Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջ չգիտեին, իսկ հիմա գիտե՞ն

Ապրիլ 01,2011 00:00

Հատվածներ երեկ «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի բանավեճից:

\"\"\"\"

Վարող. Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը: ՀՀԿ-ի կողմից այս գործողության նկատմամբ ոչ միանշանակ գնահատականներ կան, ինչպե՞ս եք գնահատում, պրն Ալեքսանյան:

Լեռնիկ Ալեքսանյան. Դա հասարակության ուշադրությունը հրավիրելու, խնդիրները եւս մեկ անգամ հնչեցնելու համար ակցիա էր, որը կատարվեց… Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ նպատակ դրել էր, որոշակիորեն լուծեց դա, եւս մեկ անգամ հասարակության ուշադրությունը հրավիրվեց…

Վարող. Ի՞ր վրա, թե՞ պրոբլեմների:

Լեռնիկ Ալեքսանյան. Բնականաբար՝ իր, ինքն էլ ներկայացրեց իր պրոբլեմները:

Վարող. Ի՞ր պրոբլեմները, ո՞չ թե երկրի:

Լեռնիկ Ալեքսանյան. Դրանք սովորաբար միասնական են, պրոբլեմներն իրար հետ խառնված են, եւ կատարվեց այն, ինչ նպատակ որ դրել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վարող. Իսկ ՀՀԿ-ն այս ամենից հետո ինչ-որ հետեւություն արե՞ց:

Լեռնիկ Ալեքսանյան. ՀՀԿ-ի համար այդ բոլոր խնդիրները նորություն չէին. այդ խնդիրները կային, եւ, ինչպես միշտ, այդ խնդիրները ՀՀԿ-ում միշտ էլ քննարկվում են: Եվ դրանք ուղղված են ոչ թե դեպի ՀՀԿ կամ իշխանություններ, այլ ես կարծում եմ, որ դա ուղղված էր ավելի շատ ժողովրդի ուշադրությունը հրավիրելու խնդրի վրա, ոչ թե եւս մի անգամ հնչեցնեն, որ իշխանություններն անպայման լսեն, իշխանությունները գիտեին այդ խնդիրները: Հանրության մեջ կուսակցության, քաղաքական ուժի դերի, քաղաքական իրավիճակում իր տեղը, դերը ճշտելու խնդիրներ նաեւ կային:

Վարող. Իմանալը գիտեն, բայց «Ժառանգությունն» ասում է, որ այնքան վտանգավոր հանգրվանի ենք հասել, որ արդեն պետք է գնալ հստակ քայլերի:

Լեռնիկ Ալեքսանյան. Ես կարծում եմ, որ դա «Ժառանգությունը» նոր չէ ասում, մենք էլ նոր չենք լսում: Ես, բնականաբար, այդ կարծիքին չեմ, իշխանությունն այդ կարծիքին չէ: Պրոբլեմները եղել են, եւ մենք բոլորս, նաեւ հանրությունը տեսնում է, որ այդ պրոբլեմների լուծման հետ կապված քայլեր են արվում:

Ստեփան Սաֆարյան. Բայց առաջին օրերին շատերը, եւ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ, ասում էին՝ ծանոթ չենք, թե Րաֆֆին ինչ է ուզում, նա պահանջ չի դրել: Իսկ 15 օր հետո ասում եք՝ գիտեի՞նք, թե ինչ էր ուզում: Անշուշտ, որպես քաղաքացի, նաեւ պրն Հովհաննիսյանի զինակից, հոգու խորքում միգուցե ցանկանայինք, որ շատ ավելի մեծ ցնցում լիներ, եւ իշխանությունը, որի հարգարժան ներկայացուցիչն ասում է, թե իրենց համար այդ խնդիրները ծանոթ էին, ուղղակի սկսեր այս խնդիրների լուծումը:

Այս օրերի ընթացքում բոլորը զբաղված էին նրանով, թե ով եկավ, ով մոտեցավ, ով զորակցեց, ով չմոտեցավ, ինչու չմոտեցավ… Չեմ ասում՝ երկրորդական խնդիրներ էին, բայց ինձ համար այնտեղ՝ Ազատության հրապարակում, որպես 15 օր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին գտնված մեկի, շատ կարեւոր էր, որ այն խնդիրները, որոնք, մեր կարծիքով, իսկապես այնքան են սրվել, որ մեր երկիրն արտաքին թե ներքին քաղաքականությունների առումով կանգնել է շատ վտանգավոր եզրագծի առջեւ, իշխանությունները կսկսեն դրա լուծումը: Այսինքն՝ գոնե ես ինքս անձամբ սպասում էի ոչ այնքան մոտենալուն, այլ ակնկալում էի, որ այս խնդիրները, որոնց մասին նշվում է, որ գիտեին, եւ այո՝ գիտեին, այո՛, գիտեին նաեւ այս խնդիրների վերաբերյալ մեր ներկայացրած լուծումները, որոնք այս 4 տարիների ընթացքում՝ արցախյան խնդիր կլինի, բնապահպանական հարցեր կլինեն, մարդու իրավունքների հարցեր կլինեն, քաղբանտարկյալների հարցեր կլինեն, որոնք ամփոփված են «Ժառանգություն» կուսակցության վարչության խորհրդի՝ մարտի 13-ի որոշման մեջ, այդ խնդիրները գիտեին իրենք, որովհետեւ 4 տարվա ընթացքում դրանք բոլորը բարձրացվել են, այդ խնդիրների մասին «Ժառանգությունը» ներկայացրել է իր սեփական պատկերացումները՝ լուծումների վերաբերյալ: Բայց ոչ միայն այդ լուծումները չեն ստացել, այլեւ դրանցից շատերը, ինչպես արցախյան խնդիրը, վրացական պետհամարանիշների խնդիրը՝ չմտան ԱԺ օրակարգ. ես ընդամենը երկու օրինակ եմ ասում: Եվ խորհրդարանն օպերատիվ չարձագանքեց իր հասարակության ներսում առկա օրախնդիր հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել