Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետական համակարգո՞ւմ էլ կրծողներ կան

Մարտ 31,2011 00:00

\"\"Հանրապետության պտղատու այգիները համատարած չորանում են. ահազանգում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ բացատրելով, որ այգիների չորացումը կարելի էր կանխել, եթե ժամանակին պայքարեին մկնանման կրծողների դեմ. «Կրծողները վերացրել են ծառերի կեղեւը եւ մեծ վնասներ հասցրել հատկապես Արարատյան դաշտավայրի այգիներին: Եթե խաղողի վազերը երկուսից երեք տարի հետո հնարավոր կլինի վերականգնել, ապա կրծողներից վնասված ծառերն էլ չեն վերականգնվի»:
 Պարոն Բերբերյանի գնահատմամբ, ընդհանուր առմամբ տարին հաջող է լինելու գյուղատնտեսության համար, չնայած ձմեռային երաշտի պատճառով բերքի 5-10%-ի կորուստ ունեցանք. «Ծիրանի կայուն բերքի անկում կունենանք, իսկ կարտոֆիլի համար բնակլիմայական բարենպաստ պայմաններ ունենք: Անցյալ տարի 50000 տոննա կարտոֆիլի սերմացու փչացրինք պահեստներում ու արդյունքում՝ կարտոֆիլի դեֆիցիտ ունեցանք: Իրավիճակը կայունացնելու նպատակով 2000 տոննա կարտոֆիլի տնկանյութ է ներկրվում հանրապետություն, որից 300 տոննան էլիտա դասի է»:
Համաձայն պարոն Բերբերյանի՝ կառավարության՝ այս տարվա համար նախատեսած 17 տոննա թունաքիմիկատը թեեւ ոլորտին աջակցելու լուրջ քայլ է, սակայն. «Հինգ անգամ ավելի շատ է հարկավոր, այդ 17 տոննան կհերիքի ընդամենը 150000 հեկտարին, բայց 430 000 հեկտար հողատարածք ունենք»:
Պարոն Բերբերյանը դրական է գնահատում գյուղնախարարության աշխատանքը. «Համենայնդեպս, անցյալ տարվա գյուղնախարարությունը չունենք, այս տարվա նախարարությունը փորձում է քայլեր անել: Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ովքեր գյուղատնտեսության հետ որեւէ կապ չունեն, սկսել են գյուղեր այցելել, որ ցույց տան իրենց աշխատասիրությունը: Ունենք չինովնիկներ, որոնք աշխատում են պետական մեքենա ունենալու, աթոռների ու իրենց գրպանները լցնելու համար: Եթե այս չինովնիկներին արանքից հանենք, այդ կրծողներին, որոնք գյուղատնտեսությանը մեծ վնասներ են տալիս, ապա կունենանք հաջող գյուղատնտեսություն, քանի դեռ կրծողներ ունենք ոչ միայն դաշտերում, այլեւ պետական համակարգում, ոլորտում առաջընթաց չենք ունենա»:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խթանելու նպատակով Համաշխարհային բանկի տրամադրած վարկին՝ պարոն Բերբերյանն ասաց. «0,75% տոկոսադրույքով տրամադրված վարկերը բանկը ձեռք է բերել 10%-ով, փոխանակ 12-14%-ով տա գյուղացուն, տվել է 24%-ով: Վերահսկողությունը բացակայում էր, ինչի արդյունքում մի խումբ բանկիրներ ձեռք էին տաքացնում գյուղատնտեսության վրա: Խնդրի մյուս կողմն էլ կա. Համաշխարհային բանկը գյուղատնտեսության ոլորտին է գումարներ հատկացնում, բայց տեսնում ենք նույն բանկի անունով գյուղվարկերով տաքսի-սերվիսներ են ֆինանսավորում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել