համար, փորձնական՝ շաքարաջրով ներծծված եւ չորացված 2 սվիտերները, մաքսային հսկողությունն առանց կասկածի բարեհաջող անցկացնելուց հետո, բջջային հեռախոսով զանգել է Երեւանում իրեն սպասող՝ կազմակերպված խմբի մյուս անդամ Մ. Էյնոլահփուրին՝ տեղեկացնելով այդ մասին։ Վերջինս իր հերթին զանգել է Հ. Դայանին եւ Ռ. Շիրինին՝ նույնպես տեղեկացնելով այդ մասին, որից հետո նրանք փորձել են անցնել մաքսային հսկողությունը, սակայն թմրամիջոցը հայտնաբերվել է։

Փորձաքննությամբ պարզվել է, որ տեղափոխվող նյութը մետամֆետամին տեսակի՝ 4 կիլոգրամ 656.65 գրամ թմրամիջոց է։ 2010թ. թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված 62 մաքսանենգից 50-ը եղել է օտարերկրացի, որոնցից 49-ը՝ ԻԻՀ-ի եւ 1-ը՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, 48-ը՝ տղամարդ, 2-ը՝ կին (ԻԻՀ եւ Ֆրանսիայի քաղաքացիներ), իսկ 12-ը՝ ՀՀ քաղաքացիներ, որոնցից 5-ը՝ նախկինում դատապարտված։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող դեպքերի մասով 2010թ. արձանագրված դեպքերի բացահայտումների աճը մասամբ պայմանավորված է եղել նաեւ 2009թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության կազմում ստեղծված մասնագիտացված համապատասխան բաժնի գործունեությամբ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնում ուսումնասիրվել եւ ամփոփվել է 2009-2010թթ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակը, որի արդյունքներով պարզվել է հետեւյալը.

2009 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների 1238 դեպք, 2010-ին՝ 1524 դեպք: 2009-ին արձանագրված դեպքերից բացահայտվել են 968-ը, 2010 թվականին արձանագրված դեպքերից բացահայտվել են 1206-ը։

2009 թվականին հանրապետության քննչական մարմինների վարույթում քննվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների վերաբերյալ 1318 քրեական գործ: 2010 թվականի վարույթում քննվել է 1655 քրգործ։ 2009 թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման արդյունքում ապօրինի շրջանառությունից ընդհանուր առմամբ առգրավվել եւ փորձաքննության են ներկայացվել 56 կգ 762 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ:

2010թ. ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են 126 կգ 521 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ: 2009-ի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցվել է 689 քրեական գործ՝ 2010 թ.՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների, ինչպես նաեւ թմրամիջոցների, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր եւ թունավորող նյութերի մաքսանենգության վերաբերյալ դեպքերով հարուցվել է 756 քրեական գործ: 2009 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 780 անձ՝ 2010 թվականին՝ 854 անձ:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ լայն տարածում են ստացել թմրամոլների կողմից դեղատներում ազատ վաճառվող սեդալգին կամ կոաքսիլ դեղահաբերը այլ նյութերի հետ խառնելու եւ վերամշակելու արդյունքում ստացվող կոդեին տեսակի թմրամիջոց պարունակող լուծամզվածքը ներարկման միջոցով գործածելու դեպքերը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից այդ դեղամիջոցների վաճառքի կանոնակարգման հետ կապված հարցերի լուծման նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարին: Միջնորդագրի արդյունքում ընդունվել ՀՀ կառավարության որոշումը, որով թիանեպտին, տրոպիկամիդ, պրեգաբալին եւ սեդալգին դեղերը ընդգրկվել են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի այն ցանկում, որոնց շրջանառության նկատմամբ ՀՀ-ում սահմանվում են որոշակի պայմաններ:

ՀՀ գլխավոր դատախազությունում վերլուծել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգ ճանապարհով ձեռք բերելու կանխարգելմանն ուղղված արդիական մեթոդների եւ միջոցների կիրառման, ներդրման խնդիրները: Ակնհայտ է, որ ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ մաքսանենգության՝ որպես հանցավոր արարքի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար ներկայումս կիրառվող մեթոդներն ու միջոցները հեռու են բավարար լինելուց։ Դրա մասին է վկայում մաքսանենգության դեպքերով կատարված վերլուծության վիճակագրությունը, ըստ որի 2009թ. արձանագրված թմրամիջոցների մաքսանենգության 22 դեպքից ընդամենը 3-ն է բացահայտվել մաքսային հսկողության ընթացքում՝, մինչդեռ 17 դեպքը բացահայտվել է մաքսային հսկողությունն անցնելուց հետո՝ Ազգային անվտանգության ծառայության, իսկ 2-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից։

Ինչ վերաբերում է 2010թ., ապա նույն կատեգորիայի 49 դեպքից միայն 18-ն է մաքսավորների կողմից բացահայտվել մաքսային հսկողության ընթացքում։ Մյուս 31 դեպքը բացահայտվել է մաքսային հսկողությունն անցնելուց հետո, 20-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, իսկ 11-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից։

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ ամփոփելով քննարկումները, շեշտեց, որ վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել եւ կատարվում թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ եւ արձանագրված դեպքերի ու բացահայտումների աճը ուղղակիորեն վկայությունն են կատարված դրական աշխատանքի: Գլխավոր դատախազը միաժամանակ մանրամասնեց, որ արձանագրված դեպքերի աճը չի կարող միանշանակ դիտարկվել որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճի ցուցանիշ, այլ հակառակը, թմրամիջոցների մաքսանենգությունը եւ ապօրինի շրջանառությունը լատենտային հանցագործություններ են եւ դրանց բացահայտման աճը միմիայն դրանց դեմ պայքարի արդյունքի դրական ցուցանիշի վկայությունն է:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ ամփոփելով քննարկումները, հանձնարարեց վերոնշյալ բոլոր հարցերի վերաբերյալ պատրաստել եւ համապատասխան գերատեսչություններին ուղարկել միջնորդագրեր՝ վերհանված խնդիրներին համարժեք լուծումներ ապահովելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել