Մինչ Հայաստանում ընթանում են բուռն քննարկումներ՝ Ռուսաստանի հավաքականի հետ ոչ-ոքին հաղթանա՞կ է, թե՞ պարտություն ու արդյո՞ք մեր ընտրանին շանսեր ունի՝ Եվրո 2012-ի ուղեգիր նվաճելու, ֆուտբոլային Եվրոպայում հերթական խաղային օրն էր: Մեր ընտրական խմբի համար մարտի 29-ը խաղերից ազատ էր, սակայն՝ Հայաստանի հավաքականի հիմնական մրցակիցների օրակարգում ընկերական հանդիպումներն էին:
Մարտի 26-ի արդյունքներով ընտրական խումբը գլխավորող երեք ընտրանիներն էլ մրցեցին ոչ ամենաուժեղ հավաքականների հետ, սակայն ֆուտբոլային աստվածները երես էին թեքել մեր մրցակիցներից:
Նախորդ շաբաթ օրը Հանրապետականի խաղադաշտ դուրս եկած ռուսները որպես մրցակից էին ընտրել 2022-ի աշխարհի առաջնության տանտերերին: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Քաթարի հավաքականին ռուսները չկարողացան հաղթել՝ որպես արդյունք գրանցելով միայն տխուր ոչ-ոքին ու դժգույն խաղը: Իհարկե, նրանք կարող են ուրախանալ, որ գրանցված 1:1 հաշվով վերջապես ընդհատվեց իրենց՝ Մակեդոնիայում սկիզբ առած «չոր շարքը»: Բայց փաստ է, որ Ադվոկատի թիմն ընկերական վերջին չորս խաղերում միայն մեկ հաղթանակ է տոնել: Հանդիպումից հետո Դիկ Ադվոկատը հայտարարել է, թե ընկերական խաղերում առաջընթաց լինել չի կարող, բացի այդ՝ ռուսները յոթ գոլային պահ ստեղծեցին, իսկ քաթարցիները՝ միայն երեքը: Նման փաստարկ-արդարացումներից հետո ֆուտբոլային մասնագետներից շատերն արդեն ասում են, որ ռուսական ֆուտբոլին մարզիչ է հարկավոր, այլ ոչ թե ադվոկատ (փաստաբան)… Ինչեւէ, ակնհայտ է, որ խմբում ի սկզբանե ֆավորիտ համարվող այս հավաքականը, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում իր այդ կոչմանը: Մանավանդ որ, արդեն հասցրել է միավորներ տալ խմբի ֆավորիտ համարվող մյուս թիմին՝ Սլովակիային: Սակայն խնդիրներից զուրկ չէ նաեւ Սլովակիայի թիմը: Վլադիմիր Վայսի գլխավորած հավաքականը մեծ դժվարությամբ է միավորներ վաստակում խմբում եւ ընկերական խաղում էլ չկարողացավ խուսափել պարտությունից: Հանուն արդարության, իհարկե, նշենք, որ մարտի 29-ին սլովակների մրցակից Դանիայի հավաքականն իր ներուժով ու ավանդույթներով մի քանի անգամ գերազանցում է ռուսների մրցակից Քաթարին: Տրնավայում կայացած հանդիպումն ավարտվեց դանիացիների՝ 2:1 հաշվով հաղթանակով, ընդ որում՝ սլովակներն արդեն երկրորդ րոպեին աչքի ընկան ինքնագոլով:
Մեր ենթախմբում 10 միավորով եռիշխող թիմերից երրորդը՝ Իռլանդիան, Դուբլինում զիջեց Ուրուգվայի հավաքականին՝ 2:3:
Այս երեք հավաքականներին մեր թիմն ընտրական խմբի մրցաշարային աղյուսակում զիջում է ընդամենը 2 միավոր ու տեսականորեն բոլոր շանսերն ունի՝ շրջանցելու նրանցից յուրաքանչյուրին: Իսկ գործնականում մերոնց սպասում է առաջինից անհամեմատ ծանր երկրորդ շրջանն ու առաջատարների հետ հանդիպումները նրանց իսկ հարկի տակ: Հերթում առաջինը Ռուսաստանն է՝ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք խաղով: Մեզ մնում է միայն հավատալ ու հուսալ, որ տանտերերն իրենց այս ընկերական խաղերի արդյունքները չեն գերազանցի: