Ճապոնիան վերջին աղետից առաջ աշխարհի 100-ից ավելի երկրների էր դիմել՝ միավորված ապրելու կոչով, եւ հանդես եկել յուրահատուկ նախաձեռնությամբ: Աշխարհի հազարավոր մանուկներ Ճապոնիայի կողմից տրամադրված 1 մետր լայնություն եւ 5մ երկարություն ունեցող պաստառի վրա արված նկարների միջոցով պետք է արտահայտեին իրենց ցանկությունները, երազանքներն ու մտորումները: Բոլոր երկրներից ուղարկված պաստառները հաջորդ տարի միացվելու են եւ ներկայացվելու 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիադայի ժամանակ: Հայկական պաստառը, որի վրա պատկերված էին Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) 45 սաների աշխատանքները, արդեն պատրաստ է եւ երեկ ներկայացվեց ԳԱԿ-ի բակում: Երեխաների առջեւ որեւէ թեմատիկ սահմանափակում չի եղել, նրանք նկարել են այն, ինչ ցանկացել են եւ զգացել տվյալ պահին:
Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը համոզված է, որ հայ երեխաների պատրաստած պաստառը ամենալավն է լինելու: «Ունենք տաղանդավոր երեխաներ, փայլուն մանկավարժներ եւ ապացուցում ենք, որ երբ սիրում ես եւ ինչ-որ բան ես ցանկանում՝ իրականանում է: Այս երեխաներն այս երկրի ծնունդն են եւ անում են այն, ինչ հայ ազգն ամեն մեկն իր տեղում պետք է անի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Լ. Իգիթյանը: Նա գտնում է, որ երեխաների աշխատանքներում գերիշխում է գենետիկ բարձր որակը, որի պահպանման համար ամեն ինչ պետք է անել. «Այս երեխաները պետք է մեծանան ու իմանան, որ իրենք հպարտ ժողովուրդ են: Բոլոր երկրների հետ խոսում ենք նույն լեզվով՝ հավասարը հավասարի պես, եւ որեւէ մեկին չենք զիջում»: ԳԱԿ-ի ստուդիա-քոլեջի տնօրեն Սամվել Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այս ակցիայի արդյունքում կլինի աշխարհի ամենամեծ նկարը, որը կխորհրդանշի երկրագնդի ձայնը»: Երեխաների հետ պարապող նկարչուհի Սոնա Բանոյանը նշեց, որ հայ մանուկները պաստառի վրա մեծ սիրով են աշխատել, քանի որ առաջին անգամ էին նկարում կտորի վրա: