«Ժառանգության» առաջնորդի «ծոմ ազատության» անվանված հացադուլին այսուհետ հաջորդելու է մտավորականների ամենօրյա «լռության ուխտը»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհանննիսյանը երեկ՝ իր հացադուլի 15-րդ օրը, դադարեցրեց այն: Առավոտյան նրան նորից էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ներկայացրել, ինչպես 1in.am-ին փոխանցել էր առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, թե «այսքան երկար շարունակվող հացադուլը նրա տարիքում ինչ հետեւանքների կարող է հանգեցնել»: Շուշան Հունանյանը նաեւ հայտնել էր, որ վերջին անգամ Րաֆֆի Հովհաննիսյանից վերցված արյան նմուշի լաբորատոր ստուգումների արդյունքները ներկա պահին մտահոգիչ են։
«Ազատության այս քաղաքացիական սրբավայրն այս վերջին շաբաթների ընթացքում՝ առանց խտրականության կամ հարանվանության, կամ հատվածապաշտության, դարձել էր այդ նույն արժեքների՝ ազատության, անկախության, ինքնիշխանության, ազգի միասնության հավաքատեղին: Եվ եթե գործող իշխանություններից տակավին չի եղել քաղաքականության մեջ, պահի ճակատագրականության գիտակցման մեջ էական փոփոխություն՝ մենք բոլորս, կարծում եմ, քաղաքական եւ քաղաքացիական ողջ տարապատկերում տեսնում ենք, որ հասարակության մոտ՝ ալեհերից մինչեւ մտավորական եւ հատկապես երիտասարդություն, մենք ապրել ենք ոգու եւ գիտակցության բարձրացման մի հանգրվան»,- հացադուլը դադարեցնելու վերաբերյալ ելույթում նախ ասաց «Ժառանգության» առաջնորդը: «Ես երբեւէ չեմ ակնկալել, որ որեւէ աշխարհիկ կամ հոգեւոր ղեկավար, առաջնորդ գա եւ ինձ խնդրի, որ փոխեմ հացադուլի այս կարգավիճակը»՝ սա նշելով, նա վկայակոչեց «բյուրավոր քաղաքացիների սրտացավ խնդրանքները: Դրան ավելացան վերջին շրջանում ինձ հոգ տանող, հսկող բժիշկների հետազոտությունները, խնդրանքները եւ հորդորները, որոնք արդեն գիտականորեն բարձրաձայնեցին, որ մենք թեւակոխում ենք առավել վտանգավոր եւ անկանխատեսելի շրջան»: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց. «Այդ ամենին, սակայն, ավելանում է մի ընտանեկան, անձնական պահ: Վաղը լրանում է իմ դստեր՝ Շուշիի 18-րդ տարեդարձը: Նրան շնորհավորելով հանդերձ կամ շնորհավորելու համար՝ ես ինձ նաեւ հաշիվ եմ տալու իմ ընտանիքի առաջ: Հայաստանի իմ գործունեության բերմամբ ես թերացել եմ նաեւ իմ հայրական պարտականությունների մեջ»: Եվ այս ամենից հետո նա ասաց. «Ազատության ծոմի առաջին արարը ավարտված համարենք»:
Հացադուլից «Ժառանգության» առաջնորդին հանեց Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հովիվ, տեր Գրիգոր Հովհաննիսյանը՝ աղոթքից եւ օրհնությունից հետո հայտարարելով. «Ավելի մեծ սեր, քան մեկը կարող է իր կյանքը դնել իր բարեկամների համար՝ չկա: Սա մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակն է: Եվ այսօր այդ պատվիրանն էր կատարում իր ծոմապահությամբ պրն Հովհաննիսյանը՝ իր անձը, իր կյանքն ու առողջությունը դնում էր հանուն մեր ազգի եւ հանուն մեր բոլորի»: Ավելի ուշ «Առավոտը» նրանից հետաքրքրվեց, թե արդյոք եկեղեցին այս առումով չի՞ տեսնում այն խախտումները, որոնք վկայակոչել էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեր Գրիգորը պատասխանեց. «Ո՛չ, այստեղ եկեղեցական որեւէ բան չի կատարվել: Զուտ եկեղեցական ծոմապահությունն անձնական բան է՝ հասարակական, ընդհանրական չի: Իսկ այստեղ մարդը հայտարարել էր հացադուլ»: Հիշեցրինք, որ պրն Հովհաննիսյանն իր հացադուլը կոչել էր «ծոմ ազատության», եւ Տեր Գրիգորը պատասխանեց. «Սա ուղղակի անուն էր, քանի որ Մեծ Պահքի հետ էր համընկել: Այստեղ որեւէ այդպիսի բան չկա»:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ մտավորականները որոշել են ամեն օր երեք հոգով գալ Ազատության հրապարակ եւ լռության ուխտ անցկացնել: Նա հավելեց, որ ինքը նույնպես շաբաթը մեկ անգամ կգա Ազատության հրապարակ եւ կունենա քաղաքացիների ընդունելության ժամ: