Վարչապետի վերահսկողական ծառայության «մանրադիտակի» տակ հայտնվել է հայկական պանիրը. լաբորատոր ուսումնասիրությունները հայտնաբերել են մարդու կյանքի եւ առողջության համար վտանգավոր աղիքային ցուպիկի խմբի եւ այլ մանրէներ, ինչպես նաեւ ֆիզիկաքիմիական ցուցանիշների անհամապատասխանություն թե՛ տեխնոլոգիական ստանդարտներին եւ թե՛ մակնշմանը:
ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր վերահսկողականի բացահայտումների մասին եւ խոստացել, որ եթե իրավիճակը չշտկվի, հաջորդ ստուգումների արդյունքները հրապարակային են լինելու. «Անհրաժեշտություն կա, որպեսզի 6 ամիս անց եւս մեկ անգամ այս գործառույթը կրկնենք եւ տեսնենք՝ նախորդ ստուգումների արդյունքում բացահայտված թերություններն ու խախտումները վերացվե՞լ են, թե՞ ոչ»:
Վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրել է Հայաստանում արտադրվող պանրի որակի համապատասխանությունը Հայաստանի օրենսդրության չափանիշներին: Ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը թվերով փաստում է բազմաթիվ խախտումների մասին. «Ասենք՝ խմորասնկերի նորմատիվը 100 միավոր պետք է լինի, ոչ ավելի, լաբորատորիան ցույց է տվել անգամ 100 հազար միավորի առկայություն»:
Ծառայությունն ուսումնասիրությունն իրականացրել է համապարփակ: 36 մեծ ու փոքր խանութներից ընտրել է 47 արտադրողի 115 պանրանմուշ: Լաբորատորիա ուղարկված նմուշները եղել են համարակալված, այսինքն՝ պահպանվել է արտադրող ընկերության անվան գաղտնիությունը:
Պարզվել է, որ 12 ընկերությունների արտադրած պանրի 15 նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար:
Վերահսկողական ծառայության պատվերով լաբորատոր փորձաքննությունների մի մասն էլ կատարվել է Առողջապահության ազգային ինստիտուտի լաբորատորիայում: Այս կառույցի գլխավոր մանրէաբան Սիլվա Գաբրիելյանը ստեղծված իրավիճակի պատճառները միայն սանիտարահիգիենիկ պայմանների հետ է կապում. ըստ նրա` պետք է պահպանել կանոնները բոլոր փուլերում` կովը կթելու պահից մինչեւ հանձնում ու պատրաստում, քանի որ հայտնաբերված մանրէները (ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ոսկեգույն ստաֆիլակոկ, խմորասնկեր եւ այլն) տարածվում են նաեւ օդակաթիլային ճանապարհով:
Վերահսկողականի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել ոչ միայն գործարաններից վերցված նմուշներում, այլեւ վերցրել են նույն արտադրանքի` խանութներում վաճառվող խմբաքանակներից եւ եզրահանգման են եկել, համադրելով տվյալները` անցնելով պանրի իրացման ողջ շղթայով: Պարզվել է, որ, օրինակ, գործարանային միջավայրում շատ մանրէներ բացակայում են, մինչդեռ դրանք հազարապատիկ շատ են խանութի ցուցափեղկերից վերցրած նմուշում` խոսքը, օրինակ, խմորասնկերի մասին է: Վերահսկողական ծառայության պետի խոսքով՝ «թույլատրելի 100 միավորի փոխարեն առկա է 100 հազար միավոր»: Իսկ մասնագետներն ասում են, որ դա հնարավոր է նույնիսկ պանրի` բաց վիճակում վաճառքի, նույնիսկ դանակով կտրելու հետեւանքով: Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ իրենց վերցրած նմուշները հիմնականում սուպերմարկետներից են եւ ակնհայտ է, որ այդ խանութներում չեն պահպանվում պանրի իրացման տարրական սանիտարահիգիենիկ պայմաններ:
«Լոռի» պանրի
յուղայնությունը 50
տոկոսի փոխարեն 17.2 է
Հետաքրքրական են նաեւ բացահայտումները պանրի ֆիզիկաքիմիական հատկանիշների մասով, պանրի թե՛ յուղայնությունը, թե՛ խոնավությունը, թե՛ աղի քանակը չեն համապատասխանում պիտակներին ծանուցվող թվերին: Պարոն Գրիգորյանը նշում է դրանցից մեկ-երկուսը. օրինակ` «Լոռի» պանրի յուղայնությունը 50 տոկոսի փոխարեն 17.2 է, խոնավությունը 44-ից ավելի չպետք է լինի, բայց 54.1 է:
Վարչապետի վերահսկողականի ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի ուշադրությունը հրավիրում է այս հանգամանքին, քանի որ յուղի քանակի պակասը եւ աղի ավելի լինելը խոսում է ստվերային շրջանառության եւ եկամուտները թաքցնելու մասին:
Ուսումնասիրված մանրէաշատ 615 կգ պանիրը օրենքով սահմանված կարգով ոչնչացվել է
Ուսումնասիրված մանրէաշատ 615 կգ պանիրը օրենքով սահմանված կարգով ոչնչացվել է, սպառողներին հանգստացնում է վերահսկողականի ղեկավարը, իսկ արտադրող 11 կազմակերպության վարչական տույժի են ենթարկել: Վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը այս անգամ չի հրապարակում պանրագործ ընկերությունների անուններ, այն հիմնավորմամբ, որ չի բացառվում, որ նման իրավիճակ լինի նաեւ իրենց կողմից չուսումնասիրված այլ ընկերությունների մոտ եւս: Չի բացառվում նաեւ, որ նույն արտադրողների այլ խմբաքանակներում նման մանրէներ չհայտնաբերվեն: Սակայն եղած բացահայտումները ահազանգող են, ուստի ուսումնասիրությունները շարունակվելու են եւ այս անգամ արդյունքները հրապարակային կլինեն, ասում է Ս. Գրիգորյանը:
Թե ով ինչպես պատժվեց, իհարկե՝ կարեւոր է, սակայն առանց այն էլ այդ ապրանքատեսակի համար թանկ վճարող ապառողի ակնկալիքը թերեւս անվտանգ սնունդ ընդունելն է. իսկ սննդի որակը ստուգող գյուղնախարարության կազմում գտնվող համապատասխան ծառայությունը, մեղմ ասած, իրավիճակը չի վերահսկել:
Հիշեցնենք, որ Հայաստանում սննդի անվտանգության տարբեր գերատեսչություններով ցրված վերահսկողության շղթան այժմ կենտրոնացվել է մեկ մարմնում. կառավարությունը 2 010-ի տարեմուտին կարեւոր մի որոշում ընդունեց, որ այդ կառույցը կշարունակի մնալ գյուղնախարարության կազմում, սակայն կլինի անհամեմատ ինքնավար եւ վարչապետի վերահսկողության ներքո:
Ստեղծված ինստիտուցիոնալ բարեփոխումները, անշուշտ, հույս են ներշնչում, որ սննդի անվտանգության ոլորտը մեզանում այսօր վերջապես ուշադրության է արժանանում. ձեռքը զարկերակից չի վերցնելու նաեւ վարչապետի վերահսկողական ծառայությունը:
Այնուհանդերձ, որո՞նք էին պանրի շուկայում առկա իրավիճակի բուն պատճառները: Սննդամթերքի անվտանգության երիտասարդ փորձագետ Դավիթ Պիպոյանը, հիմնվելով սեփական ուսումնասիրությունների վրա, եզրակացնում է, որ Հայաստանում կաթի առաջնային մշակման հիգիենան` մինչեւ արտադրական վերամշակում, գտնվում է խիստ ցածր մակարդակի վրա:
Փաստորեն, կաթի ստացման հիգիենիկ պայմանների բացակայությունն է հենց պատճառներից առաջինը, որ հայկական պանիրը որակական անցանկալի հատկանիշներ է գրանցում: Փորձագետը նշում է, որ կաթը պետք է ստացվի հատուկ առանձնացված կթի սրահում, որը պետք է զերծ լինի կեղտից, խիստ կարեւոր է կովի կրծի մաքրությունը, որովհետեւ կաթը կաթնագեղձում ստերիլ է, սակայն, երբ արտազատվում է կրծից, շփվում է մանրէների հետ: Երբ հանրապետությունում ներդրված չէ մեքենայացված կիթ, ձեռնակթի դեպքում բոլոր բարենպաստ պայմանները ստեղծված են մանրէների՝ կաթի մեջ ներթափանցման համար:
Այն, որ կաթի առաջնային հիգիենայի համատարած խնդիր կա, ապացուցվում է մեկ այլ փաստարկով` կաթի կամ կաթնամթերքի մեջ սոդայի առկայությամբ: Դավիթ Պիպոյանի դիտարկմամբ, արտադրողները վստահեցնում են, որ իրենք բնական, անարատ կաթով են աշխատում, սակայն հայտնաբերվել են կեղծումներ: Բոլոր տնտեսավարողների մոտ հայտնաբերվել էր փոշի կաթի տոկոս, ապա նաեւ բավական քանակի սոդայի առկայություն: Սոդայով կեղծման պատճառը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ սոդայով կանխում են կաթի թթվայնության բարձրացումը, ինչն էլ խոսում է մանրէների բարձր քանակի մասին, մյուս կողմից էլ անասունների կերաբաժնում պակաս է կալցիումի քանակությունը: Այսինքն` եթե շուկայում վերամշակողների մոտ հայտնաբերվում է սոդա, ապա հասկանալի է, որ առաջնային վերամշակումը գտնվում է խիստ ցածր մակարդակի վրա:
Որ ե՛ւ արտադրողը մրցունակ լինի, ե՛ւ սպառողն իրեն անվտանգ զգա, կովի կրծի մաքրության ու մնացած հիգիենիկ պայմանների պահպանումը անհրաժեշտ է ճիշտ այնքան, որքան կենդանու առողջ լինելը. ՀԲ մասնագետի կարծիքը.
Սննդամթերքի անվտանգության հարցում համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Արտավազդ Հակոբյանը երկու հանգամանք է կարեւորում` առողջ կենդանի եւ հիգիենիկ պայմաններ: Հենց այս հեղինակավոր կառույցի մասնագետը վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ բարձրաձայնել է կաթի ստացման հիգիենիկ պայմանները պահպանելու կարեւորության մասին, այն, որ անհրաժեշտ է կովի կիթով զբաղվողներին խորհրդատվության կարգով բացատրել դրանց կարեւորությունը` այն է` կովի կուրծը լվանալ 40 աստիճան գոլ ջրով, դույլը ծածկել մաքուր թանզիֆով եւ այլն:
ՀԲ փորձագետը կարեւորում է այն փաստը, որ կառավարությունը նման ուշադրություն է դարձնում սննդի անվտանգության հարցերին, եւ ոչ այնքան այն պատճառով, որ դա Եվրամիության պահանջներից է, այլեւ այն նաեւ հնարավորություն է տալիս տեղական արտադրողին ավելի մրցունակ լինել, իսկ տեղական սպառողն էլ իրեն ավելի անվտանգ զգա:
Այս վիճակում էլ ի՞նչ «հայկական պանիր»
Հիշենք, որ արդեն 2 տարի է՝ խոսվում է հայկական պանրի արտահանման մասին` նույնանուն «հայկական պանիր» բրենդով: Տեղական պանրի` միջազգային ցուցափեղկերում հայտնվելու եւ այս առումով իրացման ծավալների աստիճանական մեծացման կարեւորությունը, անշուշտ, անվիճելի է եւ մեզանում արտահանման կարեւորության մասին խոսել չեն զլանում: Որակական նման ցուցանիշներով, սակայն, հայկական պանիրը շատ արագ կտեղավորվի եվրոպական շուկայի «սեւ ցուցակում»: Պանրագործներն իրենց արտադրանքի որակի վրա պետք է սկսեն օր առաջ աշխատել:
ԱԼԻՆԱ ԽՈՒԴՈՅԱՆ
Այս մասին դիտեք նաեւ լրագրողական հետաքննություն համացանցում հետեւյալ հասցեներով.
youtube.com/hraparakum
hraparakum.livejournal.com
gov.am–ի hraparakum բաժնում
«Հրապարակում» հեռուստահաղորդաշար
Տնտեսական
բարեփոխումների
վերլուծական-
տեղեկատվական կենտրոն