Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում պիտի շարունակվեր «Եդեսիա» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Գեւորգ Հայրապետյանի բողոքի քննությունը: Դատական նիստերը դռնփակ են:
Հիշեցնենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել, որ Գ. Հայրապետյանը Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ է, ընդսմին 2009թ. ապրիլից պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հավաքել, պահել, իսկ 2009թ. սեպտեմբերի 1-ին այդ կազմակերպության ներկայացուցիչ, Իրանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ազերի Բեհնամ Բաղերիին հանձնել է հակահայկական քարոզչություն հանդիսացող՝ ՀՀ զինված ուժերի կողմից Շուշիում եւ Լաչինում իրականացրած մաքրման գործողությունների տեսագրությունը:
Դատարանը համապատասխանաբար 12 եւ 10 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել Հայրապետյանին եւ իրանցուն:
Երեկ տեղեկացանք նաեւ, որ Գեւորգ Հայրապետյանը դիմել է քաղաքացիական հայցով դատարան՝ ընդդեմ «Կենտրոն» հեռուստաընկերության՝ իր քրեական գործով ապատեղեկատվություն տարածելու համար: Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն էլ վերջերս հաղթեց «Կենտրոն» հեռուստաընկերությանը, որը պաշտոնապես հերքեց նրա գործով ապատեղեկատվությունը: Հեռուստաընկերությունը բացահայտել էր նաեւ տեղեկատվության աղբյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը: