Սուրբ Ծննդյան տոնի «Խաղաղ գիշեր, սուրբ գիշեր» երգն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն) համաշխարհային ժառանգության ցանկում: Սուրբ Ծննդյան տոնի հայտնի երգը «զգալի ավանդ է ունեցել մշակութային բազմազանության պահպանման գործում»: Երգը գրվել է 1818թ. դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին, Ավստրիայի Զալցբուրգ քաղաքին մոտ Օբերնդորֆ գյուղում: Տեքստը գրել է Սուրբ Նիկոլայ եկեղեցու քահանա Յոզեֆ Մորը, իսկ երաժշտությունը՝ երգեհոնահար Ֆրանց Գրուբերը: Երգն առաջին անգամ կատարվել է նույն օրը՝ Սուրբ Ծննդյան հանդիսավոր պատարագի ընթացքում:
Ըստ ավստրիական լեգենդներից մեկի՝ երգը, որը կարելի է հեշտությամբ երգել առանց կիթառի կամ երաժշտական նվագակցության, ստեղծվել է հապճեպ, որովհետեւ մկները կրծել էին եկեղեցու երգեհոնի պարկը: Երգը լայնորեն տարածվել է Եվրոպայում, իսկ գերմաներեն եկեղեցական երգերի երգարաններում ընդգրկվել է 1831թ., ընդ որում՝ դրանցում նշվում էր, որ երգի տեքստի եւ երաժշտության հեղինակներն անհայտ են: Ըստ qahana.am-ի՝ միայն 1854թ. է հաջողվել վերջնականապես պարզել երգի հեղինակներին:
XX դարի սկզբում Օբերնդորֆի եկեղեցին ավերվել է ջրհեղեղի պատճառով: Ներկայումս նրա տեղում կառուցված է փոքրիկ մատուռ, իսկ հարեւան տանը բացվել է «Խաղաղ գիշեր, սուրբ գիշեր» երգի թանգարանը: Պահպանված հեղինակային պարտիտուրներից ամենահինը, որը թվագրվում է 1820թ., պահվում է Զալցբուրգի «Կարոլինո-Ավգուստեում» թանգարանում: