Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համատիրությո՞ւնն է գույքահարկով վախեցրել

Մարտ 31,2011 00:00

Գույքահարկ կտա՞ս, երեխայիդ կթողնեն մանկապարտեզ

Օրերս «Առավոտի» խմբագրություն էին ահազանգել Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ՝ հայտնելով, որ այդ շրջանի որոշ մանկապարտեզների տնօրեններ հրահանգել են երեխաների ծնողներին՝ շտապ վճարել այս տարվա գույքահարկը եւ կտրոնների կրկնապատճենները ներկայացնել մանկապարտեզի ղեկավարությանը: Տնօրենները ծնողներին պատճառաբանել են, որ նման հրահանգ ստացել են վարչական շրջանի ղեկավարից:
Նշենք, որ, ըստ որոշ լուրերի, Արաբկիր վարչական շրջանը գույքահարկի գումարների հավաքագրումն այնքան էլ լավ չի կատարել եւ այդ է պատճառը, որ պլանը կատարելու համար վարչական շրջանի պատասխանատուները նման մեթոդների են դիմում: Բացի այդ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն է խիստ հրահանգել վարչական շրջանի բոլոր ղեկավարներին՝ գույքահարկի եւ այլ վճարների հավաքագրմանը ուշադրություն դարձնել եւ ժամանակին հավաքել բոլոր գումարները:
«Առավոտին» դիմած բնակիչների խոսքերով՝ «Ժամկետ են դրել մեզ վրա ու ստիպում են շտապ կատարել վճարումները: Բայց մենք էլ գուցե այս ամիս ի վիճակի չենք վճարել, ինչո՞ւ են վռազացնում, մյուս ամիս կվճարենք»:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» վստահեցրին, որ նման բան չկա, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը նման հանձնարարական չի տվել. «Եթե գույքահարկի հավաքագրման խնդիր լինի, եւ բնակիչները պարտքեր ունենան, կարող են դատական կարգով գումարը հավաքել»: Քաղաքապետարանից տեղեկացրին, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդվարդ Մուշեղյանն էլ, լսելով այդ լուրերը, խորհրդակցություն է հրավիրել մանկապարտեզների տնօրեններին, որպեսզի  պարզի, թե ինչ աղմուկ է բարձրացել: Տնօրեններն էլ վստահեցրել են, որ իրենք նման հրաման ծնողներին չեն տվել: Ինչ վերաբերում է Արաբկիրի՝ գույքահարկի թերի հավաքագրմանը, քաղաքապետարանից հավաստիացրին, որ այս ամսվա դրությամբ՝ գումարների  87%-ն արդեն հավաքագրել են: Ուստի չի բացառվում, որ բնակիչներից գումարներ գանձելու մտահղացումն առաջացել է համատիրությունների պատասխանատուների մոտ, որոնք էլ, առիթն օգտագործելով, մանկապարտեզի հասակի երեխաներ ունեցող բնակիչների առաջ պայման են դրել. գույքահարկը կմուծեն՝ անհրաժեշտ փաստաթղթերը կստանան՝ կապված մանկապարտեզների անվճար հաճախումների հետ: Նշենք, որ քաղաքապետի՝ մանկապարտեզները անվճար դարձնելու որոշումից հետո, ծնողները, ուզած թե չուզած, գործ ունենալու են համատիրությունների, ԺԷԿ-երի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել