Կամ «քննվում» են օպերային թատրոնի մեներգիչները
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր շուրջ 55 մեներգիչների ատեստացիայի վերջին օրն է:
Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ 2009թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով պարտադրվել է թատրոններին անցկացնել դերասան-դերասանուհիների ատեստավորում, որի գործառույթը եւ անհրաժեշտությունը նորություն չէ, քանի որ խորհրդային տարիներին նաեւ արվեստի օջախներում էին անցկացնում որակավորման նման մրցույթներ: Դրանք արվում էին անաղմուկ, որոշակի ձեւաչափի մեջ, ոչ թե քննության էին կանչում արտիստներին, այլ ծանոթանալով որոշակի ժամանակահատվածում նրանց կատարած աշխատանքներին, կայացվում էին որոշումներ: Ինչպես վկայում են «Առավոտի» հետ զրուցած արվեստագետները, նախկինում ատեստացիա կոչվածը չէր ստեղծում աժիոտաժ, մինչդեռ այսօր, դատելով Ազգային օպերային թատրոնի արտիստների հոգեվիճակից, նրանք ճիշտ նույն զգացողությունն ունեն, ինչ, ասենք, կոնսերվատորիայում ընդունելության քննություն հանձնելիս: Բայց այս դեպքում «քննություն հանձնողները» ոչ թե սկսնակներն են, այլ մեր թատրոնի առաջատար մեներգիչները, որոնցից, ի դեպ, մի քանիսը վաղուց պետք է արժանացած լինեին պատվավոր կոչումների:
Նախարարի հրամանով հստակեցված է ատեստացիայի անցկացման ձեւը. յուրաքանչյուր արտիստ սեփական նախաձեռնությամբ պետք է ներկայացնի իր այն դերերգը, որը հաջողված է համարում, նաեւ ներկայացնելով իր հայեցողությամբ մեկ-երկու վոկալ ստեղծագործություն: Յուրաքանչյուր մեներգիչ հանդես է գալիս այս կամ այն արիայով՝ ոչ թե նվագախմբի, այլ ռոյալի նվագակցությամբ, ինչը հակասում է ատեստավորման սկզբունքին եւ ակամայից վերածվում մրցույթի: Օպերային թատրոնի տնօրինությունը, որը նաեւ ընդգրկված է թատրոնի գեղարվեստական խորհրդի կազմում, հավանաբար կունենա իր արդարացումը, քանի որ թատրոնի խաղացանկը մեծ չէ, հետեւաբար մեներգիչներից ոմանք ընդգրկված չեն ներկայացումներում: Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ մի շարք երգիչներ արդեն կայացած արվեստագետներ են, ավելին՝ վարպետներ, որոնց մասնակցությունը «քննությանը»՝ նվաստացուցիչ է: Այստեղ ամբիցիաների խնդիր չկա, պարզապես սա պետք է դիտել կամ քննարկել պրոֆեսիոնալ ընկալման շրջանակում: Ներկայացումներից հատվածներով մատուցմամբ ատեստացիայի կազմակերպումը հնարավորություն կտար համակողմանի գնահատել երգչին, նրա վոկալ-դերասանական տվյալները, աշխատանքը նվագախմբի հետ: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ ճոխ խաղացանկ չունեցող թատրոնում (տարեկան 20-25 ներկայացում) բոլոր մեներգիչները չեն կարող երեւալ: Ուրեմն հարկավոր էր մշակել այլ մեխանիզմներ, ասենք, ներկայացնել տեսարաններ, առիթ տալ երգիչներին հանդես գալ մենահամերգներով եւ այլն: Արեւմուտքում ամեն ինչ որոշվում է երգչի կատարած դերերգերի ծանրությամբ եւ խաղացանկային զբաղվածությամբ, հոնորարի չափով: Օպերային թատրոնում, ըստ երգչական կարգերի՝ բարձրագույնում ունենք 6 մեներգիչ (Անահիտ Մխիթարյան, Հասմիկ Հացագործյան, Միքայել Հովակիմյան, Գեւորգ Հակոբյան, Ռուբեն Նուրիջանյան, Առնոլդ Քոչարյան), այսինքն՝ բեմի վարպետ: Սա հուշում է, որ բեմի վարպետի համար տեղերը խիստ սահմանափակ են: Հասկանալի է, որ սա էլ պայմանավորված է թատրոնի ունեցած աշխատավարձի ֆոնդով եւ հազիվ թե կարողանանք լավատես լինել, որ ատեստացիայից հետո առաջին երգչական կարգ ունեցողներից ոմանք, որոնց իրավամբ կարելի է վարպետ անվանել, կանցնեն բարձրագույն: Համոզված ենք՝ տնօրինությունը կդնի աշխատավարձերի եւ ֆինանսական հնարավորությունների հարցը: Ուրեմն ինքնանպատակ չէ՞ ատեստացիա կոչվածը: