ԳԱԱ ընտրությունները դեռ շարունակում են գիտական տարբեր մաֆիաների գզվռտոցների պատճառ դառնալ
ԳԱԱ թղթակից անդամների եւ ակադեմիկոսների ընտրությունից հետո գիտնականների շրջանում սկսել է իսկական գզվռտոց: Գիտական համայնքը բաժանվել է մի քանի «մաֆիաների», որոնք անդադար հանդես են գալիս միմյանց դեմ ռմբակոծություններով: Այս անգամ դժգոհության թիրախ է դարձել Արամ Շահինյանի՝ ԳԱԱ ակադեմիկոս ընտրվելու փաստը: Այս խնդիրը Իսպանիայի Թագավորական ակադեմիայի արտասահմանյան անդամ Ռ. Մելիք-Օհանջանյանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Հարություն Կարապետյանը նամակով հասցրել են մինչեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյան: Նամակում նշվում է, որ ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից ամեն ինչ արվել է, որ անձամբ Ա. Շահինյանն ընտրվի ակադեմիկոս, ինչի պատճառը ոչ թե նրա գիտական ձեռքբերումներն են, այլ այն, որ նա նախագահության 10 անդամներից մեկն է եւ որպես ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար՝ ընտրությունների կազմակերպիչներից է: Մանրամասնելով՝ գիտնականները նշում են. «Իսկ քիմիա մասնագիտությունն ընտրվել է որպես հնարավոր ճշմարտանման տարբերակ: Ուստի պատահական չէ, որ միաժամանակ ակադեմիկոսի ընտրություններ են հայտարարվել եւ քիմիա, եւ կենսատեխնոլոգիա մասնագիտություններով: Այս քայլով, փաստորեն, վնասազերծվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրեն Աշոտ Սաղյանը, ով քիմիայի մասնագետ է, Արամ Շահինյանի ամենաանցանկալի մրցակիցը»: Անդրադառնալով ընտրությունների կազմակերպման ընթացակարգային խախտումներին՝ նամակում նշվում է. «Ըստ ՀՀ ԳԱԱ նախագահության տեղեկանքի՝ Ընտրության վերաբերյալ հայտարարությունների հրապարակման պահին «Քիմիայի եւ երկրի մասին» գիտությունների բաժանմունքի կազմում կար 11 ակադեմիկոս, որոնցից 3-ը բնակվում էին արտասահմանում: Նրանցից Չուխաջյան Գառնիկի հետ բանակցություններ էին տարվում նրա մասնակցությունը ընտրություններին ապահովելու համար: Այդ դեպքում ընտրության կարող էր մասնակցել 9 ակադեմիկոս, 5 քիմիկոս, 4 երկրի մասին գիտության ներկայացուցիչ: Սակայն անսպասելիորեն 2010-ի նոյեմբերի 26-ին վախճանվեց քիմիայի գծով ակադեմիկոս Ստեփան Մացոյանը, ինչը հարցականի տակ դրեց բաժանմունքում քվորումի առկայությունը՝ անգամ Գ. Չուխաջյանի ներկայության դեպքում, ուստի, ըստ ԳԱԱ նախագահության՝ նրա արտասահմանից Հայաստան հրավիրելը դարձավ անիմաստ»: Այս հարցի վերաբերյալ նամակում մի շարք հարցադրումներ են բերվում. օրինակ՝ թե ինչու են քվեարկության օրը արդեն վախճանված ակադեմիկոսին հաշվի առել ընտրության քվորումի թվաքանակի մեջ, կամ եթե անգամ ակադեմիկոս Ս. Մացոյանը քվեարկության օրը վախճանված չլիներ, ինչպե՞ս էին օրինականորեն ապահովելու նրա ներկայությունը քվեարկությանը, քանի որ նա արդեն մի քանի տարի գամված էր անկողնուն: Կամ ինչո՞ւ չեն ցանկացել արտասահմանից կանչել ակադեմիկոս Գ. Չուխաջյանին: Բանն այն է, որ այդ դեպքում նշված բաժանմունքում կապահովվեր քվորում: Ըստ նամակագիրների՝ սա եւս պատահական չէր արված: Նախապես իմանալով նշված բաժանմունքի տրամադրվածությունը Ա. Շահինյանի նկատմամբ՝ ԳԱԱ նախագահությունը նրա համար «ջերմոցային» պայմաններ ստեղծելու նպատակով որոշել է քիմիա մասնագիտությամբ ակադեմիկոսի ընտրությունը տեղափոխել ավելի կառավարելի՝ «Բնական գիտությունների» բաժանմունք: Իսկ այս բաժանմունքում ընտրությանը չի հրավիրվել երկրաքիմիա մասնագիտությամբ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը, որը, ըստ նամակագիրների՝ ըստ ամենայնի դեմ է եղել Ա. Շահինյանի ակադեմիկոսացմանը: Այնուհետեւ նամակում բերվում են մի շարք տվյալներ, ըստ որոնց՝ Ա. Շահինյանը գրեթե կապ չունի քիմիա մասնագիտության հետ: Օրինակ՝ ըստ միջազգայնորեն ընդունված Thomson Reuters (ISI) Web of Knowledge վարկանիշային շտեմարանի տվյալների ցանկերի՝ բացակայում է նորընտիր ակադեմիկոս Ա. Շահինյանի անունը՝ ի տարբերություն նրա մրցակից, թղթակից անդամ Ա. Նորավյանի: Նշվում են նաեւ շատ այլ փաստեր, որոնք հավաստում են նշվածը: Ուստի գիտնականները հիմնավորված են համարում ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիայի կենտրոնի աշխատակիցների դիմումը ՀՀ նախագահին, ըստ որի՝ պետք է չեղյալ համարել Ա. Շահինյանի՝ ակադեմիկոսի ընտրության հայտարարությունը: Նշված բովանդակության նամակներ են հղվել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: ԿԳ նախարարը պատասխանել է. «Համաձայն ԳԱԱ-ից ստացված պարզաբանումների՝ 2010-ի դեկտեմբերի 27-ին եւ 28-ին կայացած ակադեմիկոսների ընտրությունները իրականացվել են սահմանված կարգով»: Նախարարի պատասխանին կցված է նաեւ ակադեմիայի կողմից ներկայացված պարզաբանումները, որոնց համաձայն՝ զրպարտիչ նամակը կասկածելի է, քանի որ դրա տակ ստորագրել են կենտրոնի աշխատողներ, որոնք հիմնականում գիտության թեկնածուներ եւ կրտսեր գիտաշխատողներ են եւ չեն տիրապետում ընտրությունների գործընթացի մանրամասներին: Նախարարի պատասխանն առաջացրել է գիտնականների դժգոհությունը: Նրանց դիտարկմամբ՝ պարզաբանումները պարունակում են ակնհայտ կեղծիք: