Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-2

Ապրիլ 01,2011 00:00

Մարզային հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներում հանդիպում են դպրոցական դասագրքից փոխադրություն հիշեցնող տեքստեր՝ տվյալ մարզի «բարեբեր այգիների եւ անուշահամ մրգերի» մասին: Անհայտ է, թե ինչ կապ ունի սա «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով մրցույթի հաղթողին որոշելու սահմանված չափորոշիչների հետ:

Այս անգամ եթեր կտա՞ն թեկնածուներին

\"\"

\"\"

Գեղարքունիքի մարզում թվային հեռարձակում իրականացնելու համար 2010 թվականի հոկտեմբերին միավորվեցին Գավառ, Սեւան եւ Մարտունի քաղաքներում գործող 3 հեռուստաընկերություններ՝ ներկայանալով որպես «Գեղամա Մեդիա հոլդինգ» ՍՊԸ: Մրցույթին նրանք թեեւ ներկայացել են միասնական բիզնես պլանով, սակայն 3 հեռուստաընկերություններից ամեն մեկն այստեղ ունի իր առանձին ենթաբաժինը:

Մարտունիի «Զանգակ» հեռուստաընկերությունն իր ենթաբաժնում ներկայացնելով սեփական գործունեությունը՝ մասնավորապես նշել է. «Ցանկացած հաղորդման կամ հաղորդաշարի մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը: Շատ հաճախ եթերի միակողմանիությունը հավասարակշռելու համար որպես հակադիր կողմ հանդես է եկել «Զանգակ» հեռուստաընկերությունը»:

«Քյավառ» հեռուստաընկերությունը նշել է, որ նախատեսում են արտադրել, ասենք, «Միտումներ 21» հեռուստածրագիրը, «որտեղ ներկայացվում են աշխարհի եւ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական վերլուծական կենտրոնների դիտարկումներն ու վերլուծություններն աշխարհի եւ Հայաստանի զարգացման միտումների վերաբերյալ»: Հաշվի առնելով քյավառցիների հանրահայտ նկարագիրը, վստահ ենք՝ սա նրանց համար շատ երկար սպասված հաղորդում է:

Իսկ ամբողջապես «Գեղամա Մեդիա Հոլդի նգը» խոստանում է. «Մեր եթերը բաց է եւ բաց է լինելու բոլոր կուսակցությունների համար, անկախ այն բանից՝ նրանք իշխանամետ են, թե ընդդիմադիր»: Իրենց աշխատակազմի աշխատավարձերն ավելացնելու եւ ֆինանսական հոսքեր ապահովելու աղբյուրների մասին նշել են. «Նաեւ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ գալիք 2012 եւ 2016 թվականներին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, 2012 եւ 2017 թվականներին տեղի են ունենալու ԱԺ ընտրություններ, իսկ 2013 եւ 2018 թվականներին տեղի են ունենալու ՀՀ նախագահի ընտրություններ. գաղտնիք չէ, որ ընտրությունների ժամանակ շատանում են հեռուստաընկերության ֆինանսական հոսքերը»:

Փաստորեն թեեւ նախորդ համապետական ընտրություններում մարզային գրեթե բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվում էին թեկնածուներին գովազդային եթերաժամանակ վաճառել՝ ոչ միայն Գեղարքունիքի մարզի այս եռյակ միասնության համար է սա հիմա դիտվում եկամտի աղբյուր, այլ նաեւ Լոռու մարզում հեռարձակող «Ֆորտունայի» մրցութային առաջարկում էին որպես հիմնական գնորդներից մեկը մատնանշված. «Ընտրական քարոզարշավի թեկնածուներ»: Ըստ այդմ՝ այս անգամ մարզային եթերը բա՞ց է լինելու թեկնածուների համար: Սակայն «Գեղամա Մեդիա Հոլդինգը» նաեւ վերապահում է արել. «Մենք ընտրությունները չենք համարում ստաբիլ եկամտի աղբյուր»:

Ղազար Փարպեցին եւ «Բաքոսուհիները»՝

փաստարկներ

մրցութային հայտում

Արարատի մարզում թվային հեռարձակում իրականացնելու համար մրցույթի միակ մասնակիցը «Տելելեքս» հեռուստաընկերությունն էր, որը նախկինում գործում էր որպես Արտաշատի «Աննա» հեռուստաընկերություն:

Հետաքրքիր է, որ «Տելելեքսի» բիզնես ծրագրում էլ է ամրագրված խոստում, որը կա նաեւ մարզային այլ հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներում. «Պարբերաբար անդրադառնալ աղանդներին եւ հոգեւոր դաստիարակության սկզբունքներին»: Թերեւս սա ինչ-որ կերպ փոխկապակցված է այն փաստին, որը նույնպես միասնական է մարզային այս հեռուստաընկերությունների համար՝ նրանց բոլորի ֆինանսական հոսքերում զգալի ծավալ են կազմում դրամաշնորհային ծրագրերը: Դրանք ուղղված են եղել նաեւ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների խնդիրների լուսաբանմանը:

Սակայն «Տելելեքսի» մրցութային առաջարկում մեզ հատկապես դուր եկավ «հեռուստալսարանի նկարագիր» ենթաբաժինը, որը վստահ ենք՝ բավական օգտակար է եղել ՀՌԱՀ անդամների համար՝ վերհիշելու իրենց դպրոցական դասագրքերը. «Հեռուստաալիքը հեռարձակվելու է Արարատի մարզի տարածքում: Արարատը Հայաստանի մարզերից մեկն է: Մարզկենտրոնն է՝ Արտաշատ: Մարզը պատմական հարուստ անցյալ ունի, դեռեւս բարեբեր այգիներն ու անուշահամ մրգերն իր պատմական գործերում գովերգել է Ղազար Փարպեցին: Այն հարուստ է պատմամշակութային կոթողներով, պատմական ժառանգությամբ: Արարատի մարզում է գտնվում Խոսրովի պետական արգելոցը, Դվին մայրաքաղաքի տարածքը, Խոր Վիրապը, Կաքավաբերդը, հայ թատրոնի օրրան հանդիսացող Արտաշատի թատրոնը, որտեղ մ.թ.ա. 1-ին դարում ցուցադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ներկայացումը, Պարույր Սեւակի տուն-թանգարանը»:

Սա դեռ ամբողջը չէ՝ թարմացրել են ՀՌԱՀ անդամների նաեւ աշխարհագրական գիտելիքները՝ մրցութային առաջարկում նշելով. «Արարատի մարզը գտնվում է ՀՀ հարավ-արեւմուտքում: Հյուսիս-արեւմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երեւանին ու Կոտայքի մարզին, արեւելքից՝ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջեւանին, հարավ-արեւմուտքից՝ Արաքս գետ ձգվող հայ-թուրքական սահմանին»:

Մեկ այլ ուսուցողական դասընթաց էլ ՀՌԱՀ-ի համար «Տելելեքսը» ներկայացրել է մրցութային առաջարկի «Անցում հեռարձակման թվայնացման համակարգին» ենթաբաժնում: Գուցե ենթադրել են, թե մոռացա՞ծ կլինեն, որ 2015-ին Հայաստանը դադարեցնելու է անալոգային հեռարձակումը, ուստի հայտում ամրագրելով՝ հիշեցրել են դա ու նաեւ թվայնացման հիմնական առավելությունները:

«Կրկնությունը գիտության մայրն է» սկզբունքով՝ մրցութային առաջարկում ամբողջապես եւ առանց փոփոխությունների երկու անգամ են նշել մի քանի պարբերություններ. օրինակ, որ իրենց «հաղորդումների հիմքը պետք է կազմեն ազգային գաղափարախոսությունը, համամարդկային արժեքները» եւ այլն: Իսկ ոմանք դեռ տարիներ առաջ կասկածում էին, թե ազգային գաղափարախոսությունը քաղաքական կեղծ կատեգորիա է: Պարզվում է, այն հեռուստատեսայի՛ն կատեգորիա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել