Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՍԽԱԼԸ ՉՈՒՂՂԵՑ

Ապրիլ 01,2011 00:00

\"\"Ընդդիմադիր բռնցքամարտիկը դեռ անազատության մեջ է

Երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի պաշտպանի հայցը՝ ուժի մեջ թողնելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ս. Խաչատրյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին ավելի վաղ կայացված որոշումը:

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը պատճառաբանվել էր բռնցքամարտիկի կողմից, իբր, նախաքննությանը չխոչընդոտելու հանգամանքով: Դեռ այն ժամանակ Ս. Խաչատրյանի պաշտպան Արա Զաքարյանը լուրջ կասկածի տակ էր առել դատարանի որոշման անկողմնակալությունը՝ հայտարարելով, որ որոշումն ընդունվել է կոպիտ խախտումներով եւ կասկածելի կողմնակալությամբ: Իբրեւ փաստարկ պաշտպանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մատնանշել է այն, որ թեեւ քննիչը հայտարարել էր, թե բազմաթիվ քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա, բայց դատարանի որոշումից հետո նախաքննությունն ընդամենը երեք օր էր տեւել, եւ գործն ուղարկվել էր դատարան: «Այսինքն՝ ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել դատարանին, իսկ դատարանն էլ քննիչի ասածը անվերապահորեն հիմք է ընդունել»,- հայտարարել է Ա. Զաքարյանը:

Այսուհանդերձ, ինչպես բոլոր քաղբանտարկյալների, այնպես էլ Ս. Խաչատրյանի պարագայում դատարանը կրկին ոչ թե արդարադատություն իրականացրեց, այլ զուտ քաղաքական որոշում ընդունեց՝ գործելով բացառապես իշխանությունների վրեժխնդրության ու այլախոհին անպայմանորեն պատժելու տրամաբանության շրջանակներում: Բռնցքամարտիկի պաշտպանը մտադիր է դիմել նաեւ Վճռաբեկ դատարան՝ վիճարկելու համար արդեն վերաքննիչի երեկվա որոշումը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է այս տարվա մարտի 1-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքի ժամանակ, իբր, իշխանության ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվելու եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Նա ձերբակալվել էր վկայակոչված միջադեպից ավելի քան տասն օր անց:

Դեռ մինչեւ Ս. Խաչատրյանի ձերբակալության ժամկետն ավարտվելը՝ ժամանակավոր պահման մեկուսարանում նրան էին այցելել ՀՀ խորհրդարանի պատգամավորները՝ Վիկտոր Դալլաքյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Ստեփան Սաֆարյանը: Արդեն Ս. Խաչատրյանին կալանավորելուց հետո Վ. Դալլաքյանը հայտարարել էր, թե որպես պատգամավոր՝ իր լիազորությունների շրջանակներում եւ օրենքով սահմանված կարգով փորձելու է աջակցել իր համաքաղաքացուն ու ընկերոջը, միջնորդելու է, որ նրա խափանման միջոցը փոխվի:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Վ. Դալլաքյանը նախ որպես «բացասական» գնահատեց վերաքննիչի որոշումը. «Կարծում եմ, Ս. Խաչատրյանը նման վերաբերմունքի չպետք է արժանանա՝ հաշվի առնելով նրա մարդկային, մարզական ու քաղաքական որակները: Մեկուսարանը Ս. Խաչատրյանի տեղը չէ»: Ի դեպ, պարզվեց, որ Դալլաքյանը մի քանի օր առաջ էլ է այցելել իր համաքաղաքացուն: Անդրադառնալով ավելի վաղ տված իր խոստմանը՝ նա ասաց, թե «Ժառանգության» պատգամավորների հետ պայմանավորվել են, որ կմիջնորդեն նախաքննական մարմնին Խաչատրյանին ազատ արձակելու հարցում: «Թեեւ, կարծում եմ, պարզ է, որ այդ միջնորդագիրը հասկանալի պատճառներով ազդեցություն չի ունենալու»,- հավելեց Վ. Դալլաքյանը:

Ստ. Սաֆարյանն ասաց, որ խմբակցության պատգամավորները դեռ մինչեւ ընդհանուր իրավասության դատարանի որոշումն են միջնորդագիրը պատրաստել եւ փոխանցել Ս. Խաչատրյանի պաշտպանին: Միջնորդության մեջ վերջիններս առաջարկել են բռնցքամարտիկին գրավի դիմաց ազատ արձակել՝ երաշխավորելով, որ նա նախաքննությունից չի խուսափի: Բայց, ինչպես պարզվում է՝ ապարդյուն: Ստ. Սաֆարյանը մեզ հետ զրույցում դատապարտեց վերաքննիչի երեկվա որոշումն ու դրանից զատ՝ նաեւ հայտարարեց. «Ինչպես միջազգային կառույցներն են արձանագրել, Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց, զանգվածաբար է կիրառվում, ու դա արվում է հոգեբանական ճնշման, ցուցմունքներ կորզելու տարբեր մեթոդներ կիրառելու համար: Հստակ է նաեւ, որ Հայաստանում կալանքը կիրառվում է ոչ թե արդարադատություն իրականացնելու համար, այլ՝ որպես պատժամիջոց»:

Օրերս ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր Սերժ Սարգսյանի հետ քննարկել բռնցքամարտիկի հարցը: Ավելի վաղ նաեւ հայտարարել էր, թե պատրաստ է միջնորդել, որպեսզի Խաչատրյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք լինի: Ինչպես պարզվեց, սակայն, նրա միջնորդությունն էլ վերաքննիչում չանցավ: «Առավոտի» հետ զրույցում, սակայն, ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց, թե դա ոչինչ էլ չի նշանակում, ու հույս հայտնեց, որ այդ միջնորդությունն անպայման արդյունք կունենա: Հավելենք միայն, որ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի. 4 ամիս առաջ նա սրտի բարդ վիրահատության է ենթարկվել եւ այսօր էլ պիտի գտնվեր բուժման ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել