Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքական «ռացիոնալիզմն» ու «նիհիլիզմը»

Մարտ 31,2011 00:00

ԸՕ-ի բարեփոխումների շուրջ

– Իմ գործընկերն առաջարկում է, որ ընտրական հանձնաժողովները ձեւավորվեն 50-50 հարաբերակցությամբ, բայց մենք պետք է ելնենք խորհրդարանում առկա քաղաքական ուժերի հարաբերակցությունից:
– Ի՞նչ կապ ունի դա, տիկին Զոհրաբյան, եթե այսօրվա խորհրդարանում ընդդիմությունը 23 պատգամավոր ունի, դա նշանակում է, որ հաջորդ խորհրդարանո՞ւմ էլ պետք է այդքան ունենա:
– Առաջարկվող փոփոխություններով մենք փորձում ենք փակել հնարավոր սողանցքները, եւ ԸՕ-ն լինի միակ վերահսկողը՝ արդար եւ ազատ ընտրությունների:
– Մինչեւ հայտարարություններ անելը ես հինգ անգամ կարդացել եմ առաջարկվող փոփոխությունները, հստակ գրված է, դուք էլ կարդացեք:
– Մենք ժամանակ ունենք, տեղի են ունենալու հանրային քննարկումներ, եւ կոալիցիան էլ ասել է, որ ցանկացած ռացիոնալ առաջարկ պատրաստ է քննարկել եւ ընդունել՝ ում կողմից էլ այն լինի:
– ԲՀԿ-ն, որ շահագրգիռ է արդար ընտրությունների համար, ասեք՝ մեր առաջարկներից ո՞րն է ոչ ռացիոնալ:
– Այո, ԲՀԿ-ն շահագրգիռ է եւ պատրաստ է քննարկումների:
Այս երկխոսությունը երեկ տեղի ունեցավ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները երեկ հավաքվել էին Մամուլի ազգային ակումբում, որն ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ քննարկում էր կազմակերպել՝ «ՀՀ «Ընտրական օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունները. ընտրական հանձնաժողովների համակարգի ձեւավորումը, վստահված անձանց եւ դիտորդների կարգավիճակը, նրանց իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները» թեմայով: Քանի որ «գործ ունենք մեր ընտրական ոչ կատարյալ ավանդույթի, ընտրական ողջ հիերարխիայում ձեւավորված ոչ կատարյալ հարաբերությունների հետ», այդ պատճառով Նաիրա Զոհրաբյանը «պոզիտիվ» է գնահատում ԸՕ-ում փոփոխությունների անընդհատ առաջացող անհրաժեշտությունը եւ հույս ունի, որ ընտրություններից առաջ կունենանք հնարավորինս կատարյալ օրենսգիրք: Ըստ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ խնդիրն այն է, որ ընտրություններից հետո ամեն անգամ հեղափոխական մի բան է առաջանում՝ թե նոր օրենսգիրք պետք է ստեղծենք եւ թերությունները վերացնենք, իրականում սկզբունքային հարցերի նկատմամբ խորը վերաբերմունք չենք դրսեւորում: Նա, մասնավորաբար, նկատի ունի քաղաքական կուսակցությունների փոքր դերակատարումն ընտրական գործընթացներում, հանձնաժողովների ձեւավորման գործող համակարգը, որը պատասխանատվության որեւէ բաժին չի դնում պետական մարմինների եւ քաղաքական կուսակցությունների վրա, ինչպես նաեւ «կարուսելների» դեմն առնելու մեխանիզմների բացակայությունը, բողոքարկման անկատար համակարգը, ընտրակաշառքների բացառումը, իրավապահ մարմինների անգործունեությունը: «ԸՕ-ի կոալիցիոն առաջարկները ոչ միայն լուծում չեն տալիս, այլեւ ավելի են խորացնում կասկածները, որ իշխանությունը պատրաստ չէ արդար ընտրություններ անցկացնելու»,- վստահ է Մինասյանը: «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ «սա լեգիտիմ օրենսգիրք չէ», քանի որ չի ձեւավորվում հանրային քննարկումների արդյունքում: Ու մինչ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն ու ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը պայքար էին մղում Արծվիկ Մինասյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանի դեմ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը կարծիք հայտնեց. «Յուրաքանչյուր բանական մարդ հասկանում է, որ ոչ այս «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելու գործընթացը, ոչ այսօրվա մեր քննարկումը որեւէ առնչություն չունեն մեր իրական կյանքի եւ խնդիրների հետ: Յուրաքանչյուր բանական մարդու եթե մենք փողոցում բռնենք եւ հարցնենք՝ հավատո՞ւմ եք, որ ընտրությունների միջոցով հնարավոր կլինի փոխել մեր երկրի վիճակը, կասի՝ ոչ: Իսկ ոչ բանական մարդիկ, ովքեր արդեն հարյուրավորներով են հանդիպում, ասում են՝ միայն գյուլլելով սրանցից կպրծնենք: Դուք ինքներդ եք դրել հասարակությանն այն վիճակում, որ ոչ ոք չի հավատում ձեզ: Բոլորն էլ հասկանում են, որ ամենավատ օրենքով կարելի է շատ լավ ընտրություններ անցկացնել, եթե կա քաղաքական կամք: Կարո՞ղ է՝ գործող օրենսգրքում գրված է վստահված անձին առեւանգել ու ծեծել, կաշառք բաժանել… Ես անձամբ ընտրակաշառքի փաստեր եմ հանձնել ոստիկանությանը, ո՞վ պատժվեց, ի՞նչ եղավ. արդյունքում ինձ տարան՝ նստեցրեցին բանտ»: «Որ ձեր փոխարեն նրանց նստեցնեն կամ էլ ձեզ հետ՝ մեզ էլ տանեն»,- Ռուբինյանին արձագանքեց Արծվիկ Մինասյանը՝ չկիսելով նրա «քաղաքական նիհիլիզմը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել