Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 01,2011 00:00

\"\"Հանցագործությունների բուն էությունը, այսինքն՝ հիմնական իմաստը, այդպես էլ անճանաչ կմնա հանցագործին, քանի որ նա գործում է կենդանական բնազդով եւ իրեն չի տեսնում հեռվից: Այդպես պատահեց նաեւ մեր աջ ու ձախ հարեւան թուրքերի հետ: Երբ մոնղոլական հեծյալ ղոշունները սրարշավ անցան Չինաստանից Պարսկաստան եւ ռուսական հողերից մինչեւ Եվրոպա՝ իրենց հետեւից թողնելով արյան եւ այրված քաղաքների խանձահոտ՝ թուրքերը դեռ չկային: Նրանք հետո եկան: Չհայտնվեցին մոնղոլների նման, այլ դանդաղ, իրենց կարա-կոյունլու եւ ակ-կոյունլու ոչխարների հոտերն արածացնելով, աննկատ եկան-հասան հին աշխարհի սրբազան մեր կողմերը՝ թողած Ալթայն ու Սիբիրը, ուր իրենց մրոտ չումերից սոված աչքերով նայում էին ունեւոր աշխարհին: Նրանք հայտնվեցին մոնղոլների հետքերով՝ ճանապարհին ուտելով ու արածելով մոնղոլների թողած թերմացքը: Այդպես հայտնվեցին նրանք: Հետո, սակայն, իրենց երկար ճանապարհին սովորելով ուրիշներից՝ միավորվեցին, բանակներ ստեղծեցին եւ դարձան ուժ, որին արդեն սոսկ արածելը քիչ էր՝ իշխանություն էր պետք:

Եվ տարօրինակն այն է, որ առաջին ճակատամարտում նույն ցեղի երկու մեծ ճյուղերը՝ սելջուկներն ու օղուզները, իրար դեմ ելան: Ու օղուզների Օսման սուլթանը ջախջախեց իրենց իսկ ցեղի սելջուկներին, քանզի իշխանությունն ավելի թանկ էր, քան ցեղային պատկանելությունը: Այդ ժողովուրդը այդպես էր մտածում…

Եվ հիմա է, որ ուրիշների հայրենիքներում այդ երկու ցեղերը պետության տեր դարձած՝ իրենց հռչակում են եղբայրներ, մեկը՝ մեծ, մեկը՝ փոքր: Եվ հույսը մեծ եղբոր ուսին՝ փոքր եղբայր ազերին հայտարարում է, թե Երեւանից Ստեփանակերտ թռչող ինքնաթիռը իրենք օդում կխփեն: Ինչ տխուր է ուրիշների հայրենիքները սեփականացրած այս ցեղի՝ ոչ մի կերպ չբուժվող հին հիվանդությունը, երբ աշխարհը վաղուց սկսել է ազատագրվել այդ ախտից…

Ու ես հիմա ուզում եմ ըստ արժանվույն գնահատել մեր երկրի նախագահի խոսքը հնչեցրած, թե՝ այդ առաջին թռիչքի ուղեւորը ես եմ լինելու: Եվ իր այդ խոսքը հնչեցնելով՝ մեր նախագահը, թերեւս, չէր էլ ենթադրում, որ իր հետ միասին, նույն չվերթով, տասնհինգ միլիոն հայ է վայրէջք կատարելու Ստեփանակերտում, քանզի մենք ազգովի մեր հայրենիքն ենք վերադառնում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել