Լրահոս
Օրվա լրահոսը

1,3-ԱԿԱՆ ՄԻԼԻԱՐԴ՝ ԼՈՌԻԻՆ ԵՎ ՇԻՐԱԿԻՆ

Մարտ 31,2011 00:00

\"\"Հյուսիսային մարզերում մտադիր են լուծել կաթացող տանիքների հարցը, եթե գումարը բավականացնի

Մոտկորի ճանապարհը չի նորոգվի
2010 թվականի հունվարի 27-ին «Առավոտը» անդրադարձել էր Վանաձորի արվեստի քոլեջի տարիներով ձգվող ու չլուծվող խնդիրներին: Շենքում ոչ միայն խոնավությունն ու սունկն են «թագավորում», այլ նաեւ՝ կոյուղու գարշահոտությունն է տարածվում, մի քանի րոպե միջանցքում կանգնելը իսկական փորձություն է ներս մտնողի համար: Շենքի պատերի քարերն իրարից հեռացել են, այդ ճեղքերում բուսած սնկերն ու բույսերը ներսից դեպի դուրս էլ են ձգվել: Խնդրի միակ ու պարզ լուծումը վթարված խողովակը փոխելն է: Քոլեջը նաեւ վերանորոգման ու ջեռուցման կարիք ունի, որ նվագարանները չփչանան: Մարզերում սոցիալական լարվածությունը փոքր-ինչ մեղմելու, բնակչությանը հուզող առաջնահերթ խնդիրները լուծելու նպատակով մարզերին հատկացված 10,12 միլիարդից Լոռու մարզի համար 1,32 միլիարդ է առանձնացվել, որից 50 միլիոնով կնորոգվի Վանաձորի արվեստի քոլեջը: 2010-ի նոյեմբերի 24-ին էլ գրել ենք, որ արդեն 20 տարի է՝ մշտական տանիք չունի եւ տնակից տնակ է տեղափոխվում Լոռու մարզի երկրագիտական թանգարանը, որ 34 հազար ցուցանմուշ ունի: Այս հարցը լուծելու համար նշված գումարից 35 միլիոն դրամ կծախսվի:
25 միլիոն դրամով Ղուրսալու գյուղում փախստականների համար տներ կգնվեն, Նեղոց գյուղում գյուղապետարան կկառուցվի, Օձունի գյուղապետարանի տանիքը եւ Արեւաշողի մանկապարտեզը կնորոգվեն, խմելու կամ ոռոգման ջրի հարցը կլուծվի Ճոճկան, Քարկոփ, Մեղվահովիտ, Ջրաշեն գյուղերում:
Լոռիում բազմաբնակարան շենքերի տանիքների ու վերելակների հարցը լուրջ է: Միայն մարզկենտրոն Վանաձորում վերանորոգման կարիք ունեցող 234 տանիք կա, սակայն Լոռու մարզպետարանի քաղաքաշինության եւ տրանսպորտի վարչության քաղաքաշինության բաժնի պետ Վալերի Անտոնյանից տեղեկացանք, որ հարցը միանգամից չի լուծվելու. «Հարկավոր է մաս-մաս նախագծել, քանի որ ֆինանսավորումն էլ կատարվում է եռամսյակը մեկ: Եթե գումար լինի, հերթով կնախագծենք եւ կվերանորոգենք»:
Նախատեսվում է մարզի քաղաքային համայնքներում վերջապես ասֆալտապատ փողոցներ ունենալ: Վանաձորի կենտրոնական փողոցի եւ մայթերի վերանորոգման համար կծախսվի 20 միլիոն, իսկ մյուս փողոցների համար՝ 140 միլիոն դրամ, Սպիտակի փողոցների համար՝ 36 միլիոն, Ստեփանավանի՝ 35, Ալավերդու՝ 28, Տաշիրի՝ 30, Թումանյանի՝ 6 միլիոն դրամ:
Թումանյանի տարածաշրջանի ամենադժվարանցանելի ու լեռնային ճանապարհը՝ Մոտկորի ճանապարհը, յոթ գյուղ՝ Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, քաղաքին կապող միակ ճանապարհը, որի անմխիթար վիճակի մասին գրել ենք դեռ մեկ տարի առաջ՝ 2010թ. մարտի 5-ին («Վախդ չափիր, նոր ճամփա ընկիր»), չի նորոգվի, քանի որ մեծ գումար է անհրաժեշտ՝ 1,6 միլիարդ դրամ: Բայց կնորոգվեն կամ կխճապատվեն անկախությունից հետո երբեւէ չվերանորոգված գյուղամիջյան ճանապարհներ՝ Օձուն, Լեջան, Լեռնահովիտ, Լեռնանցք, Շիրակամուտ, Գուգարք գյուղերում:
Կնորոգվի Թուրքիայի սահման տանող
ճանապարհը

Կառավարության հատկացրած 10,12 միլիարդ դրամից Շիրակն էլ, Լոռու նման, 1,32 միլիարդ դրամ է ստացել: Խնդիրների մեջ թաղված հյուսիսային այս մարզի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից տեղեկացանք, որ նշված գումարից բաժին կունենան ոլորտները՝ ճանապարհաշինություն, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, ոռոգման համակարգ, կրթություն, առողջապահություն: Մարզում ամենահրատապ խնդիրը, ըստ Ալբերտ Մարգարյանի, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգումն է: Մարզկենտրոն Գյումրու տեղական հեռուստաալիքները հեղեղված են անձրեւաջրերից կաթկթացող, ջարդուփշուր եղած տանիքների մասին պատմող տեսանյութերով: Շիրակի մարզպետարանն էլ արդեն քանի տարի անընդմեջ դիմում-բողոքներ է ստանում այս թեմայով: «Երկրաշարժից հետո շատ ու շատ շենքերի տանիքներ չեն հիմնանորոգվել, եւ անձրեւաջրերը հոսում են դեպի բնակարաններ, բնակիչները արդարացիորեն դժգոհում են: Նաեւ հարթ տանիքներ ունենք, որոնք Շիրակի բնակլիմայական պայմաններում այնքան էլ իրենց չեն արդարացնում ու էլի ձնհալքի եւ անձրեւի ջրերը հոսում են բնակարաններ: Այս 1,320 միլիարդից 486 միլիոնով մենք 81 բազմաբնակարան շենքի տանիքների հիմնանորոգում ենք անելու, որոնցից 42-ը հարթ տանիքներ են: Իհարկե, դրանով խնդիրը չի լուծվում, բայց ինձ թվում է, որ հաջորդ ծրագրի շրջանակներում այն վերջնականապես կլուծվի»,- ասում է Ալբերտ Մարգարյանը:
Լուծվելու է նաեւ մեկ այլ կարեւոր խնդիր, դպրոցներում ջեռուցման համակարգի անցկացումը: «Երկրաշարժից հետո մարզում բազմաթիվ դպրոցներ են կառուցվել՝ առանց ջեռուցման համակարգի: Իսկ անցած տարի մեր մարզում 26 գյուղ գազիֆիկացվեց, բայց այդ գյուղերում դպրոցները գազիֆիկացված չեն, ջեռուցման համակարգեր չկան: Նախատեսում ենք թվով 7 դպրոց գազիֆիկացնել եւ ջեռուցման համակարգ տեղադրել»:
Առողջապահական ոլորտում գումարները կուղղվեն հիմնականում ռենտգեն կաբինետների վերանորոգմանը: 371 միլիոն էլ հատկացվելու է ճանապարհաշինությանը, հիմնականում վերանորոգվելու են ներհամայնքային ճանապարհները: Ճանապարհների հարցում, մեղմ ասած, անմխիթար վիճակում է մարզկենտրոնը: Գյումրեցիները հումոր են անում, թե «ցեխաբույր» քաղաքով անցնելու համար անհրաժետ է միկրոավտոբուսների փոխարեն տանկեր ներկրել: Գյումրիում երկրորդական փողոցները փոքր-ինչ վերանորոգվում են այն ժամանակ, երբ երկրի նախագահը կամ վարչապետն է գործով քաղաք գալու, ասենք՝ որեւէ ժապավեն կտրելու: Ալբերտ Մարգարյանի ասելով, Գյումրու չորս, Արթիկի ու Ամասիայի մեկական փողոցներ կենթարկվեն հիմնանորոգման: Ուշագրավ է, որ նորոգվելու է Սպիտակ-Գյումրի-Ղարիբջանյան միջպետական նշանակության ճանապարհահատվածը: Իսկ Ղարիբջանյան գյուղը հայ-թուրքական սահմանի մոտ է՝ Ախուրյան կայարանից ոչ հեռու:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը ասաց, որ ծրագիրը քարացած չէ, հնարավոր է փոփոխության ենթարկվի վերանորոգման ենթակա օբյեկտների ցանկը, եթե գումարը չբավարարի՝ հնարավոր է թվարկվածներից որոշները դուրս մնան ծրագրից կամ գումարները վերաբաշխվեն:
Ալբերտ Մարգարյանն ասաց նաեւ, որ գումարների ճիշտ, արդյունավետ ծախսումն ու շինարարության տեխնիկական որակը վերահսկելու են քաղաքաշինության տեսչությունն ու այն համայնքապետը, որի տարածքում շինաշխատանքներ են իրականացվում: Մնում է միայն, որ վերջիններս այնպես վերահսկեն, որ նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը Լիդա Նանյանի բախտին չարժանանա: Հիշեցնենք, որ տիկինը Վերահսկիչ պալատի թուքումուրը ստացավ՝ այս ոլորտում տեղ գտած չարաշահումների պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել