Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի թվով 400 բնակիչներ հերթական նամակն են ուղարկել «Առավոտին» եւ հանրապետության նախագահին:
«Մեր բողոքն ու հիշեցումը կապված է 2009թ. հունվարի 24-ին Տավուշի մարզի Պառավաքարի «Թազա պոստում» սպանված զինվոր Վազգեն Հունանյանի հետ: Նախաքննության մարմինը Իջեւանի քննչական բաժնում կեղծ վկայություններ էր վերցրել. կեղծվել էին անգամ անալիզները: Վազգենի հարազատները պահանջել էին գործը տեղափոխել զինվորական դատախազության հատուկ գործերի բաժին: Համայնքի բնակիչներս տեսնելով Վազգենի տանջահար ու չարչրկված մարմինը, կասկած չունեինք, որ տեղի ունեցածը դիվային եւ հրեշավոր սպանություն էր, որը կարող էին իրականացնել գազանից սերվածները:
2010թ. մարտի 24-ին համայնքը ստացավ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի պաշտոնական գրությունը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Թիվ 90751109 քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ կատարվել է սպանություն՝ դեռեւս չպարզված անհայտ անձի կամ անձանց կողմից»: Սակայն սրան ոչինչ այլեւս չհաջորդեց:
Դժգոհ մնալով տվյալ մարմնի աշխատանքից, Վազգեն Հունանյանի մայրը դիմեց ՊՆ ռազմական ոստիկանությանը, որի աշխատակիցները սկզբնական շրջանում քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարծես թե հասել էին գործի քննության ավարտին:
Ձեռք էին բերվել վկայություններ ու ապացույցներ եւ թվում էր, թե մղձավանջը մոտենում է իր ավարտին, որովհետեւ պարզվել էր սպանություն կատարող անձը՝ Վահագն Արզումանյանը՝ «Կյաժ» մականունով: Վերջինս 1 ամսով կալանքի տակ գտնվեց:
Նրա դեմ ցուցմունք էր տվել վկա Արթուր Խուդոյանը, որը հայտնել էր, թե բարձր գոռգոռոցներ ու հայհոյանքներ է լսել, իսկ դրանց մեջ ճանաչել է Վահագնի ձայնը:
Գոռգոռոցներին հետեւել էր կրակոցի խուլ ձայնը: Վկայի ցուցմունքի համաձայն, որոշ ժամանակ անց իրեն էր մոտեցել Վահագնը, սպառնացել, թե որեւէ տեղ խոսեցիր՝ վատ կլինի վիճակդ: Արթուր Խուդոյանն իր ցուցմունքը պնդել էր Վահագնի հետ առերեսման ժամանակ:
Վկա Վահագն Բարսեղյանն էլ ցուցմունք է տվել, որ դեպքից 1 ժամ առաջ Վահագն Արզումանյանը պարբերաբար բացակայել է գետնատնակից, իսկ վերջին անգամ՝ 15-20 րոպե տեւողությամբ: Այսքան ապացույցներից հետո ասում են՝ փաստեր չկան: Որոշ ժամանակ հետո սկսեցին կեղծվել նաեւ ցուցմունքները:
Սա նշանակում է, որ մարդասպանները կլորիկ գումարներ էին տվել…
Մեղրաշենցիների անունից խնդրում ենք հանրապետության նախագահին՝ լինել հետեւողական: Այս նամակը չէր գրվի, եթե չհավատայինք:
Լիովին համոզված ենք, որ վերջ կդրվի կեղծիքներին, վերջապես կհաղթի ճշմարտությունը, եւ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»: