Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ «ՄԱՐՏԻ 1-Ը»

Մարտ 31,2011 00:00

\"\"Գագիկ Հովհաննիսյանը կարծում է, որ դրա լավագույն տարբերակը «համայն մարդկության» ժամանակակիցը դառնալն է:

«Ո՞րն է այստեղ պախարակության արժանին: Տարակուսանքի եւ կասկածի տեղիք է տալիս այն, որ քաղաքականության մեջ այդչափ բնական եւ անհրաժեշտ երեւույթը՝ երկու թեւերի միջեւ կայացած ենթադրական պայմանավորվածությունը, այդպիսի խուճապ է առաջացնում նրանց ճամբարներում: Եվ ոչ միայն: Իսկ ի՞նչ կդնեին այս անհայտ, հավանաբար չեղած պայմանավորվածության տեղը այդպիսի պայմանավորվածությունը մերժողները: Մարտի մե՞կ, խորհրդարանական ջարդարարությո՞ւն, հրկիզումնե՞ր: Ձերբակալություննե՞ր: Ի՞նչ»,- ոչ հռետորական հարցերի այս շարանն «Առավոտի» հետ զրույցում բարձրաձայնեց ԳԽ նախկին պատգամավոր Գագիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին քաղաքական իրադարձություններից հետո պտտվող խոսակցություններին, թե Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվել են: Իշխանության եւ ընդդիմության՝ միմյանց նկատմամբ դրսեւորած վերջերս նկատվող «զսպվածությունն ու կոռեկտությունը» «Առավոտի» զրուցակիցը համարում է առայժմ մշուշոտ վկայությունը կամ ապացույցն այն բանի, որ վերջապես իրականանում է Եվրախորհրդի՝ դեռեւս 2008-ին դրած երկխոսություն սկսելու պահանջը: «Դիմադրություն, իհարկե, կլինի, մասնավորաբար, երկու թեւերի՝ ընդդիմության եւ իշխանության «ռուսական կորպուսների կողմից», որը նույնիսկ երկխոսության որոշակի փուլում կարող է հանգեցնել այդ կորպուսների միավորման, այսինքն՝ ռուսական գործիչների կամ ավելի ճիշտ՝ գործակալների կողմից արդեն տեւական ժամանակ թմբկահարվող «երրորդ ուժի» ձեւավորման»,- ասում է Գագիկ Հովհաննիսյանը՝ հիասթափեցնելով «այդ գործակալներին», նշելով նրանց թվաբանական ձախողումը, հիշեցնելով, որ «երրորդ ուժ» ստեղծելուց առաջ հարկավոր է ստեղծել նախ՝ երկրորդ ուժ, որը Հայաստանում պարզապես գոյություն չունի: «Որոշ, նույնիսկ շատ բարձր լիազորություններով օժտված անհատների այս ուղղությամբ արվող քայլերը, ցավոք, դեռեւս շոշափելի արդյունք չեն տալիս՝ անկախ նույնիսկ արդեն իսկ ուրվագծվող առաջընթացից: Այո, չկա երկրորդ ուժ՝ գաղափարական, ծրագրային, արժեքային այլընտրանք»,- վստահ է մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ, Հայաստանում քաղաքական բոլոր ուժերը իրարից տարբերվում են բացառապես անվանումներով. «Մնացած ամեն ինչը՝ ազատական, ժողովրդավարական, հեղափոխական, չգիտեմինչական, պարզ բլեֆ է: Ասվածի վկայությունն է թեկուզ այն, որ ժողովրդավարների իշխանության ժամանակ երկրում այդպես էլ ժողովրդավարություն չի հաստատվում: Ազատականների տիրապետության շրջանում տնտեսությունը, չգիտես ինչու, կենտրոնացվում է: Իսկ հեղափոխական կուսակցությունների առկայությամբ ոչ մի կերպ չի հաջողվում հեղափոխություն իրականացնել: Հայաստանում բոլոր ուժերը ռուսական ուղղվածության ուժեր են: Դա է մեր առաջընթացի գլխավոր խոչընդոտը, զարգացման պոտենցիալը ոչնչացնողը, մեր համազգային խնդիրների լուծումն արգելափակողը»: Սակայն ոչ միայն այս, այլեւ մնացած բոլոր խնդիրները, Գագիկ Հովհաննիսյանի համոզմամբ, կունենան լուծում, եթե երկու կողմերը՝ իշխանություն եւ ընդդիմություն, վերադառնան վաղուց մոռացված Եվրախորհրդի բանաձեւերի եւ դրանց առաջադրած պահանջների կատարմանը. «Այդպիսի միտում, այնուամենայնիվ, դրսեւորվում է: Եվ Ս. Սարգսյանի, եւ Լ. Տեր-Պետրոսյանի վերջին ելույթները խոսում են այն մասին, որ տեղի է ունենում ստեղծված կացությունից երկիրը դուրս բերելու ուղղությամբ գործադրվող ջանքերի կենտրոնացման եւ այդ նպատակին հասնելու քաղաքական միջոցների համադրման փորձ: Այս երկխոսությունը չափազանց հեշտ է «շփոթել» վատ իմաստով պայմանավորվածության հետ, ինչն էլ ջանադրաբար արվում է՝ կանխելու ռուսական կորպուսի համար անցանկալի այս գործընթացը: Եվ այս երկխոսությունը ոչ մի դեպքում չի կարելի ներկայացնել որպես մեկի (ընդդիմության) նահանջ եւ մյուսի (իշխանության) հաղթանակ: Սա ավելի լուրջ պրոցես է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Սա, ըստ էության, մարտի մեկի հաղթահարում է, առաջացած քաղաքական անկանխատեսելի հետեւանքներով հղի դիմակայության վերացում, ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական նշանակության շրջադարձ, որը հանգեցնելու է մեր երկրի համար շատ բացասական միտումների՝ տնտեսական անկման, արտագաղթի մեծացման, ներքաղաքական բախումների, իրավիճակի սրման, բարոյահոգեբանական մթնոլորտի այլասերման, բոլոր ոլորտներում հետագա անկման կանխարգելմանը՝ նպաստելով օրինականության հաստատման, կոռուպցիայի դեմ գործնական պայքարի ակտիվացման, ժողովրդավարական ինստիտուտների կազմակերպման եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք ձեռնարկների արդյունավետությանը»:
Շարունակությունը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել