Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-1

Մարտ 31,2011 00:00

Մարզային հեռուստաընկերությունների մրցութային փաթեթները ոչ պակաս ուշագրավ են, քան հանրապետական սփռման հեռուստաընկերությունների հայտերը, որոնցից, պարզվում է, անգամ պատճենված են դրանք:

«Գրանդ» խումբն ունի
եւս մի կապուղի
Մրցույթից անմիջապես առաջ՝ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին էր գրանցվել «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն, որի մասնակիցների ցուցակում են Երեւանի բնակիչներ Աիդա Սարիբեկի Ղազարյանը՝ 51%, եւ Սամվել Սերյոժայի Սահակյանը՝ 49%: Թեեւ վերջինիս մասնաբաժինը փոքր-ինչ ավելի համեստ է՝ մրցութային առաջարկում հետո նշված է. «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ի ներդրումային եւ զարգացման ծրագիրը իրականացվելու է ընկերության հիմնադիր Սամվել Սահակյանի միջոցներով»: Իսկ «Տավուշ ՏՎ»-ի գործարար ծրագրի համաձայն՝ «Ընկերության հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման ներդրումային գումարը կազմում է 90 մլն դրամ»: Արտոնագիր ստանալուն հաջորդող 6 ամիսների ընթացքում արվելիք այս ներդրումները հիմնականում ուղղվելու են «ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ձեռքբերմանը»:
Թե ովքեր են այս անձինք եւ ինչ շահագրգռություն ունեին թվային հեռարձակում իրականացնելու Տավուշի մարզում՝ մեզ համար պարզ չէր, մինչեւ մրցութային առաջարկի հավելվածներում չընթերցեցինք «Գրանդ կոմերց» ՍՊԸ-ի մասնակիցների՝ 2010 թվականի ապրիլի 11-ին կայացած տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցների արձանագրությունը: Իսկ մասնակիցներն ընդամենը 2-ն են՝ 70% բաժնեմասով՝ Հրանտ Վարդանյանը, եւ 30% բաժնեմասով՝ Սամվել Սահակյանը: Եվ այստեղ վերջապես նույնականացրինք, որ Սամվել Սահակյանն ԱԺ նախկին պատգամավորն է՝ «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:
Ըստ այդմ՝ նախամրցութային պայմանավորվածություններով զրկվելով իրենց տնօրինած նախկին 2 կապուղիներից մեկից, որով հեռարձակում էին իրականացնում հանրապետության տարածքում՝ Հրանտ Վարդանյանի ղեկավարած «Գրանդ» խումբը ստացել է «խրախուսական մրցանակ»՝ հեռարձակում իրականացնելու հնարավորություն Տավուշի մարզում, որտեղ, հիշեցնենք, այս խումբը ծավալում է գյուղատնտեսական գործունեություն, եւ որտեղից պատգամավոր է ընտրվել պրն Վարդանյանի որդին՝ Միքայելը:
Նոր ստեղծված հեռուստաընկերության մասին չկա առանձնակի ասելիք: Միայն մեջբերենք մրցութային առաջարկում տրված խոստումը. «Հանրապետությունում ու մեր մարզում կատարված ու կատարվող բոլոր իրադարձություններն ու հեռանկարային ծրագրերը պիտի լուսաբանվեն եւ հանրությանը ներկայացվեն ամենայն անաչառությամբ: Հեռուստաընկերության գերխնդիրը պիտի լինի բազմակարծության ապահովումը (որը, ցավոք, հաճախ բացակայում է գործող հեռուստաընկերությունների մոտ): Մարզի յուրաքանչյուր բնակիչ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, տարիքից ու սեռից, իրեն պիտի զգա տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնում, հարցազրույցների ժամանակ անկաշկանդ իր կարծիքը հայտնի հեռուստաէկրանից»:
Եվ մի դիտարկում հետեւյալ խոստման վերաբերյալ. «Մեր հայոց լեզուն պիտի հնչի մաքուր ու անաղարտ, զերծ լինի բարբառային ու ժարգոնային տարրերից, որոնցով, ցավոք, հեղեղված է բազմաթիվ հեռուստաընկերությունների հաղորդումների լեզուն»: Ժարգոնի բացառումը ողջունելի է, բայց անհասկանալի է, թե ինչու են որոշել օտարել բարբառը, որը լեզվի պատշաճ եւ անբաժան մասն է:
Մրցութային
առաջարկներն
արտագրե՞լ են իրարից

Երբեւէ առիթ չենք ունեցել դիտելու 1992-ից Ստեփանավան քաղաքում հեռարձակվող «Ֆորտունա» ՍՊԸ-ի հաղորդումները, որն այժմ մրցույթում հաղթելով՝ հնարավորություն է ստացել թվային հեռարձակման ցանցի միջոցով սփռվել ողջ Լոռու մարզում: Այդ բացը փորձեցինք լրացնել նրանց կայքէջի՝ www.fortuna.am-ի միջոցով, որի վերաբերյալ մրցութային առաջարկում նշված է. «Այսօր աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած կազմակերպություն կամ անհատ կարող է ծանոթանալ Ստեփանավանում տեղի ունեցող ամենօրյա իրադարձություններին այդ ինտերնետային էջից»: Ցանկացած անհատ հավաքելով այդ հասցեն, ինչպես եւ մեզ հետ պատահեց երեկ՝ կտեսնի, որ այդ էջը դատարկ է:
Փորձեցինք հեռուստաընկերության մասին պատկերացում կազմել ըստ «Ֆորտունայի» ներկայացրած գործարար ծրագրի: Այստեղ նշել են, թե «նպատակ ունեն ստեղծել այնպիսի հեռուստաալիք, որի օգնությամբ մարզի հեռուստադիտողը իրեն իրապես կզգա համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող անկախ երկրի քաղաքացի»: Դեժավյու: Սա բառացի համընկնում է Հ2-ի մրցութային առաջարկում ամրագրված հետեւյալ խոստմանը, որը ժամանակին մեջբերել ենք. «Հեռուստաընկերությունն արտադրում է եւ նպատակ ունի արտադրել այնպիսի հաղորդումներ, որոնց օգնությամբ հեռուստադիտողն իրեն իրապես կզգա համաշխարհային քաղաքակրթության մաս հանդիսացող անկախ երկրի քաղաքացի»:
Սա միակ համընկնումը չէ: «Ֆորտունան» նշել է. «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»: Էլի դեժավյու: Հիշեցնենք, որ դարձյալ ներկայացրել ենք՝ «Կենտրոն» հեռուստաընկերության մրցութային առաջարկում կար բառացիորեն նույն ձեւակերպումը. «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»:
Կարող էինք շարունակել «Ֆորտունայի» առաջարկից մեջբերումները, որոնք տառացիորեն նույնն են, ինչ իրենց հանրապետական սփռման գործընկերների առաջարկում: Նման բառացի համընկնումները չեն կարող պատահական լինել: Եվ քանի որ «Ֆորտունան» իր մրցութային առաջարկը ներկայացրել է Հ2-ից եւ «Կենտրոնից» 2 օր հետո՝ հոկտեմբերի 29-ին, ըստ ամենայնի, նախապես՝ մինչ մրցույթն է եղել իրարից պատճենելու գործընթացը: Իսկ գուցե այս առաջարկներն ունեն նույն հեղինա՞կը: Կեսկատակ կարող ենք ենթադրել, թե գուցե ՀՌԱՀ-ը մրցութային առաջարկի օրինակելի ձեւանմուշ էր տրամադրել ապագա հաղթողներին:
Սակայն այնպես չէ, թե «Ֆորտունայի» առաջարկն ամբողջապես է համընկնում իրենց գործընկերների հայտերին: Օրինակ, թեեւ «Ֆորտունայում» 60 մլն դրամ ներդրում անելու պատրաստակամության մասին տեղեկանք է տրամադրել մասնավորապես «Տաշիր Ինվեստ գրուպ» ՓԲԸ-ն, հեռուստաընկերությունն ի շարս եկամտի հնարավոր աղբյուրների՝ նշել է. «Պատվերով նկարահանումներ /զանազան միջոցառումներ, ծիսակատարություններ եւ այլն/»: Իսկ «բիզնես գաղափար» ենթաբաժնում իրենց իսկ առաջադրած «ինչ վաճառել» հարցին ի պատասխան՝ «Ֆորտունան» նշել է ոչ միայն «հեռուստատեսային եթերաժամ» տարբերակը, այլ նաեւ «Որակյալ երաժշտական, մշակութային, հումորային եւ այլ ժանրերի նոր տեսաձայներիզների արտադրանք եւ վաճառք»: Մայրաքաղաքային եւ հանրապետական սփռման հեռուստաալիքները հրապարակավ չեն անում նման խոստովանություններ, թեեւ նրանց եկամտի աղբյուրները իրականում շատ էլ չեն տարբերվում վերոշարադրյալից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել