Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏՐՎՈՂՆԵՐԻ ՄԵՋ ՇԱՏ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ

Մարտ 31,2011 00:00

Հայտարարում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Հայելի» ակումբում լրագրողներին ներկայացրեց վրաստանյան այցի մանրամասներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները վրաց գործընկերոջ հետ՝ հայ-վրացական երկկողմանի հարաբերություններ բարձրագույն կրթության, հանրակրթության, գիտության ասպարեզներում, հայազգի բնակչության կրթական խնդիրներ, «Ժողովրդավարությունն սկսվում է քեզանից» ծրագրի շրջանակներում ստեղծված երիտասարդական խորհրդարանի թբիլիսյան շնորհանդես  եւ այլն: Նախարարը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին:  Այն դիտարկմանը, թե Էջմիածնի թիվ 2-րդ դպրոցի տնօրենին, ով հրապարակավ ծեծի էր ենթարկել աշակերտներից մեկին, չեն ազատում աշխատանքից, քանի որ նա ՀՀԿ անդամ է, Ա. Աշոտյանը չհամաձայնեց: Նա փաստեց, որ  ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարեսկզբին բազմաթիվ տնօրեններ են աշխատանքից հեռացվել, որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ական է: Նրա խոսքով, ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու համար անցկացվող քննություններից «կտրվողների» մեջ եւս մեծաթիվ են հանրապետական թեկնածուները. «Եթե իմ շատ նեղ կուսակցական կարծիքն եք հարցնում, ՀՀԿ-ական տնօրենը կամ ուսուցիչը պետք է էլ ավելի պարտավորված լինի լավ աշխատելու, որովհետեւ իր կուսակից նախարարի ոլորտում է աշխատում, նա պետք է ինձ օգնի, ոչ թե խանգարի»: Ինչ վերաբերում է էջմիածինցի տնօրենին, ըստ Ա. Աշոտյանի. «Քրեական գործ է հարուցված……Կպաշտոնավարի՞, արդյոք, այդ տնօրենը՝ կախված է քրեական գործի ընթացքից եւ մեր վերջնական դիրքորոշումից. արդյոք այս բոլոր պատմություններից հետո այդ դպրոցում դեռ կա՞ վստահության մթնոլորտ»: Քննությունների ընթացքից նախարարը գոհ է եւ համամիտ, որ հարցաշարում որոշ հարցեր պիտի փոխվեն: Նա  նշեց, որ հանրապետության 1400 դպրոցներից 800-ում պաշտոնավարում են տնօրեններ, որոնց հետ կնքված են անժամկետ պայմանագրեր: Բայց 2009-ին ԱԺ-ում «Հանրակրթության մասին» օրենքի ընդունումից հետո վերջ է դրվել նրանց ցկյանս ղեկավարմանը. «Հինգ տարին մեկ՝ նախագահից սկսած, պատգամավորներով վերջացած, բոլորը վերահաստատում են իրենց կառավարման իրավունքը: Միայն Վեհափառը եւ ՍԴ ղեկավարն ունեն նման իրավունք, ինչո՞ւ պիտի տնօրենները չվերահաստատեն դա»: Ինչ վերաբերում է մարզերում՝ Գեղարքունիքի եւ Լոռու դպրոցներում զոռով հանրապետականացնելու մասին մամուլի հրապարակումներին, նախարարը թերահավատորեն է վերաբերվում, ասելով, որ դա վաղուց անցած էտապ է Հայաստանի քաղաքական համակարգի համար. «Դրա քաղաքական շահը Հանրապետականը չի տեսնում»:
«Առավոտի» հարցին՝ խստացվելո՞ւ  է վերաբերմունքը  վերապատրաստող կազմակերպությունների հանդեպ, որոնք խախտումով «տնօրենացուների» գործեր են ընդունում, եւ ի՞նչ է լինելու թիվ 120 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որը կեղծ տեղեկանք էր բերել, թե իբր Վերին Արտաշատի դպրոցում է 7 տարի ուսուցիչ  աշխատել, Ա. Աշոտյանը նկատեց, որ  տնօրենների սերտիֆիկացման մեխանիզմը իրենց հնարավորություն է տվել դաշտին լավ ծանոթանալ. հավաստագրման այս փուլում 30-ից ավելի մարդ ունի խնդիրներ՝ կապված մանկավարժական ստաժի եւ  աշխատանքային գրքույկների հետ: Նախարարը հրապարակավ հավաստիացրեց. անկախ նրանից՝ թեկնածուն կունենա հավաստագիր, թե ոչ, եթե պարզվի, որ իրավունք չուներ աշխատելու, ուրեմն տնօրեն չի աշխատի. «Ամեն դեպքում՝ վերապատրաստող կազմակերպությունները պետք է ավելի ուշադիր լինեն ու մաղեն նման գործերը: Օրինակ՝ մենք, ում հետ  կապված կասկած ունենք, գրում ենք համապատասխան ատյանին՝ արդյոք այդ մարդու անունով սոցիալական վճար կատարվե՞լ է…»: Աշոտյանը տեղեկացրեց, որ այս փուլում վերապատրաստելու իրավունք է տրվել Աշոտ Բլեյանի ղեկավարած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին: Գալիք շաբաթ էլ նախարարությունը  պարտավորվում է հրապարակել, Ա. Աշոտյանի ձեւակերպմամբ, ոչ պաշտոնական, բայց հետաքրքիր տեղեկատվություն  այն մասին, թե ո՞ր վերապատրաստող կազմակերպությունն ինչպիսի ՕԳԳ ունի:
Քննություն հանձնողների սննդի հարցը էլի չի լուծվի: ԿԳ նախարարը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ պատրաստ է հաջորդ անգամ քննության գնալիս «տնօրենացուներին» քաղցրավենիք տանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել