Լրահոս
Օրվա լրահոսը

Չիկոն ու իր «Ռիթմ եւ շարժումը»

Մարտ 31,2011 00:00

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, անվանի ջազմեն Արմեն Թութունջյանը կամ, ինչպես ընկերներն են ասում՝ Չիկոն, թմբուկային գործիքների մասին գիրք է գրել՝ «Ռիթմ եւ շարժում» խորագրով, որի շնորհանդեսը կայացավ օրերս՝ «Նարեկացի» արվեստի միությունում:
Ինչպես նշեց Ա. Թութունջյանը, գիրքը նախատեսված է երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների հարվածային գործիքներ նվագող ուսանողների եւ մասնագետների համար. «Գիրքը ամփոփում է թմբուկային ռուդիմենտների իմ երկարամյա ուսումնասիրությունը: Գիրքն այնպես եմ կազմել, որ կարող են օգտվել կատարողական տարբեր մակարդակի թմբկահարներ: Հիմնականում սեփական լուծումս եմ տվել, թե ի՞նչ են ռուդիմենտները՝ ռիթմիկ ֆիգուրնե՞ր, ձեռքերի շարժումնե՞ր…»:
Շնորհանդեսի ընթացքում Չիկոն խոստովանեց, որ հուզված է, սակայն դա չխանգարեց ջազմենին երկար պատմել թմբուկների, իր բացահայտումների եւ ակնկալիքների մասին: Ասաց նաեւ, որ գիրքը նվիրել է մոր՝ Հասմիկ Միրզայանի հիշատակին: «Մեծ ջանք եմ ներդրել այս ուսումնասիրության վրա: Գրքում հիշատակել եմ իմ բոլոր այն դասատուներին, որոնք իմ կողքին չեն եղել, բայց եղել են մի արկղում, որը կոչվում էր մագնիտոֆոն: Դրանք այն ամերիկացի թմբկահարներն են, որոնց ես ուսումնասիրել եմ»,- ասաց Չիկոն:
Ա. Թութունջյանին գրքի լույսընծայման հարցում աջակցել է Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը: Հեղինակը նկատեց, որ մինչեւ դեսպանատունը՝ միջոցներ հայթայթելու համար շատերին է դիմել. «Մեկուկես տարի ես թակել եմ բոլոր հարուստների դռները: Մի լավ ձեւ կա մշակված Հայաստանում, ոչ ոք չի մերժում. ասում են՝ իհարկե… անպայման… մենք ձեզ այնքան ենք սիրում եւ հարգում,  ու անհայտանում են՝ խոստանալով, թե կզանգեն: Այդ ընթացքում այնքան ձայնասկավառակներ եմ նվիրել նրանց. գոնե թող դա օգուտ մնա, թող լսեն ու հիշեն, որ ինձ չեն օգնել…»: 
Ա. Թութունջյանը պատմեց, որ փոքր թմբուկն առաջին անգամ կիրառվել են 1386 թվականին՝ Շվեյցարիայում. «Մի անգամ «Պապլավոկում» հանդիպեցի ջազի սիրահար շվեյցարիացի մի ֆոտոլրագրողի, նրան պատմեցի այս մասին, որ իրենց երկիրն է բացահայտել թմբուկը, շատ զարմացավ: Ես էլ ասացի, որ կարող է պարծենալ ոչ միայն իրենց պանրով եւ ժամացույցներով, այլեւ թմբուկներով… 60-ականներին էլ ստեղծվեց «PAS» թմբկահարների կազմակեպությունը, որի մասնաճյուղը Սովետի փլուզումից հետո մի քանի ընկերներով բացեցինք նաեւ Հայաստանում: Այդ կազմակերպությունն այլեւս չկա, բայց կարծում եմ՝ այս մասին պիտի երիտասարդները մտածեն եւ վերականգնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել