Յամայկայի 41-ամյա բնակիչ Դեւիդ Սմիթը (նկարում) խոստովանել է, որ խարդախության միջոցով 200 մլն դոլար է յուրացրել: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ դատախազությունը՝ հավելելով, թե Սմիթը խոստովանել է իր մեղքը նաեւ փողերի լվացման մեջ:
Հետաքննության տվյալներով, կասկածյալի զոհ են դարձել հենց իր ներդրումային հիմնադրամի հաճախորդները: Նա վերջիններիս՝ արժեթղթերի շուկայում արտարժույթի վաճառքից մեծ շահույթներ է խոստացել: Հիմնադրամի գոյության երեք տարիների ընթացքում Սմիթը իր ծուղակն է գցել ավելի քան վեց հազար հաճախորդի՝ Ֆլորիդայից եւ Կարիբյան կղզիներից: Սակայն նրանցից ստացած գումարը այդպես էլ շրջանառության մեջ չի դրել: Հիմնադրամի սեփականատերը գործել էր հին՝ Պոնցի մեթոդով. հին հաճախորդների ներդրումները վճարել էր նոր հաճախորդների հաշվին:
Յուրացված գումարը Սմիթը ծախսել էր սեփական կարիքները հոգալու համար: Մասնավորապես Կարիբյան կղզիներից մեկում նա 2 մլն դոլար արժողությամբ տուն ու նաեւ ճանապարհորդական ինքնաթիռ էր գնել, նաեւ 128 մլն դոլար էր «լվացել»՝ իր հանցագործությունը թաքցնելու նպատակով:
Դեւիդ Սմիթը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր կետերով եւ դատարանի հետ համաձայնագիր է կնքել, ըստ որի՝ իր կինը քրեական հետապնդման չի ենթարկվի: Հաղորդվում է, որ վերջինս իմացել է ամուսնու կողմից ֆինանսական բուրգ կառուցելու մասին, բայց իշխանություններին չի հայտնել: Որպես այդ համաձայնագրի կողմ՝ հանցագործը համաձայնել է վերադարձնել իր բոլոր հաճախորդների ներդրած գումարները: