Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականներ կան, որոնց չեն էլ հաշվառում

Մարտ 31,2011 00:00

Մեր երկրի անօթեւան փախստականների խնդիրը լուծելու նպատակով, այս տարվա մայիսին Երեւանում կկայանա միջազգային համաժողով, որի նպատակն է համատեղել ՀՀ կառավարության եւ միջազգային դոնոր հանրության ջանքերը:
Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, երեկ այդ առիթով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ 2004թ.-ին ՀՀ կառավարության հաստատած ծրագրով խնդիր էր դրվել լուծել 3470 առավել կարիքավոր փախստականների բնակարանների հարցը:
Հաշվառվածներից այսօր հանրապետությունում կա մոտ 1200 առավել կարիքավոր ընտանիք, որոնցից ավելի քան 800-ը՝ Երեւանում:
Նկատենք, որ փախստականների մի ստվար հատված մշտապես դուրս է մնում այս տեսակ ծրագրերից: Դրանք 1990-ականներին Լեռնային Ղարաբաղից Հայաստան արտագաղթած, մասնավորապես՝ Մարտակերտի շրջանի մոտ 5-6 բնակավայրերի բնակիչներ են, որոնց գյուղերն այսօր գտնվում են կամ չեզոք գոտում, կամ ադրբեջանցիների հսկողության տակ: Այդ մարդկանց երբեւէ որեւէ ծրագրում չեն ընդգրկում, քանի որ պետությունը նրանց փախստականի կարգավիճակ չի տալիս: Սակայն փաստ է, որ այդ հարյուրավոր մարդկանց տները ազերիները թալանել են, այրել, ու նրանք այլեւս հնարավորություն չունեն վերադառնալու իրենց բնակավայրերը: Նրանք այսօր Հայաստանում էլ անտուն են: Ուստի, թե ինչ տրամաբանությամբ են նրանց մերժում փախստականի կարգավիճակ տալ, պարզապես անհասկանալի է: Այդ տարածքների շատ-շատ բնակիչներ պետության կողմից արժանանալով նման վերաբերմունքի՝ տարիներ առաջ բռնել են արտագաղթի ճամփան՝ բնակություն հաստատելով Ռուսաստանի Դաշնությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել