1990թ. հոկտեմբերի 9-29-ը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել ԽՍՀՄ
հայ պատգամավորներ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանն ու ԼՂ նախկին պաշտոնյա Սեմյոն Բաբայանը: Հացադուլի հիմքում ԼՂ տեղական իշխանության մարմինները վերականգնելու պահանջն էր դրված: Տպագրում ենք մի հատված՝
Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքից:
21-ը սեպտեմբերի 1990թ.
Ինքնաթիռում երեքով ենք: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու ես: Ռոբերտն ու Սերժը գնում են Մոսկվա՝ մասնակցելու ԽՍՄՀ ինքնավար միավորների համագումարին: Երկուսի մեջտեղում եմ նստած, զրուցում եմ հիմնականում Ռոբերտի հետ, նրան ավելի լավ գիտեմ: Սերժն ինձ լոկ հայտնի է այնքանով, որ Ռոբերտի ստեղծած «Միացում» խմբի անդամ է: Ես այդքանը գիտեմ: Իսկ Ռոբերտին շատ հաճախ եմ տեսնում թե Երեանում, թե ԼՂ մարզկոմում, Մոսկվայից եկած պաշտոնյաների հետ հանդիպումների, ԼՂ հարցի կարեւոր քննարկումների ժամանակ եւ քաղաքական դաշտում, անտարակույս, անուն է, Մոսկվա մեկնած ԼՂ պատվիրակության անդամ: Ռոբերտի հետ խոսում ենք Արցախի, Շահումյանի անելանելի վիճակի մասին: Նա էլ ահավոր ընկճված է, ելք չի տեսնում: Ինչ-որ անորոշ հաշտվածություն կա խոսքում, որն ինձ սարսափեցնում է: «Եթե վերջն այս էր լինելու, արժե՞ր սկսել շարժումը, ո՞րն էր մեր շահումը»,- հարցնում եմ: «Արժեր,- ասաց Ռոբերտը,- մեր շահումն այն էր, որ 400.000 գաղթականներ եթե մնային Ադրբեջանում, վերջիվերջո դառնալու էին ադրբեջանցիներ: Հիմա էդքանը հայ կդառնան: Քի՞չ է»: Անկեղծ զարմացա: Արցախի վերահաս կորստի դիմաց շահո՞ւմ է սա: Տեր Աստված, Ռոբերտը՝ խելքը գլխին մարդ, եթե սա շահում է համարում, նշանակում է՝ ՀՀՇ-ն էլ է հաշտվել Ղարաբաղի կորստի հետ ու, ինչպես երեւում է, անիմաստ է համարում դիմադրելը՝ դրա մեջ վտանգ տեսնելով Հայաստանի նկատմամբ: Դա էլ հասկանալի է, բա վե՞րջը: «Էս համագումարից էլ սպասելիք չունեմ,- ավելացրեց Ռոբերտը,- հետաքրքիր լինի՝ կմնանք, չէ՝ կեսից ետ կգնանք: Մեծ հաշվով մենք Մոսկվայում այլեւս անելիք չունենք»: Երկար լռում ենք: Ասելիք չկա: Բախտի ու Աստծո հույսին ենք: Նրանք ինձ հասցնում են «Մոսկվա» հյուրանոց ու ետ գնում:
Մոսկվա քաղաքի տոնն է այսօր:
Համընդհանուր ուրախության զվարթ աղմուկներն առատորեն հորդում են «Մոսկվա» հյուրանոցի բաց պատուհաններից, տեղահանում ամպամած օրվա պղտոր թախիծը ու տասներորդ հարկի հյուրասրահի մեր փոքրիկ աշխարհը սեղմվում, կուչ է գալիս սեփական ցավի միայնակության մեջ:
Հացադուլի 13-րդ օրն է այսօր:
Զորի Բալայանին գտա Ռուսաստանի Գերագույն խորհրդի պատգամավորներով շրջապատված. եկել են նստաշրջանի հանձնարարությամբ՝ ինչով կարող են օգտակար լինել: Այստեղ են նաեւ Սոս Սարգսյանը, Վաչագան Գրիգորյանը, Սեմյոն Բաբայանը, որոնք հացադուլի հինգերորդ օրն են միացել Զորի Բալայանին ու Վիկտոր Համբարձումյանին: Վերջինիս երկու օր առաջ տարել են հիվանդանոց՝ սրտի տագնապով, վիճակը բարվոք է: Հացադուլավորների դեմքերը չոր են ու հանգիստ, այսինքն՝ մերժում ենք կարեկցանքի մուրացկանությունը: Այդ անբառ, լռելյայն մերժումի մշտագո ներկայությունը հատկապես պաշտոնավոր այցելուներին թույլ չէր տալիս վաղօրոք սերտած գթասրտության խոսքերը մեջտեղ բերել ու խույս տալ հացադուլի պահանջը քննարկելուց: Նրանց ամրացված Կրեմլի հիվանդանոցի բժիշկների եռյակը ամենօրյա հատուկ ստուգումներով ոչ միայն հետեւում էր նրանց օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, այլեւ խստորեն հսկում էր հացադուլի իսկությունն ու «սննդի ռեժիմը». օրվա մեջ երկու լիտր ջուր: Մերոնց կողմից ամեն ինչ արվում էր, որ հացադուլը վերին ատյաններում ճանաչվի որպես քաղաքական ծայրահեղ ձեռնարկ, որն ուներ հստակ պահանջ: Բայց որքան էլ անխոնջ էին մեր պատգամավորների ջանքերն ու հացադուլավորների ինքնազոհությունը՝ ազնիվ, միեւնույն է՝ պատն անհաղորդ տեղի չէր տալիս. Կրեմլի գորշ ամբոխը գութի ու խղճահարության սին պատգամներ էր հղում օրնիբուն՝ նամակների ու սուրհանդակների միջոցով: ԽՍՀՄ Գերագույն խորհրդում կրկին ալեկոծություն էր. ոչ մի կերպ չէր հաստատվում նոր տնտեսական ծրագիրը, Գորբաչովի լիազորությունների ընդլայնման երաշխիք չէր նշմարվում, կենտրոնը կամաց-կամաց զրկվում էր իշխանությունից: Եվ ո՛ւմ փույթն էր այս պարագայում հին ու ծեծված Ղարաբաղի հարցն ու հացադուլը:
Ռուս պատգամավորները խնդրում են դուրս գալ հացադուլից, Զորին պատասխանում է՝ մեզ շատ են խաբել: Ես այլ ելք չունեմ, իմ հայրենիքն է վտանգի մեջ: «Ո՞վ պիտի գրի այդ շարժման մասին գիրքը, երբ ձեր առողջությունն եք վնասում»: «Նախ պետք է մտածել՝ կգտնվե՞ն կարդացողներ, նախ ընթերցողներին է պետք փրկել»,- պատասխանեց Զորին:
Նույն երեկոյան ՌՍՖՍՀ պառլամենտում արվեց հայտարարություն, որով պահանջվեց Գորբաչովից կատարել խոստումները ԼՂ բնակչության առաջ: Զորին ահագին ուրախացավ՝ սառույցը հալչում է, ասաց: Հետո եկավ Վլադիմիր Ֆոտեեւը: Դիմավորում ենք շատ սառը: Աչքերը չի բարձրացնում: «Ինչ պետք է անեի»,- արդարանում է նա: «Դուք գեներալ գուբերնատոր եք, ձեր տրամադրության տակ կա զորք, ձեր ներկայությամբ կրակում են ժողովրդի վրա, իսկ դուք ոչինչ չեք ձեռնարկում»,- իրեն չէր տիրապետում Զորին: «Գնում եմ Ղարաբաղ»: «Սուտ է, չեք գնա»: Փնթփնթաց ու ոտի վրա էլ ետ գնաց: Երեկոյան ուշ զանգեց ինձ, երեւի էլի հարբած էր. «Հավատացեք,- ասաց,- իմ ձեռքին ոչ մի իշխանություն չկա, իմ փոխարեն որոշում են»:
Լրագրողներ կան ամեն տեղից, ձեռնարկի աղմուկը շատ մեծ է, հոսքը հյուրանոց՝ չի դադարում: Հեռագրերի հեղեղ է աշխարհի բոլոր ծագերից: Տարբեր երկրների սենատորներ են դիմել Գորբաչովին՝ բավարարելու հացադուլի պահանջը: Հացադուլավորները թույլ են, հյուծված, մեջներից Զորին է առույգ, աշխատունակությունը տեղը: Պատասխանում է անհամար զանգերի, լրացնում, գրում ու խմբագրում այս կամ այն ատյան հղվող զանազան դիմումներ, հայտարարության տեքստեր, նամակներ, հարցազրույց է տալիս լրատվության միջոցներին, դիմավորում ու ճանապարհում անթիվ հյուրերի ու քաղաքական խմբերի: Ապշելու կամք ունի, անսպառ եռանդ, նախանձելի հավատ ու համբերություն: Ուշ գիշերին հազիվ ժամանակ ենք գտնում առանձնանալ մեր պատգամավորական խմբի հետ: Լյուդմիլա Հարությունյանն ու Գոհար Ենոքյանը զբաղված են ԳԽ-ում հացադուլը լուսաբանող զանազան ակցիաներով, ասուլիսներով, Հրանտ Ոսկանյանը, Սերգեյ Համբարձումյանն ու Սուրեն Հարությունյանը վերին ատյանների հետ ակտիվ բանակցում են հացադուլի պահանջների շուրջ: Պատգամավորական խմբի մյուս անդամները թղթերն ու գրություններն են արագ հասցնում ուր պետք է: Մենք աշխատում ենք լրատվական զանազան գործակալությունների հետ: Բոլորս գործ ունենք ու ամեն բան անում ենք մեծագույն բծախնդրությամբ:
Մեր պատգամավորներին խոցել է, սակայն, Երեւանի պահվածքը այս ձեռնարկի եւ հատկապես պատգամավորների հանդեպ ՀՀՇ իշխանությունների արդեն անթաքույց արհամարհանքն ու լռությունը: «Երեւանում հրավիրված էի իրավաբանների միջազգային ֆորումին: ՀՀՇ իշխանավորները ճաշարանը փակել, իրենց շրջապատով ճաշում էին: Ինձ ներս չթողեցին: Ստիպված գնացի բուֆետից սնունդ առա»,- ասաց Բորիս Դադամյանը: Շաքարով հիվանդ մարդ, չէր դիմացել սովին:
Լյուդմիլա Հարությունյանին առավոտյան հրավիրել են Օստանկինո՝ հաղորդման, նրա ընդդիմախոսներն են Ադրբեջանի ժողճակատից Ալիեւը եւ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր Այազ Մութալիբովը:
24-ը հոկտեմբերի 1990թ. Մոսկվա
Այցելության եկած Ռուսաստանի ԳԽ պատգամավորներից մեկը պատմեց հացադուլի հարցով իրենց նիստի քննարկման մանրամասներից: Այն անցել է բուռն ու կրքոտ: «Ավելի լավ է չորս հոգի մեռնեն, քան դիակների բլուր բարձրանա Ղարաբաղում»,- ասել է մեկը: «Թող գնան Հայաստանում նստեն հացադուլի ու մեզ հանգիստ թողնեն»,- լրացրել է մեկ ուրիշը:
«Անդրադարձ» հաղորդման հեղինակ Անդրանիկն է այստեղ: Կենտրոնական հեռուստատեսության առաջին ալիքը նրանից նյութ է խնդրել՝ հացադուլի մասին: Անդրանիկը հատուկ առանձին մի նյութ նախ ուղարկել է Երեւան, որ տեղում նայեն ու ապա փոխանցեն Մոսկվա: Երեւանում այդ նյութին խառնել են Սումգայիթ, Բաքու, բլոկադա եւ վերջում աննշան մի քանի վայրկյան՝ հացադուլից: Անդոն կատաղած զանգեց խմբագրություն: «Ինչ տվել են Երեւանից, այն էլ թողել ենք եթեր»,- պատասխանել են ռուսները: Բոլորիս առանց այն էլ պարզ էր, որ դա նախ Երեւանի վերաբերմունքն էր հացադուլի հանդեպ:
Այսօր ԽՍՀՄ ինքնավար միավորների համագումարը հատուկ որոշում է ընդունել Ղարաբաղի հարցով: «Համագումարը դատապարտում է ԼՂԻՄ իշխանությունների լուծարումը եւ այն որակում անկանխատեսելի հետեւանք՝ ինքնավար մյուս միավորների համար եւ կոչ անում ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ անմիջապես վերականգնել հայկական ինքնավար միավորի սահմանադրական իրավունքը»: Ահագին ուրախացանք:
Բժիշկները Սոս Սարգսյանին հույս չեն տալիս: Պահանջում են անմիջապես դադարեցնել հացադուլը: Սոսը լրիվ հյուծվել է, շատ է ծխում: Մի զարհուրելի բան կա, սակայն: Բոլորս մահվան հետ հաշտ ենք ու սովորական է դարձել այդ մասին խոսելը: Սոսը մի նպատակ ունի միայն, եթե չմեռնի՝ կզբաղվի Արցախի վերաբնակեցման ծրագրով: «Ղարաբաղցիները պետք է վերադառնան Ղարաբաղ: Ոչ մի ուժ մեր պատմական տարածքը չի կարող խլել, եթե այնտեղ գոնե կես միլիոն հայ բնակություն հաստատի»: Մահվան վերահաս վտանգը չբացառելով, Զորի Բալայանը հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի թեմի առաջնորդ Տիրան սրբազանին խնդրում է մկրտել իրեն, Վաչիկին ու Սեմյոն Բաբայանին: «Գոնե քրիստոնյա մեռնենք»,- ասաց: Լավ ծիծաղեցինք:
Հացադուլը լայն արձագանք է գտել ԽՍՀՄ եւ աշխարհի բոլոր ծագերում: Տասը հազարից ավելի հեռագրեր են ստացվել: Հացադուլավորներին իրենց համերաշխությունն են հայտնում ԽՍՀՄ հանրապետությունների ու աշխարհի տարբեր երկրների ակադեմիաներ, գիտության ու մշակույթի ականավոր գործիչներ, երկրագնդի քաղաքական ու հասարակական տարբեր կազմակերպություններ, հեռագրեր են ստացվում Հայաստանի բոլոր շրջաններից ու գյուղերից, Արցախից, Շահումյանից, ՀԿԿ կենտկոմից ու քաղկոմից, Մինիստրների խորհրդից: Բոլորը թվել հնարավոր չէ: «Թանկագին Վիկտոր Համազասպովիչ: Դուք միայն հայ ազգին չեք պատկանում, այլ մեզ բոլորիս: Երկրում տիրապետող անիշխանության մեջ մեկ զոհը չի փրկի իրավիճակը, ուրիշ մեթոդներ են պետք: Խնդրում ենք դադարեցնել հացադուլը»: Ակադեմիկոս Բորիսեւիչ, Մինսկ: Տեղերում համերաշխության հացադուլ են հայտարարել նաեւ Շարա Ֆուտդինովը՝ Ուզբեկստանից եւ ակադեմիկոս Մուհամմադ Շուկուրովը՝ Տաջիկստանից: Հեռագրեր կան ԽՍՀՄ հանրապետությունների դեմոկրատական բոլոր կուսակցություններից, Ամերիկայի Հայ դատի գրասենյակից, Հայկական համագումարից, կուսակցական ու քաղաքական անթիվ գործիչներից:
Համերաշխության հեռագրեր չկան Ադրբեջանից, Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդից եւ ՀՀՇ-ից:
24-ը սեպտեմբերի 1990թ. Մոսկվա
Առավոտյան Սոս Սարգսյանը չերեւաց: Ինքը միշտ ձգտում է առանձնանալ, մնալ ինքն իր հետ: Չդիմացա, մտա սենյակ ու տեսա Սոսին ուշաթափված: Շտապօգնություն եկավ ու պահանջեց անմիջապես դադարեցնել հացադուլը: «Նա իրական մահվան շեմին է, ասացին: Մի փոքր էլ ուշանայիք, վերջ, կկորցնեիք»: Սոսն անդրդվելի է. մնալու եմ՝ մինչեւ կատարվեն մեր պահանջները: Եկան ինքնասպանությունը կանխարգելող մասնագետներ՝ ուսումնասիրելու հացադուլի մոտիվները: Սոսին այցելության եկան Միխայիլ Ուլյանովը, Կիրիլ Լավրովը, Շադրինը, Դովլաթ Խուդանազարովը, ովքեր իրենց ու մեծ թվով ռուս մտավորականների անունից դիմում են հղել Գորբաչովին: Ադրբեջանցիները հայտարարել են՝ եթե բավարարել եք հացադուլի պահանջները, մենք էլ կպառկենք: Երկու անգամ ԽՍՀՄ ՆԳ նախարար Բակատինի օգնականը եկավ, երկու անգամ Գորբաչովի: Լուկյանովը հեռագիր է ուղարկել: Մերոնք անդրդվելի են: Ռոման է եկել Շահումյանից: Գետաշենին երեք օր ժամանակ են տվել: Գոհար Ենոքյանին կանչել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Կրյուչկովը: «Գորբաչովն անողնաշար մարդ է,- ի պատասխան ասել է Գոհարը,- նա քի՞չ լիազորություն ուներ, որ լուծեր Ղարաբաղի հարցը ու էս օրը չընկնեինք: Ադրբեջանը էդ ինչքա՞ն փող ունի, որ առել է բոլորիդ: Դուք Հայաստանը զոհում եք Ադրբեջանին»: «Ինչ կա Գետաշենում»,- հարցրել է Կրյուչկովը: «Եթե ինձ եք հարցնում, ասեմ. դուք զինվորի ձեռքով մաս-մաս ծախում եք մեր հողերը: Փոքր ազգ ենք, կանցնենք տեռորի ու առաջինը՝ ամբիոնում նստած պարոնին կխփենք»,- հուսահատ զայրույթով նետել է Գոհար Ենոքյանը: Կրյուչկովը զարմացած նայել է Գոհարին: «Այո, այո, մի զարմացեք: Պատմությունը ցույց է տվել, որ մենք լավ էլ կարող ենք դա անել»: Կրյուչկովն ասել է, որ կարելի է փրկել Գետաշենը, եթե հայերը տները չծախեն: «Մեկ միլիոն են տալիս ադրբեջանցիներն ամեն մի տանը, բայց ձերոնք չպիտի համաձայնեն: Այդ դեպքում միայն կարող ենք օգնել»:
Շարունակությունը հաջորդ համարում