Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարտ 31,2011 00:00

\"\"Նրանցից ոմանք կրթություն են ստացել բազմազավակ հայր դառնալուց հետո

Սովորաբար մարդիկ բարձրագույն կրթություն ստանում են միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, տղաները՝ երբեմն զինվորական ծառայությունից հետո: Բայց կարդալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ոմանց կենսագրությունը՝ հանդիպում ենք այլ օրինաչափության. որոշ պատգամավորներ՝ հատկապես գործարարները, դպրոցն ավարտելուց ու զինվորական ծառայությունն անցնելուց հետո զբաղվում են բիզնեսով, ունենում զգալի հաջողություններ կամ աշխատում են տարբեր բնագավառներում՝ երբեմն ունենալով ղեկավար դիրք եւ հանկարծ հասուն տարիքում, ասենք՝ 35-50 տարեկանում, որոշում են ստանալ բարձրագույն կրթություն: Իսկ բուհն ավարտելուց հետո հանկարծ հասկանում են, որ իրենք հոգեպես եւ գաղափարապես պատրաստ են ազգի համար օրենքներ գրել ու մշակել: Եվ հաջողությամբ դառնում են մեր երկրի օրենսդիր մարմնի անդամ:
 Սկսենք խորհրդարանի ինտերնետային կայքում ըստ այբբենական կարգի գրանցված առաջին՝ նմանուղի կենսագրություն ունեցող պատգամավորից՝ Սամվել Ալեքսանյանից: Հանրության կողմից ավելի շատ որպես գործարար ճանաչված Ալեքսանյանը ծնվել է 1968թ.-ին: 1988-90թթ. ծառայել է խորհրդային բանակում, որից հետո աշխատել է «Սանտեխարտադրում» գործարանում՝ որպես վարպետ, այնուհետեւ՝ որպես արտադրամասի պետ: 1994-2003թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ: Ըստ կենսագրականի, 2002-ին ավարտել է հայկական Գյուղատնտեսական ակադեմիան: Ակադեմիան ավարտելու հաջորդ տարին՝ 2003թ.-ին, ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ունի հինգ երեխա: Փաստորեն, 35-ամյա Ալեքսանյանը իր բավականին բարեհաջող բիզնեսին զուգահեռ (իսկ մեծ բիզնեսը մարդու ժամանակից շատ բան է խլում), լինելով նաեւ բազմազավակ հայր, կարողացել է ստանալ բարձրագույն կրթություն՝ դասեր սովորել, պատրաստվել կիսամյակային քննությունների եւ ստուգարքների, հանձնել ավարտական քննություններ եւ այլն:
ՀՀԿ-ական, միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր (այդպես է գրված կենսագրականում), «Գրեյթ Վելիի» ՍՊԸ-ի սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը բավարարվել է միայն Կամոյի (Գավառի) Անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում կրթություն ստանալով:
Անկուսակցական Ռուստամ Գասպարյան։ Ծնվել է 1961թ.-ին: 1996թ.-ին՝ 35-ամյա Գասպարյանն ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը: Մի հետաքրքիր փաստ ներկայացնենք. գնդապետ Գասպարյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա 1989-ից մասնակցել է Արցախի ազատամարտին, 1994-2000թթ. ծառայել է ՀՀ բանակում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ: Փաստորեն, մեր օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում զինծառայությանը զուգահեռ ստանալ նաեւ բարձրագույն կրթություն:
ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանը ծնվել է 1966 թ.-ին: 2000թ.-ին 34-ամյա Գրիգորյանն ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը: Իսկ մինչ այդ՝ 1996-97-ին եղել է Էջմիածնի հացի գործարանի տնօրեն: Փաստորեն, ուսման ընթացքում՝ 1999թ.-ին, դեռեւս ուսանող Գրիգորյանն արդեն ընտրվել է ԱԺ պատգամավոր:
ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը ծնվել է 1968թ.-ին: 39 տարեկանում՝ 2007թ.-ին, ավարտել է Գյումրիի «Պրոգրես» համալսարանը: Ուսմանը զուգահեռ, փաստորեն, 1997-2009թթ. զբաղեցրել է «Ծաղկաձոր» ԳՄՀ ՊՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը:
Նախկին ՕԵԿ-ական, ներկայումս անկուսակցական Մելիք Մանուկյանը ծնվել է 1955 թ.-ին: Ծառայել է խորհրդային բանակում: 1975-89թթ. աշխատել է «Հայբյուրեղապակի» գործարանում, իսկ 1989 թվականին՝ «Սարանիստ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն եւ նախագահ: Փաստորեն Մելիքյանը 38 տարեկանում, երբ ընկերության տնօրեն ու նախագահ էր, նաեւ բազմազավակ հայր՝ 1993թ.-ին հասցրել է նաեւ ավարտել Եկատերինբուրգի Ուրալյան ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Ըստ էջմիածինցի ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի կենսագրականի՝ 1993-97թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում: Մեկ այլ տողով նշվում է, որ Մովսիսյանը 1989-1995թթ. մասնակցել է ղարաբաղյան պատերազմին: Փաստորեն 27-ամյա Մովսիսյանը պատերազմին մասնակցելուն զուգահեռ կարողացել է նաեւ պարապել եւ վերհիշել որոշ առարկաներ, նախապատրաստվել եւ ընդունելության քննություններ հանձնել՝ Մանկավարժական ինստիտուտ ընդունվելու համար:
ՀՀԿ-ական Ալեքսանդր Սարգսյանն ավարտել է Երեւանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը, գազային տնտեսատեխնիկ է: Աշխատել է «Սիրիուս» ԸՏԲԸ տնօրենի տեղակալ, «Ավտոգազ» ՍՊԸ Ջրվեժի թիվ 7 ԱԳԼՃԿ պետ: Գազային տնտեսատեխնիկ եւ ԱԳԼՃԿ նախկին պետ Սարգսյանը ներկայումս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ է:
ԲՀԿ-ական, չորս երեխայի հայր, 50-ամյա Տիգրան Ստեփանյանը դեռեւս ուսանող է՝ սովորում է ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետի չորրորդ կուրսում: Այդ մասին նույնպես վկայում է ՀՀ Ազգային ժողովի ինտերնետային կայքը: Ուսանող եւ ապագա ագրոնոմ Ստեփանյանը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Անկուսակցական Մխիթար Վարագյանը թեեւ ավարտել է Մոսկվայի սննդի արդյունաբերության տեխնիկումը եւ մասնագիտությամբ ճարտարագետ-տեխնոլոգ է, բայց դա չի խանգարում, որ նա լինի ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Իսկ 2003-2007թթ. եղել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ:
ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի բարձրագույն կամ միջնակարգ կրթության մասին խոհրդարանական կայքը ոչ մի տեղեկություն չի հաղորդում: Գուցե Տոնոյանը ավելի ազնիվ է ընտրողների եւ, առհասարակ, հասարակության առջեւ: Փոխարենը՝ Տոնոյանն ունի հարուստ աշխատանքային կենսագրություն: Սպորտի բնագավառում մատուցած ծառայությունների համար արժանացել է հուշամեդալի, ոսկե շքանշանի: Բայց մի բան անհասկանալի է. Տոնոյանն արժանացել է Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման: «Շնորհվել է նաեւ բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում»: Գուցե ես ճիշտ չեմ հասկանում դոկտոր բառի իմաստը, բայց կարծում եմ, որ այդ կոչմանն արժանանալու համար մարդը պետք է մոտ կանգնած լինի գիտությանը, գոնե, ինչպես նշված է՝ «բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային» ասպարեզում:
Ուշագրավ մի հանգամանք. վերոնշյալ պատգամավորները հիմնականում ՀՀԿ կամ ԲՀԿ անդամներ են: Նրանց հազիվ թե հանրությունը հիշի երբեւէ ԱԺ նիստերում որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, օրենքի որեւէ նախագծի շուրջ բանավիճելիս կամ, առհասարակ, ԱԺ-ում որեւէ լուրջ թեմայի քննարկմանը կարծիք կամ տեսակետ արտահայտելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել