Լրահոս
Օրվա լրահոսը

Պասի՞վ են գյուղացիական կոոպերատիվները

Մարտ 31,2011 00:00

Տավուշի մարզում հող մշակելու պայմաններ ստեղծված են, սակայն հողը չի մշակվում

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղում 45 անասնատեր միավորվելով՝ գյուղացիական կոոպերատիվ են ստեղծել, ընտրել 9 հոգանոց վարչություն, 4 հոգանոց վերստուգիչ հանձնաժողով, նախագահ է ընտրվել Գեւորգ Գալստյանը, ով 70 խոշոր եղջերավոր անասուն ունի: Անասնատերերը միասին ունեն 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը Տավուշի մարզ այցի ժամանակ գյուղապետերին խորհուրդ է տվել, որ նրանք աջակցեն գյուղացիական կոոպերատիվների ստեղծմանը, պետությունն էլ իր հերթին կօգնի կոոպերատիվներին:
Տավուշում այս տարի կիրականացվի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը, որի մի բաղադրիչը համայնքային արոտավայրերի կառավարումն է եւ անասնապահության զարգացումը: Ծրագրով նախատեսվում է կոոպերատիվներին աջակցել արոտավայրերի ջրարբիացման, սարամասերի էլեկտրիֆիկացման, հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհների կառուցման, կաթի ընդունման կետերի ստեղծման, բազմամյա խոտաբույսերի մշակության, գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցերում: Այս ամենի համար անհրաժեշտ գումարի 95 տոկոսը վարկի տեսքով կտա պետությունը, 5 տոկոսը՝ ծրագրում ընդգրկված համայնքները: Առանձին աշխատանքներում՝ գյուղտեխնիկայի ձեռքբերում, առվույտի, կորնգանի ցանքս եւ այլն, պետությունը տրամադրելու է աշխատանքների արժեքի 50 տոկոսը, մնացած 50 տոկոսը՝ գյուղացիական կոոպերատիվը:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ այս ծրագրով գյուղտեխնիկա ձեռք բերելու համար Տավուշից հայտ է ներկայացրել ընդամենը 6 գյուղացիական կոոպերատիվ: Նոյեմբերյանի եւ Դիլիջանի տարածաշրջաններից ոչ մի կազմակերպություն հայտ չի ներկայացրել: Հայտնի է, որ գյուղտեխնիկան վաճառվելու է աճուրդով:
Տավուշի որոշ գյուղերի ղեկավարներ «Առավոտի» հետ զրույցում թերահավատ էին գյուղացիական կոոպերատիվների ապագայի հանդեպ: Դեպի հեռագնա արոտավայրեր ճանապարհների կառուցումը մեծ ծախսեր է պահանջում եւ գյուղապետերը ասում էին, թե համայնքները չունեն բավարար միջոցներ այդ աշխատանքների թեկուզ 5 տոկոսը համաֆինանսավորելու համար:
Ըստ Տավուշի մարզպետարանի տվյալների, մարզի վարելահողերի մշակումն էլ գոհացուցիչ մակարդակի չէ: Վարելահողերի միայն կեսն է մշակվում՝ 25 300 հեկտարից՝ 14 500-ը: Կան համայնքներ, որտեղ ընդհանրապես աշնանացան կամ գարնանացան չի արվել: Զարմանալի է, որ այդ հող չմշակողների «սեւ ցուցակում» են նաեւ Ակնաղբյուր, Լուսաձոր, Լուսահովիտ, Խաշթառակ գյուղերը, որտեղ վերջին մի քանի տարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու այլ ծրագրերով մեծ ներդրումներ են կատարվել՝ ջրագծեր կառուցվել, մթերող կետեր հիմնվել: Ինչո՞ւ ներդրումներն արդյունք չեն տալիս: Պատասխանը ակնկալում ենք համայնքապետարաններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել