Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՎԱԿԹՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ PR Է»

Ապրիլ 01,2011 00:00

Արամ Կարապետյանն «արհեստական» է համարում «երրորդ ուժի» գաղափարը

\"\"– Ճի՞շտ են խոսակցությունները, որ ՆԺԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն փակ հանդիպումներ եւ քննարկումներ են ունենում: Հնարավո՞ր է նոր քաղաքական միավորի ստեղծումը:

– ՆԺԿ-ն բոլոր ընդդիմադիր հատվածների հետ շատ լավ հարաբերությունների մեջ է: Մենք մասնակից ենք ՀԱԿ-ի բոլոր գործողություններին, ՀՅԴ-ի միջոցառումներին, ընկերական հարաբերություններ ունենք «Ժառանգության» ղեկավարության հետ: Մենք գնահատում ենք այդ փոխհարաբերությունները եւ աշխատում ենք դրանց որեւէ երանգ չտալ: Մեզ տարբեր առաջարկներ եղել են: ՆԺԿ-ն որեւէ ֆորմատի միանալու որեւէ որոշում չունի, մենք մեր տեսակետն ունենք եւ դաշտում դեռ պոտենցիալը չկորցրած ուժերից մեկն ենք: Այժմ մենք ակտիվ դիրքորոշումներ ունենք՝ որպես անհատներ: Մենք լավ ինֆորմացված ենք եւ գիտենք, թե երբ ենք ակտիվանալու: Այս անգամ մենք ուզում ենք ունենալ 100 տոկոսանոց արդյունք եւ խորհրդարանական, եւ նախագահական ընտրություններում: Մեր կարծիքով, այդպիսին լինելու է նաեւ իրավիճակը:

– Իսկ ե՞րբ եք ակտիվանալու:

– Աշնան սկիզբը, մեր տպավորությամբ, մեր ակտիվության սկիզբն է լինելու, եւ տա Աստված, որ այդ ամենը բերի համապատասխան արդյունքների:

– Նախագահը ձեռքը խփեց սեղանին՝ վարչապետին ու նախարարներին ուղարկեց գյուղեր, ընդդիմությունը հանրահավաքների հերթական փուլի մեջ է: Նախընտրական, քարոզարշավային հոտ չի՞ գալիս այս ամենից:

– Ոչ, դա քարոզարշավ չէ: Դա PR է: Մի քիչ դժվար է պատկերացնել Տիգրան Սարգսյանին կուժ ու կուլայի կողքը նստած ու՝ քարոզարշավ: Դրանից ի՞նչ են ուզում ստանալ: Ներողություն, բայց կովաբուծության խնդիրներով զբաղվելը Հայաստանում նախագահի եւ վարչապետի մակարդակով վատ PR է՝ թե իրենց, թե Հայաստանի, թե իրավիճակի համար: Հայաստանում այսօր վիճակն այնպիսին է, որ անձնական PR չի գործում որեւէ դաշտում: Ինչ մնում է ընդդիմությանը՝ քանի դեռ մենք որեւէ ակտիվ գործողություն չենք նախաձեռնում, մնացածին քննարկելն ու քննադատելը սխալ է:

Բայց նմանատիպ ձեւով ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ ընտրություններին մոտենալու են շատ վատ իմիջով, որովհետեւ այս անգամ ընտրությունները լինելու են շատ ավելի արմատական-դիմադրողական: Նկատի ունեմ ժողովրդի մոտեցումը: Սերժ Սարգսյանի տեսակետը՝ հասցնենք ընտրություններ, հետո՝ կերեւա, սխալ է:

– Ձեր մասնակցությունը «Սարդարապատի» երեկվա հավաքին նշանակո՞ւմ է, որ Դուք կողմ եք «երրորդ ուժ» ստեղծելու գաղափարին եւ փորձում եք սեփական տեղն ունենալ այդտեղ:

– «Նոր ժամանակներ» կուսակցությունը կողմ չէ երրորդ ուժի գաղափարին, որովհետեւ նմանատիպ ձեւով ուժեր ստեղծելն արհեստական է: Պետք է հասկանալ, որ բոլոր շարժիչ դեմքերը եւ ուժերը, որոնք լինում են քաղաքականության մեջ, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանն ու «Արդարություն» դաշինքը, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը, ունեն իրենց ստեղծման տեխնոլոգիան: Դրանք մարդիկ եւ ուժեր են, որոնք այդ ժամանակվա համար ընդդիմության մեջ ստացել են ժողովրդի ամենամեծ թվով ձայները: Այս տեխնոլոգիայից դուրս ծնվող ցանկացած բան իր մեջ պարունակում է արհեստականության տարր եւ ի վերջո վերածվում է «կլոունադայի»: Քաղաքականությունն ունի իր օրենքները, ըստ որոնց՝ համապատասխան ուժերը ստեղծվում են ընտրությունների ընթացքում: Հայաստանում մարդիկ չեն ուզում պաշտպանել դա: Այլ հարց է, որ հնարավոր է՝ լինի ուժերի համադրություն, որոնք շարժումներ կսկսեն ընտրությունից ընտրություն կամ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում: Ուժեր, որոնք փնտրում են իրավիճակի փոփոխության ճանապարհներ: Այդպիսի բան միշտ էլ կարող է լինել: Այսինքն՝ որեւէ մեկի թելադրանքով չի լինում: Կա՞ հարմար պահը՝ կլինի: «Սարդարապատի» մեր ընկերներին էլ, մնացածին էլ խորհուրդ եմ տալիս քաղաքական դաշտում միշտ հաշվի առնել՝ կա՞ այդպիսի ուժի ստեղծման հասարակական պահանջը եւ պահը: Ըստ իս, Հարավային Կովկասում նմանատիպ ուժերը միշտ ստեղծվում են գործողության պայմաններում: Եթե վաղը որեւէ մեկը սկսի շարժում, որը նպատակաուղղված կլինի իշխանափոխության ռեալ գործընթացին՝ որեւէ մեկին հրավիրելու կարիք չի լինի: Նմանատիպ օրակարգով ուժերը կմեկտեղվեն, եւ շարժումն առաջ կգնա: Եթե չկա, քավ լիցի, որեւէ մեկին նկատի չունեմ, մեծ հարգանք ունեմ «Սարդարապատի» տղաների եւ մյուսների նկատմամբ, դաշտը դառնում է ծաղրածուական:

Ես համաձայն չեմ, որ հայ ժողովուրդը չի կանգնում: Ամեն անգամ կանգնել էլ է, բախվել էլ է, ցավոք, զոհեր էլ է տվել: Ես մնում եմ իմ կարծիքին, որ արտահերթ ընտրությունների համար Հայաստանում բոլոր օբյեկտիվ պայմաններն առկա են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել