Ապրիլի 11-17-ը Եվրոպայի ուժեղագույն ծանրորդները կհավաքվեն Կազանում՝ որոշելու Հին աշխարհամասի 2011 թվականի չեմպիոններին ու մրցանակակիրներին:
Երեկ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտին» տված հարցազրույցում հրապարակեց այն ծանրորդների անունները, որոնք Կազանի մրցահարթակում պաշտպանելու են Հայաստանի մարզական դրոշի պատիվը, ինչպես նաեւ ներկայացրեց մարզաձեւում վերջերս կատարված արմատական փոփոխությունները: Ըստ այդմ, մեր կանանց հավաքականը համալրված է լինելու երեք հոգով. 53 կգ՝ Էլեն Գրիգորյան, 69 կգ՝ Մելինե Դալուզյան, +75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան: Իսկ տղաների ընտրանին մրցավայր մեկնելու է ամբողջական թիմով, բայց՝ հինգ քաշային կարգում: Նրանք են. 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 69 կգ՝ Սամվել Գրիգորյան եւ Վանիկ Ավետիսյան, 77 կգ՝ Աղասի Աղասյան եւ Արայիկ Միրզոյան, 85 կգ՝ Էդգար Գեւորգյան, 96 կգ՝ Գեւորիկ Պողոսյան, 105 կգ՝ Արթուր Բաբայան:
– Ձեր նշած ծանրորդները, հավանաբար, վերջին հավաքնե՞րն են անցկացնում:
– Այո: Աղջիկները հիմա Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում են, իսկ տղաները՝ Աբովյանում:
– Մեր առաջատար ծանրորդները թեեւ վնասվածքների պատճառով չեն մասնակցում Եվրոպայի առաջնությանը, բայց սկսե՞լ են մարզվել:
– Նրանց հետ ամեն բան նորմալ է: Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, Արա Խաչատրյանը, Առաքել Միրզոյանը եւ Ռուբեն Ալեքսանյանն ապաքինվել են եւ ձեռնամուխ եղել մարզումներին՝ նախապատրաստվելով աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այնտեղ, եթե մարզասերները չեն մոռացել, մենք օլիմպիական ուղեգրերի քանակն ավելացնելու խնդիր ունենք:
– Կազանում տղամարդկանց հավաքական ընդգրկված երիտասարդ ծանրորդների հետ հույսեր կապո՞ւմ եք:
– Նրանք արդեն բավականաչափ հասունացել են՝ իրենց կարողությունները մեծահասակների հետ պայքարում ստուգելու համար: Հիմա էլ պատեհ առիթ է: Թող մասնակցեն, զգան մրցահարթակը, ավելի լավ ճանաչեն իրենց: Կարծում եմ, որ երիտասարդները եւ ամբողջ թիմը հուսախաբ չեն անի, հաջող հանդես կգան եւ մեդալներ էլ կնվաճեն:
– Վերջերս Ստամբուլում մասնակցեցիք մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի համաժողովին: Օլիմպիական խաղերից առաջ կարեւոր հարցե՞ր էին քննարկվում:
– Համաժողովում, որին մասնակցում էր 129 երկիր, կարեւոր որոշումներ ընդունվեցին: Ու դրանք վերաբերում են դոպինգի օգտագործմանը:
Այսուհետեւ դոպինգ օգտագործելու մեջ առաջին անգամ բռնված ծանրորդը չորսի փոխարեն կորակազրկվի երկու տարով, իսկ երկրորդ անգամ նույն զանցանքը կատարելու դեպքում՝ ութ տարով, այլ ոչ թե ցմահ: Հիմնավորումը հետեւյալն է. հնարավոր է, որ ծանրորդն ինքը խթանիչ չի օգտագործել, այլ այն ինչ-ինչ ճանապարհներով հայտվել է նրա սննդի մեջ: Կամ երիտասարդ մարզիկն այդ քայլին դիմել է դրա վնասակարության ու վտանգավորության աստիճանը չգիտակցելով: Այդպես՝ նրան ազնիվ սպորտ վերադառնալու հնարավորություն է տրվում:
Եթե մինչեւ այժմ միեւնույն երկրի երեք ծանրորդ բռնվում էր դոպինգ օգտագործած լինելու մեջ, տվյալ ազգային ֆեդերացիան տուգանվում էր 50 հազար եվրո եւ որակազրկվում: Հիմա ֆեդերացիայի որակազրկումը հանվել է՝ անկախ դոպինգ օգտագործած եւ բռնված ծանրորդների թվից: Դրա փոխարեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ֆեդերացիան պարտավոր է լինելու վճարել հինգ հազար եվրո, իսկ ահա մարզիկը որակազրկվում է, իսկ մարզիչը կորցնում նաեւ աշխատանքը:
Հաջորդ նորամուծությունն այն է, որ եկող տարվա ապրիլի 1-ից մարզաձեւի միջազգային ֆեդերացիան աշխատելու է ՄՕԿ-ի կառուցվածքում ստեղծված հակադոպինգային նոր ծառայության՝ ԱԴԱՄՍ-ի հետ: Իսկ հունվարի 1-ից հավաքական թիմերի ու ԱԴԱՄՍ-ի ընտրած ծանրորդներն անձամբ պետք է իրենց գտնվելու վայրի եւ ժամկետների մասին էլեկտրոնային փոստով տեղեկացնեն այդ կազմակերպությանը:
Եվ վերջինը: Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցող յուրաքանչյուր մարզիկ (ասածս վերաբերում է օլիմպիական բոլոր մարզաձեւերին), ում անունը գրանցված կլինի տվյալ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական ցուցակներում, պարտավոր է Խաղերի մեկնարկից քառասուն օր առաջ դոպինգ-թեստ հանձնել: Առանց դրա՝ ազգային օլիմպիական հավաքականների եւ ոչ մի անդամ Լոնդոնում մրցասպարեզ չի մտնի:
Այս ամենը կատարվում է նրա համար, որպեսզի 30-րդ ամառային օլիմպիական խաղերը, որոնք, ի դեպ, ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեի համար վերջինն են լինելու պաշտոնավարման ընթացքում, անցնեն մաքուր եւ ազնիվ պայքարում:
– Ստամբուլից հետո մեկ այլ համաժողովի մասնակցեցիք Մինսկում:
– Բելառուսի մայրաքաղաքում հավաքվել էր ԱՊՀ-ի 16 երկիր, այդ թվում՝ նաեւ Միջին Ասիայից: Այնտեղ իմ, Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ ստեղծվեց նոր մարզական միավորում՝ Ծանրամարտի եվրասիական ասոցիացիա, որը ղեկավարել առաջարկեցին ինձ: Բայց քանի որ ես այլ ծրագրեր ունեմ, նպատակահարմար գտնվեց նշանակել ժամանակավոր համակարգող, իսկ նախագահի խնդրին անդրադառնալ տարեվերջին: