Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՉԼՍԵՑ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ

Մարտ 31,2011 00:00

Երեկ մամուլի ասուլիսում «Սարդարապատ» նախաձեռնության եւ ՀԱԿ անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել ՀԱԿ-ին՝ վերանայել իր մոտեցումները, քանի որ ռեժիմից ազատվելու ձեւն ընտրությունները չեն: Մասնավորաբար, հաջողության հասնելու համար Սեֆիլյանը գտնում է, որ հարկավոր է «ճիշտ համախմբող կոչեր ընտրել»: Նրա կարծիքով, «Լեւոն, նախագահ» լոզունգը օգտակար լոզունգ չէ համախմբման առումով, քանի որ Հայաստանում առկա է ժողովրդի մի հսկայական բանակ, որոնք ընդդիմադիր են այս ռեժիմին, պատրաստ են ակտիվանալու այս ռեժիմի դեմ, սակայն այդ լոզունգի պատճառով նրանք հեռու են մնում այն ակտիվից, որը փողոցում է: Սեֆիլյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին նաեւ կոչ է արել հարթակը տրամադրել երիտասարդներին, եւ հայտարարել, որ ինքը հաջորդ ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Բանախոսը հորդորել է ընդդիմադիրներին մինչեւ ռեժիմի տապալումը դադարեցնել մրցակցությունը՝ հիմնավորելով. «Մրցակցությունից միակ օգտվողը Սերժ Սարգսյանն է: Այն մտքերը, թե նա թուլանում է, ստիպված ինչ-որ քայլեր է կատարում, դատարկ են»: Ժիրայր Սեֆիլյանի առաջարկները ուղղված են հիմնականում Հայ ազգային կոնգրեսին` որպես «ընդդիմադիր դաշտում հիմնական խաղացողի»: Իր առաջարկները Սեֆիլյանն արդեն փոխանցել է ՀԱԿ-ին, սակայն կոռեկտ չհամարեց մանրամասներ հրապարակել, քանի որ «հանդիպումը հրապարակային չի եղել»: Միայն կարծիք հայտնեց, որ եթե Կոնգրեսը չգնա այդ ճանապարհով՝ «կհայտնվի լուսանցքում», իսկ այդ ամենը կիրականացնի «Սարդարապատը»: Երեկ այս առիթով «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ասել է. «Կոնգրեսը «Սարդարապատ»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պահանջների կատարումից հետո երկխոսության միակ առարկան լինելու են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Արտահերթ ընտրությունները Կոնգրեսի օրակարգի առաջնային տեղ են զբաղեցնում»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենք ակնկալում են «քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն եւ Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացում, որոնք այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել